Սկիզբը՝ այստեղ:
Լայնորեն քննարկվում է Անկարայի ու Բաքվի հակասական քաղաքականությունն ընդդեմ Իրանի
Իսրայելի ու Իրանի միջեւ ռազմական գործողությունների արդյունքում տարածաշրջանային բարդ ու անորոշ իրավիճակում առանձնակի ակտիվություն են ցուցաբերում Թուրքիան ու Ադրբեջանը:
Իրանի նկատմամբ Իսրայելի հարձակումից մեկ օր անց հեռախոսազրույց էին ունեցել Թուրքիայի եւ Ադրբեջանի նախագահները: Ըստ պաշտոնական հաղորդագրության` նրանք մտահոգություն էին հայտնել Իրանի եւ Իսրայելի միջեւ իրավիճակի սրման վերաբերյալ, նշել էին սրացումը արագ վերացնելու կարեւորությունը եւ ընդգծել էին խնդիրները բանակցությունների միջոցով լուծելու անհրաժեշտությունը։
Կարդացեք նաև
Հեռախոսազրույց էին ունեցել նաեւ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը եւ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը: Թուրքիայի ԱԳՆ-ից հայտնել էին, որ նախարարները քննարկել են Իրանի եւ Իսրայելի միջեւ ռազմական բախումների շուրջ ստեղծված իրավիճակը:
Իսկ հունիսի 14-ին Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ հեռախոսազրույցի ընթացքում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հանկարծ հայտարարեց, թե Ադրբեջանը երբեք թույլ չի տա իր տարածքն օգտագործել երրորդ երկրների, այդ թվում՝ հարեւան եւ բարեկամ Իրանի դեմ: Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության համաձայն՝ կողմերը նաեւ ընդգծել էին լարվածության թուլացման եւ խնդիրները դիվանագիտական ճանապարհով լուծելու անհրաժեշտությունը։
Այնուհետեւ տեղեկություն ստացվեց, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ընդունել է Պաղեստինի պետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Ահմեդ Մետանիի հավատարմագրերը, ու հայտարարել` Ադրբեջանը միշտ աջակցել է Պաղեստինի ժողովրդի օրինական պահանջներին, Իսրայելա-պաղեստինյան հակամարտության լուծմանը՝ հիմնված երկու պետությունների լուծման եւ ՄԱԿ-ի համապատասխան բանաձեւերի վրա, ինչպես նաեւ Պաղեստինի արդարացի դիրքորոշմանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Պաղեստինի հարցի վերաբերյալ կայացած քվեարկության ժամանակ։
Ի՞նչ էր թաքնված պաշտոնական Բաքվի հրապարակային այս հայտարարությունների տակ… Քիչ անց սկսեցին տարբեր ուշագրավ տեղեկություններ էլ շրջանառվել:
Պաշտոնական Անկարան եւս ակտիվ է: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունիսի 14-ին հեռախոսազրույց էր ունեցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։ Նրանք քննարկել էին Իսրայելի եւ Իրանի միջեւ լարվածության սրումը։ Նշվել էր, որ Էրդողանը դատապարտել է Իսրայելի կողմից Իրանի վրա հարվածները որպես միջազգային իրավունքի կոպիտ խախտում, հավելել էր, որ այս գործողությունները նպատակ ունեն «ամբողջ տարածաշրջանը ներքաշել պատերազմի կրակի մեջ» եւ խափանել միջուկային բանակցությունները։ Ըստ Թուրքիայի նախագահի` Իսրայելը փորձում է շեղել միջազգային հանրության ուշադրությունը «Գազայի ցեղասպանությունից»՝ Իրանի հետ լարվածություն սկսելով։
Հունիսի 15-ին Էրդողան-Թրամփ հեռախոսազրույցի ժամանակ Թուրքիայի նախագահը նկատել էր, թե Իսրայելի հարձակումները Իրանի վրա հանգեցրել են «անդառնալի տնտեսական եւ քաղաքացիական վնասների» երկու կողմերի համար եւ շեշտել, որ պետք է դադարեցնել այս վտանգավոր էսկալացիան։
Հաղորդվեց նաեւ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Դոնալդ Թրամփին առաջարկել է Անկարայի միջնորդությունը Իսրայելի եւ Իրանի միջեւ հակամարտությունը հանգուցալուծելու հարցում։ Էրդողանը, ըստ Թուրքիայի նախագահականի, ողջունել էր Թրամփի հայտարարությունը՝ Իրանի եւ Իսրայելի միջեւ հնարավոր խաղաղության մասին, եւ կոչ էր արել նրան անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ կանխելու աղետը, որը «կարող է կրակի տալ տարածաշրջանը»։
