Ազգային ժողովի նիստում քննարկվում է Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը։ ՀՀ կառավարությունը ՍԴ դատավորի թափուր պաշտոնի համար առաջադրել է Արտակ Զեյնալյանի թեկնածությունը։ Նրա կենսագրությունը ներկայացրեց արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։
Ընդդիմադիր պատգամավոր Ագնեսա Խամոյանը հիշեցրեց, որ Արտակ Զեյնալյանը եղել է «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ։
«Պարոն Զեյնալյանը Նիկոլ Փաշինյանի կառավարման ժամանակ եղել է նաեւ արդարադատության նախարար։ Սահմանադրությունն ասում է, որ դատավորը չի կարող զբաղվել ակտիվ քաղաքական գործունեությամբ։ Այո, մի քանի օր առաջ պարոն Զեյնալյանը դուրս է եկել Հանրապետություն կուսակցությունից, բայց 25 տարի ակտիվ քաղաքական գործունեությամբ հանդես եկել։ Եվ մեկ անգամ չէ, որ գործող իշխանություններից չտարբերվող կարծիք է հայտնել։ Արդյոք սրանով չի խախտվում այն պահանջը, որ քաղաքական չեզոքություն պետք է պահպանի ՍԴ դատավորը»,- Սրբուհի Գալյանին հարցրեց Խամոյանը։
Կարդացեք նաև
Գալյանն ասաց, որ մեր ունեցած իրավական կարգավորումները որեւէ պահանջ չեն պարունակում առ այն, որ դատավորի թեկնածուն նախկինում կամ իր կյանքի ընթացքում երբեւէ չպետք է զբաղված լինի քաղաքական գործունեությամբ։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