«2018-2019 թթ․-ին ես եղել եմ ֆորպոստի վարչապետ։ Ես գիտեմ էն օրը, երբ ես վերածվել եմ Հայաստանի Հանրապետության լիարժեք վարչապետի։ Եվ այդ կետից սկսած՝ մինչեւ օրս գործում եմ բացառապես այդ տրամաբանությամբ։ Դա 2022 թվականի հոկտեմբերի 6-ն է, երբ ես դարձել եմ ՀՀ առաջին ղեկավարը, ով ճանաչել է ՀՀ տարածքային ամբողջականությունը»,- ԱԺ նիստում 2024 թվականի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը։
Հիշեցնենք, որ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Փաշինյանը Պրահայում Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազմում։
Կարդացեք նաև
Նա հավելեց․ «Ընդդիմությունն այս օրն ու փաստն օգտագործում են այն տրամաբանությամբ, որ ես առաջին ղեկավարն եմ, ով ճանաչել է Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմում եւ ով ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»։
Փաշինյանն ասաց, որ դա մի շրջան էր, երբ Հայաստանի Հանրապետության նույնիսկ ամենամոտ երկրները մեր երկրի տարածքային ամբողջականությունը չէին ճանաչել։ «Եվ սա մեզ համար սթափեցնող մի բան էր՝ հենց էդ պահին էր, որ մենք ինքներս մեզ ստիպված էինք հարց տալ, բայց մի րոպե, մենք ինքներս ՀՀ տարածքային ամբողջականությունը ճանաչո՞ւմ ենք, որ մի հատ էլ ուրիշներից ենք նեղանում։ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին ես ճանաչել եմ ՀՀ տարածքային ամբողջականությունը՝ հասկանալով, որ ՀՀ տարածքային ամբողջականությունը պարփակված է հարեւանների տարածքային ամբողջականությամբ։ Ինձ համար դա է այն կետը, որտեղ ավարտվել է ֆորպոստի վարչապետից դեպի ՀՀ վարչապետ տրանսֆորմացիան։ Եվ ես հիմա արձանագրում եմ, որ մենք այսօր որպես պետություն ավելի անկախ ենք, քան երբեւէ, ավելի ինքնիշխան ենք, քան երբեւէ, ավելի պետություն ենք, քան երբեւէ»,- ասաց նա։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