Ավելի վաղ Թուրքիայի նախագահը հեռախոսազրույց էր ունեցել Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմեդ բին Սալմանի հետ, եւ հայտարարել էր, որ Բենիամին Նեթանյահուի գլխավորությամբ Իսրայելը «տարածաշրջանի կայունության եւ անվտանգության համար ամենամեծ սպառնալիքն է» եւ կրկին ցույց է տվել դա՝ հարձակվելով Իրանի վրա։ Թուրքիայի նախագահը նշել էր, որ լարվածությունը նվազեցնելու համար պետք է կանգնեցնել Իսրայելին։ Նրա խոսքով՝ «միջազգային հանրության անգործությունը Պաղեստինում Իսրայելի օկուպացիայի եւ ցեղասպանության նկատմամբ միայն խրախուսել է Թել Ավիվի ագրեսիան»։
Մինչդեռ թե՛ Թուրքիայի, թե՛ Ադրբեջանի կողմից վարվող քաղաքականության մասին լիովին այլ տեղեկություններ էին հրապարակվում:
Ադրբեջանի պետական լրատվամիջոցները զայրույթով էին արձագանքել Թուրքիայում հրապարակված այն հոդվածներին, որոնք մեղադրում են Բաքվին Իսրայելին օգնելու մեջ՝ Իրանի դեմ գործողություններում։ Ադրբեջանը, որը համարվում է Իսրայելի ամենամոտ դաշնակիցներից մեկը, կոչ է արել «եղբայրական Թուրքիայի» իշխանություններին պատժել այդ լրագրողներին։
Թուրքական մամուլում հնչած մեղադրանքները հարուցել էին բուռն արձագանք Բաքվում։ Ադրբեջանի իշխանական մամուլը նման հրապարակումներն անվանել էր «դավաճանություն»՝ ընդգծելով, թե «դա նման է հայերի հետ համագործակցությանը»։ Ամերիկացի լրագրող Լինդսի Սնելի փոխանցմամբ՝ սա վկայում է այն լարվածության մասին, որ առկա է Ադրբեջանի եւ Թուրքիայի մեդիա-շրջանակների միջեւ՝ հատկապես մերձավորարեւելյան տարածաշրջանային հակասությունների ֆոնին։
Իր հերթին, իսրայելական «Haaretz»-ում հրապարակվել էր ուշագրավ հոդված Ադրբեջան-Իսրայել համագործակցության մասին։ Նշվում էր, որ Ադրբեջանը շարունակում է նավթի վաճառքը Իսրայելին՝ չնայած Թուրքիայի դժգոհությանը։ Ըստ «Haaretz»-ի աղբյուրների՝ Բաքուն խոստացել է Իսրայելին՝ շարունակել ռազմավարական էներգետիկ համագործակցությունը՝ չնայած անցյալ տարի նավթի արտահանման պաշտոնական դադարեցմանը։
Հոդվածում հիշեցնում էին, որ Անկարան նախորդ տարվա մայիսին խզեց առեւտրային հարաբերությունները Իսրայելի հետ՝ Գազայի պատերազմում Իսրայելի գործողությունների եւ Թուրքիայի կողմից շրջափակված Պաղեստինին օդային հումանիտար օգնություն ուղարկելու թույլտվությունը չտալու պատճառով։ «Թուրքիայի մի շարք ընդդիմադիր կուսակցություններ եւ հասարակական գործիչներ քննադատել են նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարությանը՝ մեղադրելով նրան Իսրայելին ադրբեջանական նավթով ապահովելը շարունակելու մեջ։ Ցուցարարները բողոքներ են կազմակերպել նաեւ Ստամբուլում գտնվող SOCAR-ի՝ Ադրբեջանի պետական նավթային ընկերության գրասենյակի առջեւ»,-նշվել էր հոդվածում։ Նաեւ հիշեցրել էին Լեռնային Ղարաբաղի հարցում Իսրայելի ցուցաբերած օժանդակությունը. «Իսրայելը ռազմական եւ դիվանագիտական աջակցություն է ցուցաբերել Ադրբեջանին 2023թ. սեպտեմբերին Հայաստանի դեմ իրականացված հարձակման ժամանակ, որի արդյունքում Ադրբեջանը վերահսկողություն սահմանեց վիճահարույց Լեռնային Ղարաբաղի նկատմամբ»։ Այնուամենայնիվ, հոդվածում նշվել էր նաեւ, որ` «2023թ. նոյեմբերին կատարված վերլուծությունը վկայում է այն մասին, որ չնայած Անկարայի առեւտրային էմբարգոյին՝ պատերազմական գործողությունների պատճառով, Թուրքիայից դեպի Իսրայել հում նավթի «համակարգված առեւտուր» է իրականացվել»։
