Լրահոս
Օրվա լրահոսը

«Մարդասպանը կա, գողոնը կա, պետության կողմից գործողություն չկա». Նարեկ Սարգսյանի պաշտպան

Հունիս 19,2025 13:00

Դատարանում հերթական արտառոց իրադարձության ականատեսը դարձանք. վկան իր հետ բերել էր տուժողից գողացած իրերը, որոնք պահել էր իր մոտ, սակայն դատարանը հրաժարվեց իրեղեն ապացույցները զննել, հայտնեց, որ մեղադրանքի ծավալից դուրս չի գա: Ըստ պաշտպանական կողմի, ապացույցը զննելը հիմք կդառնար Նարեկ Սարգսյանի անմեղությունը մեկ անգամ եւս ապացուցելու համար…

Երեւան քաղաքի քրեական դատարանի Շենգավիթ նստավայր (դատավոր՝ Սամվել Յուզբաշյան) ներկայացած վկան՝ Արսեն Մինասի Մինասյանը, դատական նիստերի դահլիճ մտավ սպիտակ վերնաշապիկով, սպիտակ կեպիով: Նախորդ նիստին նա սեւ էր հագնված, փոքր-ինչ խառնված էր: Նա ցուցմունք էր տվել այն մասին, որ ինքն է սպանել Տաթեւիկ Աբրահամյանին, այլ ոչ թե Նարեկ Սարգսյանը, ով երեք տարուց ավելի գտնվում է անազատության մեջ:

Ըստ մեղադրանքի կողմի՝ Տաթեւիկ Աբրահամյանի սպանությունը տեղի է ունեցել 2022թ. մայիսի 5-ին՝ Երեւանում։ Բնակարանում հայտնաբերվել էր 35-ամյա Տ. Աբրահամյանի դին՝ պարանոցի եւ դեմքի շրջանում բռնության հետքերով։ Վերջինս ոստիկանության Կոտայքի մարզային վարչության նախկին պետ, ոստիկանության գնդապետ Ավետիք Աբրահամյանի դուստրն է, աշխատում էր ԵՊՀ-ում՝ որպես դասախոս։ Քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել, ապա՝ կալանավորվել է Տաթեւիկի ամուսինը՝ Մարգավետ համայնքի ղեկավարի որդին՝ Նարեկ Սարգսյանը։ Նարեկ Սարգսյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական գործող օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով՝ առանձին դաժանությամբ սպանության հատկանիշներով։

Հունիսի 5-ի դատական նիստին դեռ վկայի կարգավիճակ ունեցող Ա. Մինասյանին հարցեր էին տվել Նարեկ Սարգսյանի պաշտպանները (պաշտպանական կողմը համալրվել էր նոր պաշտպանով՝ Սերգեյ Հովհաննիսյան-Ռ.Մ), հունիսի 16-ի նիստին հարցեր տվեց մեղադրական կողմը՝ հանրային մեղադրող Գ.Հայրապետյանը:

Վկային մեկ անգամ եւս հարցրեցին, թե դատական գործընթացներին մի՞շտ է մասնակցել, նա հիշեց, թե նիստերը որ դահլիճում են եղել:

Նշեմ, որ այս ապակեպատ դահլիճ նիստերը տեղափոխեցին հունիսի 5-ին, երբ 6-րդ դահլիճում այս վկան հայտարարեց տեղից, թե ինքն է մարդասպանը (ապրիլի 8-ին):

Իսկ հարցին, թե ինչ գործողություններ են կատարվել մինչ այդ, երբ նիստերի գերակշիռ մասին մասնակցել է, նպատակը որն էր, վկան պատասխանեց. «Պռոստը եկել եմ, ռեալ չեմ հասկացել՝ նիստերի հետ կապված: Եկա տենամ, ինչ է լինում»:

Հարցին, որտեղից է իմացել, որ տուժողը մահացել է, նա պատասխանեց՝ լուրերով:

Մեղադրողի հարցին՝ «Գիտակցե՞լ եք, ուր ենք հասել, դատաքննությունը ավարտակա՞ն վիճակում է, ո՞ր փուլում է», վկան պատասխանեց՝ չեմ գիտակցել, գիտակցել եմ, որ պիտի ասեմ ճշմարտությունը:

Հարցին, թե Նարեկ Սարգսյանի պաշտպանների հետ հեռախոսազանգեր ունեցե՞լ է, վկան ասաց, որ չի ունեցել որեւէ զանգ:

Ի դեպ, այս վկան ութամյա կրթություն ունի, Մեյմանդարի շուկայում առեւտուր է արել: Նախորդ դատական նիստին, որին նույնպես մասնակցել, ձայնագրել եւ ռեպորտաժում անգամ նշել եմ, այս վկան ասաց, որ տաքսիով տասներկուսին եկել է դեպքի վայր: Երեկ նա «հիշեց», որ մինչ տասներկուսը գնացել է պոմիդոր գնելու:

«Պոմիդոր» դրվագը նոր էր: Ասաց, որ գինը ձեռք չի տվել: Առեւտուր անողներն ասել էին, որ բարձած մեքենան գալու է. «բիրիքի գնով տալիս է»: Վայրի հետ կապված ասաց, որ Խարբերդի մոտ է եկել, գյուղի անունը խառնում է, ապրանքի տիրոջից տեղում իմացել է գինը:

«Պոմիդորի վայրում», թե ինչքան ժամանակ է եղել, չկարողացավ ասել. կես ժամ, թե մի ժամ: Չհիշեց, տաքսիստին ինչքան է վճարել, ասաց, վճարել է «ահագին, չեմ հիշում, բայց ինչքան»:

Մեղադրական կողմը ակնարկեց, որ պաշտպանության կողմի հարցերին պատասխանում էր, իսկ իրենց հարցերի գերակշիռ մասին պատասխանում է՝ չեմ հիշում:

Վկան չհիշեց, թե դեպքի օրը ինչ եղանակ էր, ինչը նկատեց նորից մեղադրական կողմը. «Ուրիշ հանգամանքներ ինչու հիշեցիք, իսկ սա չեք հիշում»:

Վկան, որ անընդհատ ջուր էր խմում, հիշեց, որ դեպքի օրը շփվել է Նարեկ Սարգսյանի հետ, զանգել է նրան, Նարեկն ասել է՝ գնում եմ երեխաներին վերցնեմ, տանեմ գյուղ: Դա դեպքի օրը ժամը վեցի-յոթի կողմն էր:

Նա չգիտեր, թե ինչու են տուժողն ու երեխան առանձին բնակվում Ադոնցի փողոցում, տեղյակ չէր, քանի որ հետաքրքիր չէր:

Նա նաեւ հիշեց, որ երեխան Երեւանի մանկապարտեզ էր գնում, Տաթեւն աշխատում էր, բայց չգիտեր, թե ինչ:

«Բանալիներ» դրվագը նույնպես հետաքրքիր էր: Իր մոտ մի հատ է եղել: Խրձից հասցրել է հանել, երբ Նարեկը մեքենայի մեջ չի եղել:

Երբ դեպքի օրը գնացել է նրանց տուն, մտածել է, որ իրենք տանը չէին:

Մեղադրողին զարմանալի թվաց, այդ ժամին նման մտադրությամբ գնալը, հիշեցրեց, որ «Նախկինում գողությունների համար դատապարտվել եք, հետքերի հետ կապված «եղանակներին» տիրապետում եք», ինչին հետեւեց վկայի պատասխանը՝ «Այնպես չէ, որ եղանակներին տիրապետում եմ, բայց այդ ժամին գնացի»:

Նախորդ նիստին վկան ասել էր, թե չի հիշում՝ տան լույսերը վառ էր, թե ոչ:

Ասաց, որ միջանցքինը վառ էր, անակնկալի է եկել, որ տանը մարդ կա, փակել է դուռը, իմացավ՝ տանը մարդ կա, Տաթեւիկն էլ ուզում էր դուրս գալ:

Թե որքան են տեւել տուժողի բղավոցները՝ չկարողացավ ասել: Նշել, որ ձայնի համար էր բերանը փակել: Նպատակ չի եղել, խալաթի գոտին չհասկանալով է ձեռների մեջ պահել, իսկ տուժողի ուշքը երբ գնացել է, ընկել է: Նա չի նկատել Տաթեւի վրայի վնասվածքները, չի տեսել տուժողի մոտ հեռախոս կար, թե ոչ:

Հեռախոսի զանգի ձայն չի լսել, երբ այնտեղ էր:

Բայց եւ չժխտեց, որ ձեռքերն է բռնել, մարմինը, թեւերը, փորձել է ձեռքերով հանդարտեցնել, ձայնը կտրել, վնասվածքները կարող է այդ ժամանակ առաջացած լինեն:

Նախաքննության մարմինը նկարագրել էր տուժողի վնասվածքները՝ «աջ ականջախեցու, կրծքավանդակի, աջից գոտկային, աջ սրունքի շրջանների, քերծվածքներ աջից վերին կոպի, ստորին շրթունքի, ձախ կրծքագեղձի, կրծքավանդակի, ձախ նստատեղի, աջ բազկի, ձախ նախաբազկի, դաստակի, աջ կոնքազդրային հոդի, զույգ ազդրերի, ձախ ծնկահոդի, աջ ոտնաթաթի շրջանների արյունազեղումների ձեւով մարմնական վնասվածքներ, կզակի, պարանոցի շրջանների բազմաթիվ քերծվածքներ, արյունազեղումներ, մաշկի տակ քերծվածքների պրոյեկցիայով, վահանագեղձում, վահանաճառի եւ կոտրվածք»:

Վկան չհիշեց, ինչ դիրքով է տուժողը ընկել. դեմքի՞ վրա, թե՞ այլ դիրքով: «Իմ վրա հաստատ չի ընկել»,-ասաց նա:

Կրկին հարց տրվեց հագուստների մասին:

