Լրահոս
Օրվա լրահոսը

Նույնիսկ թաղային հեղինակություններն իրենց երբեք թույլ չեն տա եկեղեցու մասին նման բանաձեւումներով խոսել. Խոսրով Հարությունյան. «Հրապարակ»

Հունիս 19,2025 11:06

«Հրապարակի» զրուցակիցը ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանն է:

– Մինչ հարեւան Իրանում ռազմական գործողությունները նոր թափ են հավաքում, եւ հայտնի չէ, թե ինչ կարող է տեղի ունենալ Հայաստանում, ՀՀ վարչապետը որոշել է շարունակել հոգեւորականների «կեղտոտ սպիտակեղենը» փորփրելու գործը` գռեհիկ բառապաշար կիրառելով: Իսկ երեկ նրա անձնական հրամանով ձերբակալվել է գործարար Սամվել Կարապետյանը` Եկեղեցուն աջակցություն հայտնելու համար: Ի՞նչ գնահատական կտաք այս պրոցեսներին: Ինչո՞ւ է Փաշինյանն այս բարդ փուլում որոշել պայքարել Եկեղեցու, նաեւ՝ Եկեղեցուն սատարողների դեմ:

– Մերձավոր Արեւելքը եռում է, Մերձավոր Արեւելքի բոլոր ժողովուրդները լցված են այժմ տագնապով, յուրաքանչյուրի համար իրավիճակը կարող է ճակատագրական լինել, բառի բուն իմաստով, այս առումով Հայաստանը չի կարող բացառություն լինել: Առանց այդ էլ մենք գիտենք, որ Արեւմուտքից եւ Արեւելքից մեր տարածքային ամբողջականության եւ սահմանների անձեռնմխելիության առումով ինչպիսի հավակնություններ ու ռազմաքաղաքական ճնշումներ են կիրառվում, մենք, փաստորեն, զբաղված ենք այլ հարցերով…. նման պայմաններում որեւէ ողջամիտ քաղաքական գործիչ, էլ չեմ ասում՝ պետության ղեկավար, առաջին հերթին պետք է զբաղվեր հնարավոր մարտահրավերները դիմագրավելու փորձերով, պետք է քայլեր մշակեր, եւ դա պետք է իր համար այս շրջանում լիներ առաջնային հարցը: Մենք ընդհանրապես չունե՞նք մտահոգվելու կարիք, այսինքն` մեր անվտանգությունը, որ առանց այս զարգացումների էլ վտանգի տակ էր` փխրուն, եթե չասենք՝ անկայուն վիճակում, չեն կարեւորում, չեն էլ փորձում համապատասխան քայլեր ձեռնարկել: Ինձ համար այս վարքագիծն առնվազն տարօրինակ է` որպես նախկին վարչապետ, որպես նախկին ԱԺ նախագահ: Այլ պետություններում նման իրավիճակներում իշխանությունն ամեն գնով փորձում է հասնել հնարավոր կոնսոլիդացման, միասնականության, իսկ մեզ մոտ արվում է հակառակը: Մենք տեսնում ենք, թե ինչպես են ազգապահպան գործում ամենակարեւոր ազգային ինստիտուտը` Հայ առաքելական եկեղեցին, հալածանքների ու արշավների ենթարկում, բարոյական բոլոր հնարավոր նորմերի խախտմամբ: Լեքսիկոնի մասին էլ չենք խոսում: Անգամ փողոցային, թաղային լեքսիկոնում չկան նման բառեր: Հայհոյախոսությունը մեր բառապաշարում գերակա է դարձել: Անգամ այնպիսի բառեր է ասվում հոգեւորականների մասին, որ նույնիսկ չեմ ցանկանում մեջբերել, ամոթալի է շատ, հարիր չէ անգամ փողոցին: Նույնիսկ թաղային հեղինակություններն իրենց երբեք թույլ չեն տա եկեղեցու մասին նման բանաձեւումներով խոսել: Ես քաղաքի տղա եմ, մեծացել եմ քաղաքում, նման բան երբեք չեմ տեսել:

– Սամվել Կարապետյանին Փաշինյանը մեղադրում է իշխանությունը զավթելու նպատակով կոչեր անելու մեջ: Ի՞նչ է սա նշանակում: Արդյո՞ք Եկեղեցուն աջակցելն իշխանազավթման փորձ է:

– Եթե Սամվել Կարապետյանն իշխանություն զավթելու ցանկություն ունենար, ապա նա վաղուց կարձագանքեր իշխանություններին` բազում առիթներով, այդ թվում՝ մեր պետության եւ պետականության ինստիտուտների կազմաքանդմանը միտված քայլերին կարող էր արձագանքել: Սամվել Կարապետյանն ընդամենը Հայ առաքելական եկեղեցու հետեւորդին հարիր արձագանք է տվել՝ իր պատրաստակամությունն ու աջակցությունը հայտնելով Հայ առաքելական եկեղեցուն, ինչը շատ նորմալ է: Այն, որ Կարապետյանն ասում է՝ մենք մեր ձեւով ենք միջամտելու եկեղեցու դեմ արշավին, այդտեղ բնավ չկա իշխանազավթման փորձ, դա ընդամենը աջակցության խոսք է՝ եկեղեցին իշխանական հարձակումներից պաշտպանելու համար: Չգիտեմ, թե ինչպիսի վառ երեւակայություն է պետք ունենալ՝ Կարապետյանի հայտարարությունն այլ կոնտեքստում ընկալելու համար:

 Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30