Իսրայելի ու Իրանի միջեւ ծավալվող ռազմական գործողություններին զուգահեռ մեծացել են անհանգստությունները Հայաստանի անվտանգության հետ կապված։ Բոլորի համար պարզ է, որ այս առճակատումը կարող է բացասական հետեւանքներ ունենալ Հայաստանի վրա` թե՛ անվտանգային, թե՛ տնտեսական առումով։ Նախիջեւանը դարձել է Հարավային Կովկասում ամենառազմականացված կետերից մեկը: Թուրքիայի եւ Ադրբեջանի ռազմական ակտիվությունն ակնհայտ է Հայաստանի սահմաններին, մասնավորապես սահմանակից Նախիջեւանում անցկացվող համատեղ զորավարժություններ են մեկնարկել։
Այս ֆոնին բոլորովին պատահական չէր հունիսի 13-ին` Իսրայելի հարձակումից հետո, Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւի հայտարարությունը, թե Բաքուն Երեւանից քայլեր է ակնկալում «Զանգեզուրի միջանցքի» բացման ուղղությամբ։
Ուշագրավ էին նաեւ Իրան-Իսրայել լարման ֆոնին Թուրքիայի ու Ադրբեջանի պաշտոնական դիրքորոշումներին զուգահեռ ադրբեջանական քարոզչամեքենայի մանիպուլյացիաները: Ադրբեջանական որոշ տելեգրամյան ալիքներում փորձում են ընդդեմ Հայաստանի տարածել ակնհայտ կեղծ եւ փաստազուրկ տեղեկատվություն, որոնց հիմքում թիրախում են հայտնվել հայ-իրանական եղբայրական հարաբերությունները։
Ակնհայտ է, որ Ադրբեջանում փորձում են «մոռացության տալ» անհերքելի փաստեր, որոնց մասին բազմիցս գրվել է: Այսպես, Ադրբեջանը տարածաշրջանում Իսրայելի հիմնական հենակետն է, Ադրբեջանի տարածքում տարիներ շարունակ տեղակայված են իսրայելական հետախուզական համակարգեր, որոնց հիմնական թիրախը Իրանն է։ Համացանցում շրջանառվում էին տարբեր տեղեկություններ, որ Իսրայելի հետախուզական անօդաչու սարքերն օգտագործվում են հենց Ադրբեջանի օդային տարածքից՝ Իրանի նկատմամբ լրտեսական գործողությունների համար։ Եվ ի վերջո, անհերքելի փաստ է, որ Բաքվի եւ Թել Ավիվի հարաբերությունները ռազմավարական մակարդակի են:
Իրականում, վերջին օրերին Իրանից ավելի ու ավելի հաճախ են հնչում մեղադրանքներ հենց Ադրբեջանի ուղղությամբ: Ըստ իրանագետների` փորձագիտական եւ վերլուծական շրջանակներում մեծ թափ է հավաքում այս պատերազմում Ադրբեջանի մասնակցությանը վերաբերող խնդիրների քննարկումը, եւ իրավիճակը հասել է նրան, որ այդ թեմայով հրապարակումներ են հայտնվում արդեն իրանական ամենահայտնի լրատվամիջոցներում։
Ըստ պատմաբան Արմեն Այվազյանի` վերջին օրերին Իրանում ձերբակալվել են բազմաթիվ լրտեսներ ու դիվերսանտներ, որոնք երկրի ներսում իրականացնում էին ահաբեկչական գործողություններ՝ փոքր եւ միջին չափսի կամիկաձե ԱԹՍ-ների, ինչպես նաեւ պայթեցումների միջոցով։ «Կասկած չկա, որ հետաքննության եւ հարցաքննությունների ընթացքում բացահայտվելու է ադրբեջանական եւ թուրքական հատուկ ծառայությունների ներգրավվածությունն այդ գործողություններից շատերում։ Արդեն իսկ բաց աղբյուրներում առկա են տեղեկություններ, որ բազմաթիվ ԱԹՍ-ներ հարվածում են Իրանի հյուսիսային շրջաններին հենց Ադրբեջանից։ Ամբողջ հարցն այն է, թե երբ եւ ինչպես Իրանը կպատասխանի Ադրբեջանին եւ Թուրքիային՝ շուտո՞վ, թե՞ Իսրայելի հետ պատերազմելուց հետո՝ առավել հարմար պահին։ Ամեն դեպքում, այդ պատասխանը կներառի Հայաստանի հետ իրական ռազմավարական դաշինքի հաստատում եւ էական ռազմական աջակցության ապահովում»,- նշել է Այվազյանը։
Իրավիճակը տարածաշրջանում խիստ վտանգավոր է, եթե չասենք` պայթյունավտանգ: Վերջին օրերին ականատես ենք դառնում խորամանկ դիվանագիտության գործարկման, երեսպաշտության, մոլորեցնող հրապարակային շռայլ հայտարարությունների: Այս իրադրությունում ծայրահեղ զգուշավորություն է անհրաժեշտ, հաշվարկված ու ծանրակշիռ քաղաքականություն:
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
18.06.2025