«Հարգելի արցախահայեր, ձեզ բոլորին խաբել են, որ այդ շարժումը լուծարեն, թուլացնեն ու էդ հիման վրա էլ տրված են եղել էդ խոստումները»,-կառավարության մոտ ցույցի ժամանակ, լրագրողների հետ զրույցում ասաց «Վերածնվող Արցախ» նախաձեռնության ղեկավար Անաստաս Իսրայելյանը։
Այսօր կառավարության շենքի մոտ կրկին ցույցի էին հավաքվել արցախցիները՝ պահանջով վերանայել կառավարության սոցիալական ծրագրերը՝ արցախցիներին տրամադրվող օգնությունները դարձնելով անժամկետ, մինչեւ մարդկանց խնդիրները լուծում ստանան։
«Մի հավատացեք՝ բոլորը ձեզ խաբում են՝ մի կողմը աթոռ պահելու կռիվ է տանում, մյուսը՝ աթոռին հասնելու․ արցախահայերին էլ են խաբում, հայաստանցիներին էլ»,- իր ելույթում հայտարարեց Անաստաս Իսրայելյանը։
Կարդացեք նաև
Նա հայտարարեց նաեւ, որ ապրիլի 29-ին բազմահազարանոց հանրահավաքի ժամանակ հնչեցվել են արցախցիների պահանջները եւ հստակ ասել՝ որ այդ հարցերի շուրջ պահանջատեր են, իսկ իշխանությունը՝ պատասխանատու։ Նա մանրամասնեց՝ այս ընթացքում կառավարության ներկայացուցիչների հետ բոլոր հանդիպումների ժամանակ, ի սկզբանե էլ ասել են, որ առանցքային հարցերը, որոնք առաջադրել էին, չեն քննարկում, մանր-մունր հարցերի շուրջ են պատրաստ եղել ժամանակավոր զիջումների գնալ․ «Իբրեւ խորհրդի անդամ, ես դեմ եմ եղել բանակցությունները շարունակելուն եւ կողմ պայքարը վերսկսելուն, քանի որ կոսմետիկ լուծումներ են եղել, մինչդեռ ի սկզբանե պահանջն էր՝ անժամկետ սոցիալական աջակցության տրամադրում՝ մինչեւ շատ հարցեր լուծումներ ստանան։ Ցեղասպանությունից փրկված 150 հազար մարդ է հասել այս իրավիճակին, ի՞նչ խմբերի եք բաժանել մարդկանց՝ հանելով իրար դեմ»։
«Կառավարությունից ասացին՝ մեկ ամսով երկարացնում ենք՝ վրանը հանեք, շարունակել ենք պայքարը՝ ասել են՝ երկու ամիս ենք երկարացնում․ առեւտուր են սարքել։ Մենք ասել ենք՝ ոչ, սոցիալական աջակցությունը պետք է լինի անժամկետ՝ հաշվի առնելով արցախահայերի վիճակը մայր Հայաստանում։ Մեզ ասացին՝ պատրաստ են քննարկել եւ բարեփոխել վիճելի հարցերը, որպեսզի արցախահայերը կարողանան այս ծանր շրջանում ապրել՝ ինտեգրվելով հայաստանցիների հետ, բայց խաբեցին»,- ասաց Անաստաս Իսրայելյանը։
Հիշեցնենք, որ կառավարությունը դադարեցնում է արցախցիներին տրամադրվող որոշ սոցիալական վճարներ, այդ թվում նաեւ բնակվարձի համար նախատեսված 40 հազար դրամները։
Հարցին՝ ի՞նչն է խանգարում, որ ցույցերը վերսկսվեն, բանախոսը պատասխանեց․ «Ոչ մի բան էլ չի խանգարում, բացի այն անձերից, ովքեր, իմ համոզմամբ, համագործակցում են կառավարության ներկայացուցիչների հետ․ արցախցիներից էլ կան, խորհրդի անդամներից էլ։ Եթե այս իրավիճակում հայտնվել ենք, ուրեմն մեր բացթողումն է կամ էլ՝ միամտաբար հավատացել են կառավարությանը»։