Վկան նախորդ նիստին հայտնել էր, որ տուժողի հագին միայն ներքնազգեստ է եղել, խալաթ, գուլպաներ չի հիշում կար, թե ոչ, նա Տաթեւին «սառոժկայատիպ մի բան» էր հագցրել, որ իր հետեւից եկողներ եթե լինեն կամ Տաթեւը երբ ուշքի գա, չգտնեն մերկ. «չմտածեին, թե սիրային կապ կարող է լինի: Չեմ մտածել, որ մահացած է, ես այդ նպատակով չեմ գնացել, պռոստը ուզել եմ լռեցնել: Չեմ փորձել, շնչառություն ունի, թե ոչ: Զարկերակը չեմ ստուգել»:

Մեղադրողը հակասություն նկատեց անկողնում Տաթեւիկի դիրքի վերաբերյալ:

Ըստ վկայի, տուժողի գլուխը պատուհանի կողմն է եղել: Չհիշեց՝ սավան կար, թե ոչ, հիշեց, որ տեղաշորը բացված էր:

Նկարագրեց ննջասենյակը՝ կառավաթը, տմբուչկեն, հարթուկի սեղանը, հիշեց, որտեղ էր՝ տմբուչկայի շարունակության հատվածում էր, չհիշեց, թե գարդիրոբ կար, թե ոչ (մոռացել էր, որ նախորդ նիստին հայտնել էր, թե հագուստ էր վերցրել այդտեղից-Ռ.Մ.):

Դատաքննության ժամանակ հետազոտվել էին դեպքի վայրի զննության արձանագրությունը, դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը:

Վկան չհիշեց հագուստների վրա նշաններ կայի՞ն, թե՝ ոչ: Մեղադրողը հրապարակեց, թե ինչպես են զոհին հայտնաբերել. նա մոխրագույն գուլպաներով էր, սեւ գույնի կիսաթեւ մայկայով, սեւ սպորտային վերնազգեստով, երկարաթեւ, սպորտային մոխրագույն անդրավարտիքով: «Սարոժկայատիպ բան չկար, դո՞ւք եք հագցել» հարցին ասաց, թե նախորդ նիստին ինքը ասաց, որ «սառոժկայատիպ հագուստ որ հագցրել է, կոճակներով էր, ցեպով չէր»: Հարցին, թե «երկու վերնազգեստ հագցնելու իմաստը ո՞րն էր, երբ շտապում էիք բնակարանից դուրս գաք……կարո՞ղ է, դուք չեք հագցրել», պնդեց, որ Տաթեւիկը մերկ էր, չկարողացավ գտնել պատասխանը:

Վկան հենց այդ ժամանակ փորձեց դադար վերցնել, ասելով՝ վատ է զգում, բայց դատարանում շարունակվեց հարցաքննությունը:

«Գուլպան դո՞ւք եք հագցրել», մեղադրողի հարցին դեռ վկան չէր պատասխանել, երբ պաշտպանական կողմը առարկեց, ինչը դատարանի կողմից ընդունվեց: Նախորդ նիստին վկան ասել էր՝ չի հիշում, գուլպան ինքն է հագցրել, թե ոչ:

«Դետալային հարցեր են, մանրամասն հարցաքննում եմ: Այդ առարկություններով ուր ենք գնում»,-հարցրեց մեղադրական կողմը, երբ պաշտպանական կողմը առարկում էր, ասելով, թե կրկնվում են հարցերը:

Պաշտպանական կողմը հիշեցրեց մրցակցության հավասար սկզբունքի մասին, իսկ նախագահող դատավորը խոսեց խաչաձեւ հարցաքննության մասին:

Հստակեցմանը, թե ապտակից հետո է տուժողը ընկել, հարցը կրկնվեց, ինչին վկան ասաց. «Ապտակից չի ընկել: Երբ փորձել է դուրս գնալ»:

Դրամապանակի հետ կապված վկան հայտնեց, որ երբ տուժողը վայր ընկավ, այդ ժամանակ է գումարը վերցրել:

Դարակի մեջ էր: Զարդերը ներսում էին, դրամապանակը՝ տմբուչկայի վրա:

Քանի դարակ կար, չէր հիշում, չի կենտրոնացել դրա մեջ: Բաց է եղել, դա է նկատել:

Կատարվածից հետո վկան սպասել էր, որ առաջին հարկում մարդիկ կային, հեռանային, որ իջներ: Երրորդ հարկից:

Նկատենք, որ շտապօգնություն զանգահարելով, Նարեկ Սարգսյանը հայտնել է, թե ինքն է հրել կնոջը, նա ընկել է, ուշագնաց է եղել, ժամը 01. 23-ին:

Վկան չկարողացավ պատասխանել, թե Նարեկ Սարգսյանն ինչու է նման բան հայտնել:

Հուլիսի 2-ին Նարեկ Սարգսյանի խափանման միջոցի հարցի հետ կապված պաշտպանական կողմը մի քանի միջնորդություններ է պատրաստում:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
18.06.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30