Լրահոս
Օրվա լրահոսը

Արդյո՞ք Եվրամիությունը չի միջամտում Հայաստանի ընտրական գործընթացին․ ԵՄ ընդլայնման հանձնակատար Մարթա Կոսի պարզաբանումը

Մարտ 20,2026 20:55 Share

Եվրոպական Միության ընդլայնման հանձնակատար Մարթա Կոսը Հայաստանում ԱԺ ընտրություններին ընդառաջ իրենց կողմից իշխանություններին ցուցաբերվող օժանդակությունը, որը միտված է հիբրիդային սպառնալիքներին ու օտարերկրյա մանիպուլյացիաներին դիմակայելուն, չի համարում միջամտություն ընտրական գործընթացին։

Այսօր նա Գյումրիում անդրադարձավ այս թեմային՝ լրագրողների հետ ճեպազրույցում պատասխանելով civilnet.am-ի հարցին։ Նա այս համատեքստում անդրադարձ կատարեց նաև Հայաստանի ու Մոլդովայի միջև տարվող համեմատությանը։

«Նախ, իհարկե, դուք չեք կարող համեմատել Մոլդովան Հայաստանի հետ։ Երբ ես նշեցի, որ Հայաստանը և Մոլդովան միասին են՝ ժողովրդավարության կամ ժողովրդավարական ինստիտուտների պաշտպանության իմաստով, գիտեք՝ Եվրոպական միությունը օգնել է Մոլդովային՝ ամրապնդելու իր ժողովրդավարական ինստիտուտները և ընտրական ենթակառուցվածքները, և նույնն անում ենք այստեղ՝ Հայաստանում։

Այսպիսով, դա միջամտություն չէ։ Ինչ էլ մենք անում ենք, անում ենք կառավարության հետ միասին։ Բայց շատ կարևոր է հասկանալ, որ մեր ժողովրդավարությունները գտնվում են հարձակման տակ։ Օրինակ՝ կարո՞ղ եք ունենալ նորմալ ընտրություններ, եթե ընտրությունների օրը էլեկտրականություն չլինի, և համակարգիչները չաշխատեն։ Ահա սա է, երբ մենք խոսում ենք կիբերհարձակումների մասին։

Այսպիսով, այն գիտելիքը, որ մենք ունենք Եվրոպական միությունում, այժմ կիսվում ենք ձեր երկրի հետ, որպեսզի դուք ինքնուրույն կարողանաք իրականում անցկացնել ընտրություններ։ Գիտեք՝ սա ժողովրդավարության ամենակարևոր մասն է։ Կարո՞ղ եք պատկերացնել, որ գնում եք ընտրությունների, և ձեր ձայնը չի հաշվարկվում։ Կամ որ որոշ ձայներ պարզապես արգելափակվում են։

Բայց մենք նաև տեսել ենք Մոլդովայում, ինչպես ավելի վաղ ասացի, որ Ռուսաստանը ներդրել է միլիոնավոր գումարներ։ Դա նաև ուղղված էր ձայներ գնելուն, այսինքն՝ ընտրությունները այլևս արդար չեն լինում։ Այսպիսով, երբ ասում եմ, որ մենք օգնում ենք Հայաստանին, դա իրականում նշանակում է՝ օգնել ամրապնդելու ժողովրդավարական ինստիտուտները, որպեսզի դուք կարողանաք ունենալ ազատ և արդար ընտրություններ։

Բայց սպառնալիքը գալիս է նաև այլ տեղերից՝ ոչ միայն Ռուսաստանից։ Ճիշտ է։ Դուք եք նրանք, ովքեր վերլուծում են կեղծ լուրերը կամ ապատեղեկատվությունը։ Գիտեք՝ թվայնացման ժամանակներում կեղծ լուրերը, ցավոք, տարածվում են շատ ավելի արագ, քան ճշմարտությունը։ Դա նշանակում է, որ ես շատ ուրախ եմ, որ դուք ունեք քաղաքացիական հասարակության կազմակերպություններ, որոնք վերլուծում են այդ ապատեղեկատվությունը և փորձում են ձեզ տրամադրել ճիշտ տեղեկատվություն», ասաց ԵՄ բարձրաստիճան պաշտոնյան։

ԳԱԼԱ-ի լրագրողի այն հարցին էլ, թե այդ ինչպես է ստացվում, որ Եվրոպան Հայաստանի ընտրական գործընթացում նկատում է երևակայական հիբրիդային պատերազմը, որը «հռչակել են» ՀՀ իշխանությունները, բայց չի նկատում ժողովրդավարությանն առնչվող բազմաթիվ խնդիրներ, պատասխանեց․

«Ժողովրդավարությունը ամբողջ Եվրոպայում գտնվում է հարձակման տակ։ Ես չեմ խոսում միայն Մոլդովայի և Հայաստանի մասին։ Մենք տեսնում ենք, որ ավտորիտար ռեժիմները օգտագործում են մեր արժեքներն ու մեր գործելաոճը մեր դեմ։ Այո՛, ես խոսում եմ խոսքի ազատության մասին։ Նրանք ասում են, որ կարող են ստել, կարող են ամեն ինչ ասել։ Այսպիսով, մեր արժեքները օգտագործվում են մեր դեմ։

Այսպիսով, եթե մենք ցանկանում ենք, և ես խոսում եմ ամբողջ Եվրոպայի մասին, որ մեր ժողովրդավարությունները գործեն, մենք պետք է ապահովենք, որ մարդիկ ստանան իսկապես լավ տեղեկատվություն։ Ահա թե ինչու մենք աջակցում ենք մեդիային Հայաստանում։ Խոսքը մեդիայի դիմակայունության մասին է։ Մենք աջակցում ենք քաղաքացիական հասարակության կազմակերպություններին՝ ոչ միայն Հայաստանում, այլ ամբողջ Եվրոպայում։ Եվ, իհարկե, մենք ցանկանում ենք մեր ժողովրդավարությունները դարձնել ավելի դիմակայուն։

Եվս մեկ անգամ՝ սա միայն Հայաստանի մասին չէ։ Անցյալ տարի Եվրոպական միության մակարդակով մենք ընդունել ենք շատ կարևոր ռազմավարություն։ Այն կոչվում է «Ժողովրդավարության վահան»։ Այսինքն՝ ինչպես կարող ենք պաշտպանել մեր ժողովրդավարությունները արտաքին միջամտությունից։ Սա շատ, շատ կարևոր խնդիր է, որը մենք կարող ենք իրականացնել»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031