Նա չցանկացավ այս առիթով շատ մանրամասների մեջ մտնել, ասաց՝ համարձակություն ունեցել է եւ իր հայտարարությամբ ու դրանում առկա հիմնավորումներով դուրս է եկել խորհրդից։ Կարծում է, խորհրդի մյուս անդամներն էլ պիտի նման քայլեր անեն։
Սոցիալական ապահովության նախարար Նարեկ Մկրտչյանի պարզաբանումները՝ կարճաժամկետ ծրագրերը դադարեցնում են, որ մարդիկ երկարաժամկետ ծրագրերի մասնակցեն, Անաստաս Իսրայելյանը չի ընդունում։ Օրինակ է բերում՝ Տեղ գյուղից այն կողմ ՀՀ իշխանությունները ճանաչել են Ադրբեջանի մաս, այդ մարդկանց ունեցվածքը գույքագրել են եւ ամբողջությամբ փոխհատուցում են, բայց արցախահայերը, որ իշխանության սխալ, դավաճանական քաղաքականության կամ անգործության պատճառով ստիպված են եղել դուրս գալ, ասում են՝ «չէ 40-ը շատ ա, 30 տանք․․․ դուք պատասխանատու եք, ձեր մեղքով է եղել ամբողջը»։
Նա վստահ է, որ այսպիսով ՀՀ կառավարությունն ամեն ինչ անում է, որ արցախցիները ստիպված լինեն հեռանալ Հայաստանից, բայց իրենք չեն ցանկանում։ Նաեւ՝ այսպիսով ՀՀ կառավարությունը ցանկանում է փակել Արցախի հարցը։ Բայց այդ դեպքում ՀՀ հռչակվելու է ագրեսոր։ Նա հարց է ուղղում ՀՀ իշխանությանը՝ երկու տարի է՝ գերիների հարց չեք կարողանում լուծել, անհայտ կորածների հարցերը չեք կարողանում լուծել, արցախցիների սոցիալական հարցերը չեք կարողանում լուծել ու Եկեղեցուն եք թիրախավորո՞ւմ։
Մանրամասները՝ տեսանյութում
Անդրադառնալով «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր, ռուսաստանաբնակ հայազգի բարերար Սամվել Կարապետյանի շուրջ կատարվողին էլ բանախոսն ասաց՝ ինչպես Ռուբեն Վարդանյանը, Սամվել Կարապետյանը նույնպես Արցախում շատ բաներ է արել ու ոչ բառերով․ մինչեւ օրս էլ Տաշիրում անգամ բնակարաններով է ապահովելով մարդկանց․ «Նա մեծ հարգանք է վայելում արցախցիների մոտ։ Հիմա էլ գիտակցելով այս ծանր իրավիճակը, իր դիրքորոշումն է արտահայտել։ Բոլորս էլ Եկեղեցու կողքին ենք, հայ մնալու, մեր հողի վրա ապրելու իրավունքի համար ենք պայքարում։ Նման միջազգային մասշտաբի մարդիկ՝ իմանալով բոլոր ռիսկերը, իրենց հայ մնալն են գերադասում եւ նման հայտարարություններ են անում։ Բա ինչո՞ւ են մյուսները լռում»։
«Մեզ սարքել են առեւտրի առարկա, բոլորիս վաճառելու են։ Հայրենիքը, հավատքը, ընտանիքը՝ ամենը առեւտրի առարկա են սարքել, սա նշանակում է՝ եկել է ժողովրդի կործանման պահը»,- կարծում է Անաստաս Իսրայելյանը՝ կոչ անելով՝ չլռել, չհամակերպվել ստեղծված իրականության հետ։
Մանրամասները՝ տեսանյութում
Ի աջակցություն արցախահայերի ցույցին մասնակցում էր նաեւ Արցախի հերոս Դավիթ Առուշանյանի մայրը՝ Լիդա Առուշանյանը։ Նա ևս կոչ է անում չլռել, չհամակերպվել՝ դուրս գալ եւ պայքարել, քանի դեռ ուշ չէ։
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