Նիկոլ Փաշինյանը շարունակում է հետևողականորեն իրականացնել ազգայինի դեմ պայքարը։ Հերթական արարը բարեգործ, ռուսաստանահայ գործարար Սամվել Կարապետյանի, նրա ընտանիքի դեմ իրականացվող արշավն է։
Օբյեկտիվորեն տեղի ունեցողին տրվող առաջին գնահատականները կապված են ներքին կամ արտաքին քաղաքական կոնյունկտուրայի հետ։ Դրանք այս կամ այն չափով հիմնավոր են, բայց այդքանով հանդերձ՝ արտահայտում են կատարվողի սոսկ արտաքին շերտը։
Մինչդեռ, Փաշինյանի արածը՝ լուծելով բոլոր իրավիճակային խնդիրները, միևնույն ժամանակ, իսկ գուցե դրանցից առավել հետապնդում է այլ՝ շատ ավելի հիմնարար նպատակներ։ Հայաստանի փաստացի ղեկավարը մեթոդաբար, ոսկերչական ճշտությամբ պայքարում է բոլոր այն կառույցների, ինստիտուտների, հասկացությունների ու անհատների դեմ, որոնք որևէ չափով կապված են ազգայինի, հայկականության հետ։ Եվ այդ գործընթացը թեև սկսվել է 2018-ի հեղափոխություն կոչվածից անմիջապես հետո, բայց ակտիվացել է հատկապես 2021թ․ ընտրություններից հետո։
Փաշինյանը հայկական ինքնության դեմ պայքարը սկսեց Հայոց պատմությամբ՝ այն վերանվանելով «Հայաստանի պատմություն», հետո ընդհանրապես անվանարկեց պատմական ամենայնը՝ իր համար մտասևեռում դարձած «իրական Հայաստանը» հակադրելով պատմական Հայաստանին։ Ինքնության, պետականության, ազգայինի դեմ պայքարն ամբողջացավ «Այստեղ հաց, այստեղ կաց» ցնորամտությամբ, որով ազգայինը՝ որպես պետականության հիմնասյուն, փոխարինվեց նյութականով, այնուհետև ազգային Սփյուռքը հռչակվեց ապապետական և հայտարարվեց «պետականամետ Սփյուռք» ստեղծելու մասին, իսկ Հայ Առաքելական եկեղեցու դեմ պայքարը դարձավ այս շարքի հերթական, սակայն ամենաաղմկոտ արարը։
Անկախ կապիտալի ծագման վայրից, Կարապետյանների կապիտալի ֆունկցիոնալ նշանակությունն ազգային է, ինչը հակոտնյա է Փաշինյանի գլխում կատարվող կենսաքիմիական գործընթացների արդյունքում ծնված անառողջ մտասևեռմանը կամ այլ ուղեղային կենտրոններում մշակված պլանին։ Այսպիսով, մինչ հասարակության՝ նյութամտավոր իմաստով ընչաքաղց հատվածն իր բնազդային խրախճանքն է ապրում «հատիկ առ հատիկ» թատրոնով, Փաշինյանը հատիկ առ հատիկ փորձում է վերացնել հայկական ինքնության, ազգային նկարագրի բոլոր բաղադրիչները։
Հարություն ԱՎԵՏԻՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ»-ում։
Նկարը գեներացված է արհեստական բանականության միջոցով: