BBC-ն անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Հայ Առաքելական Եկեղեցու (ՀԱՍԵ) միջև սրվող հակամարտությանը։
Փաշինյանը խոստացել էր չմիջամտել եկեղեցական գործերին, սակայն իր ծրագրերին խառնվեց քաղաքականությունը
«Սրբազա՛ն, գնա շարունակիր քեռուդ կնգան դոմփել, ինձ հետ ի՞նչ գործ ունես». դժվար է հավատալ, սակայն հենց այս խոսքերով մայիսի վերջում ՀՀ ղեկավարն աննախադեպ արշավ սկսեց եկեղեցական ղեկավարության դեմ։
Նիկոլ Փաշինյանի կառավարությունն ու Հայ Առաքելական եկեղեցին երբեք դաշնակիցներ չեն եղել։ Վարչապետը քննադատել է եկեղեցական հիերարխիային նախկին իշխանությունների հետ ունեցած կապերի համար, որոնց նա անվանում էր «հանցավոր ռեժիմ»։ Իսկ եկեղեցին կասկածանքով էր վերաբերվում նրա երիտասարդ թիմին, որի անդամները նախկինում աշխատել են արևմտամետ ՀԿ-ներում։
Կարդացեք նաև
Արցախյան երկրորդ պատերազմում պարտությունից հետո Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսը, կոչ արեց Փաշինյանին հրաժարական տալ, ինչից հետո նրանց հարաբերությունները վերջնականապես փչացան։ Բայց հոգևոր ու աշխարհիկ իշխանությունները սովորեցին գոյակցել՝ մինչև անցած շաբաթ, երբ արդեն վարչապետն ինքը կոչ արեց եկեղեցու ղեկավարին հրաժարական տալ։
Վերջին հետազոտությունները ցույց են տալիս, որ ՀԱՍԵ-ին, որի հետևորդ իրեն համարում է հայերի մեծամասնությունը, վստահում են ավելի շատ, քան կառավարությանը։
Այժմ Փաշինյանի և կաթողիկոսի հակամարտությունը սպառնում է ավելի խորացնել պառակտումը հասարակությունում, ազդել հաջորդ տարվա ընտրությունների արդյունքների վրա և բացասաբար անդրադառնալ Ադրբեջանի հետ խաղաղ բանակցությունների վրա՝ ազդեցություն թողնելով ողջ տարածաշրջանի վրա։
Դեղին մամուլ և մեծ քաղաքականություն
Փաշինյանը՝ առանց որևէ ապացույց ներկայացնելու, մեղադրում է Գարեգին Երկրորդին կուսակրոնության ուխտը խախտելու մեջ։ Վարչապետի խոսքով՝ եկեղեցու ղեկավարը երեխա ունի։ Եթե դա համապատասխանում է իրականությանը, ապա եկեղեցական կանոնների համաձայն՝ Գարեգին Երկրորդը չի կարող լինել կաթողիկոս, և Փաշինյանը պահանջում է նրա հրաժարականը՝ հղում անելով հենց եկեղեցական օրենքներին, թեև խոսք չի գնում աշխարհիկ օրենքների խախտման մասին։
Մինչ այդ նա մեղադրել էր մի արքեպիսկոպոսի՝ իր հորեղբոր կնոջ հետ կապերի մեջ՝ հայտարարություն, որն ապշեցրեց հայ հասարակությանը։
Վարչապետի քննադատությանը միացել է նաև նրա քաղաքացիական կինը՝ Աննա Հակոբյանը։ Նա եկեղեցականներին անվանել է «երկրի գլխավոր մանկապիղծներ» և «երկրի գլխավոր հոգևոր մաֆիոզներ»՝ դարձյալ առանց որևէ ապացույցի։
Գարեգին Երկրորդը չի պատասխանում կոնկրետ մեղադրանքներին, սակայն Գերագույն հոգևոր խորհուրդն այս մեղադրանքները որակում է որպես «Եկեղեցու ձայնը խեղդելու և նրա ազդեցությունը հասարակական կյանքում թուլացնելու փորձ»։ Հոգևոր խորհուրդը հիշեցնում է, որ եկեղեցական օրենքներն ու կանոնադրությունը չեն առնչվում աշխարհիկ իշխանությանը։
Կաթողիկոսին աջակցություն են հայտնել Հայաստանի առաջին և երրորդ նախագահները՝ Լևոն Տեր–Պետրոսյանը և Սերժ Սարգսյանը, ինչպես նաև ընդդիմադիր կուսակցությունները։
Երեքշաբթի օրը Փաշինյանի արշավը եկեղեցու դեմ դատապարտել է նաև միլիարդատեր Սամվել Կարապետյանը, որը ՀԱՍԵ-ի գլխավոր բարերարներից է։ Նա սպառնացել է «մասնակցել եկեղեցու դեմ ուղղված արշավին իր ձևով», եթե «քաղաքական գործիչները ձախողեն»։ Այս հայտարարությունից մի քանի ժամ անց ոստիկանությունը խուզարկություն է իրականացրել գործարարի տանը, իսկ չորեքշաբթի նրա դեմ քրեական գործ է հարուցվել։ Կարապետյանը մեղադրվում է իշխանության զավթման հրապարակային կոչերի մեջ, սակայն նա հերքում է մեղադրանքը։
Վարչապետի հնչեցրած մեղադրանքները ՀԱՍԵ ղեկավարի հասցեին նոր չեն․ Հայաստանում դեղին մամուլը դեռ տասը տարի առաջ հրապարակում էր լուրեր կաթողիկոսի դստեր մասին։
Ավելի լուրջ քննադատություններ հնչել են հայկական սփյուռքից, որտեղ համայնքները բողոքել են իշխանության աննախադեպ կենտրոնացումից և դրամական տուգանքներից։ 2013 թվականին ՀԱՍԵ-ի Երուսաղեմի պատրիարքը մեղադրել է Գարեգին Երկրորդին հոգևոր արժեքների բացակայության և միայն նյութականի հանդեպ հոգածության մեջ։
Երբ Փաշինյանը 2018թ.-ին եկավ իշխանության, մի խումբ հոգևորականներ և հավատացյալներ շարժում սկսեցին Գարեգին Երկրորդի հրաժարականի պահանջով։ Այս շարժումը Փաշինյանի աջակցության հույսն ուներ՝ հիշելով, թե ինչպես նա՝ դեռ որպես լրագրող ու ընդդիմադիր, քննադատում էր ՀԱՍԵ-ին։
Սակայն այն ժամանակ իշխանությունը չմիջամտեց։ «Ես կարծում եմ, որ կառավարության գործը չէ միջամտել եկեղեցական ներքին հարցերին», – ասել էր Փաշինյանը։
Կաթողիկոսն ու վարչապետը լեզու գտան, և միասին մասնակցում էին պետական տոներին։
Եկեղեցին՝ որպես ընդդիմության հենարան
Եկեղեցու և իշխանության հարաբերությունները վատթարացան 2020 թվականին, երբ Ադրբեջանի հետ պատերազմում պարտությունից հետո կաթողիկոսը միացավ Փաշինյանի հրաժարականի պահանջին։
Վերջիվերջո Փաշինյանը պահպանեց իշխանությունը, իսկ եկեղեցին սկսեց վերածվել ազգային-պահպանողական ընդդիմության ձայնի։
Հայաստանի հաջորդ խորհրդարանական ընտրությունները նշանակված են 2026թ.-ի հունիսին, և հայ քաղաքական վերլուծաբանները եկեղեցու դեմ հռետորաբանության սրումը կապում են սպասվող ընտրությունների հետ՝ դիտարկելով այն որպես կանխարգելիչ հարված ընդդիմության վերջին հենարանին։
Իշխանությանը զայրացնում է նաև եկեղեցու միջամտությունը արտաքին քաղաքական հարցերին։ Հունիսի սկզբին Գարեգին Երկրորդը պահանջեց ապահովել արցախահայության վերադարձն իրենց տները, ինչը հակասում է պաշտոնական Երևանի դիրքորոշմանը։ Փաշինյանի նպատակը խաղաղության պայմանագրի հնարավորինս արագ ստորագրումն է՝ միմյանց նկատմամբ բոլոր հավակնություններից հրաժարվելով։ Իսկ ադրբեջանական մեդիան տարածում է ընդդիմության պահանջները որպես ապացույց, որ Հայաստանը պատրաստ չէ խաղաղության։
Ընդդիմության հենարան լինելը նվեր է ՀԱՍԵ-ի համար։ Ընդդիմադիր կուսակցությունները մշտապես վիճում են միմյանց հետ և չունեն լայն աջակցություն։ Այս իրավիճակում եկեղեցին սկսել է աստիճանաբար ստանձնել նրանց գործառույթները՝ իր շուրջ հավաքելով իշխանությունից դժգոհ մարդկանց։
Չնայած եկեղեցականների հասցեին հնչած մեղադրանքներին՝ ՀԱՍԵ–ն մնում է սիրված
Հասարակական հարցումները ցույց են տալիս, որ կրոնական հաստատությունները դարձել են երկրի ամենահանրաճանաչ հասարակական ինստիտուտը։ Վերջին տարիներին նրանց վստահության վարկանիշն աճել է ավելի քան հնգապատիկ՝ եկեղեցուն լիովին վստահում է մինչև 62.5%-ը, մինչդեռ 2021թ.-ին այդ թիվը 11% էր։
Հայաստանում կրոն ասելով հիմնականում հասկանում են ՀԱՍԵ-ն. վերջին մարդահամարի համաձայն, բնակչության ավելի քան 90%-ը իրեն վերագրում է այդ եկեղեցուն։ 48%-ը գոհ է ՀԱՍԵ-ից՝ ավելի շատ, քան նրանք, ովքեր վստահում են կառավարությանը, խորհրդարանին, դատարաններին կամ դատախազությանը։
Գրիգոր Աթանեսյան
Հոդվածն ամբողջությամբ սկզբնաղբյուր կայքում: