«Պարոն Զեյնալյան, ես այս հարցը ձեզ ուղղում եմ արդեն երկու օր Բաղրամյան պողոտան փակած անհետ կորած եւ բռնի անհետացած զինծառայողների ծնողների խնդրանքով։ Իրենք ինձ խնդրել են ձեզանից հետաքրքրվել՝ որքանո՞վ է իրականությանը համապատասխանում այն տեղեկությունը, որ Հայաստանի միջազգային հարցերով նախկին ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանին 2021 թվականի հունվարի 11-ից հետո ձեր կողմից փոխանցվել է ինչ-որ փաստաթուղթ, որ անհետ կորածների հարցով միջազգային ատյաններում անելիք չկա, քանի որ ԴՆԹ հետազոտություններով ամեն ինչ ապացուցված է, որեւէ բաց թողնված հարց չկա։ Եվ դրա հիմքով միջազգային հարթակներում արդեն դադարել են զբաղվել անհետ կորածների եւ բռնի անհետացած մեր զինծառայողների հարցերով»,- ԱԺ նիստում ՍԴ դատավորի թեկնածու Արտակ Զեյնալյանին հարցրեց պատգամավոր Թագուհի Թովմասյանը։
Թագուհի Թովմասյանը նաեւ հարց ուղղեց այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը հրահանգ է տալիս իրավապահ ու դատական համակարգերին։ «Երեկ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան տարբեր գրառումներ արեց եւ ուղիղ հրահանգեց դատական համակարգին, որ պետք է ինքը միջամտի բարերար Սամվել Կարապետյանի գործին։ Եվ այդ միջամտության արդյունքում այսօր Սամվել Կարապետյանը գտնվում է Արմավիրի ՔԿՀ-ում։ Հավատո՞ւմ եք, որ Հայաստանում կա՞ անկախ դատական համակարգ, որն ի վիճակի է որոշումներ կայացնել Նիկոլ Փաշինյանի քաղաքական եւ ոչ միայն քաղաքական ստատուսներին հակառակ»։
Արտակ Զեյնալյանն ասաց, որ միջազգային դատական ատյաններում չի կարելի մանիպուլյացիաներ անել։ «Եթե մենք գանգատ ներկայացնելու պահին համոզված ենք եղել, որ անձը անհետ կորած է, ինչ-ինչ հանգամանքներում փաստերի վերլուծությամբ հանգել ենք այն եզրակացության, որ ողջամտորեն նա կարող է լինել հակառակորդի իրավազորության ներքո, մենք ներկայացրել ենք գանգատ։ Պահանջել ենք կիրառել հրատապ միջոց, ՄԻԵԴ-ը կիրառել է հրատապ միջոց եւ դրանից հայտնաբերվում է աճյուն, մասունք, եւ տեղի է ունենում ԴՆԹ-ի համընկնում։ Մենք չենք կարող դատարանին խաբել, ասել՝ չկա այդ համընկնումը։ Կարող է գործը շարունակվել, եթե կան փաստեր, ապացույցներ, որ անձը սպանվել է՝ լինելով այլեւս գերի։ Եթե մենք ՄԻԵԴ-ին կամ որեւէ դատարանի խաբեցինք ինչ-ինչ նկատառումներից ելնելով, ապա մեր ասած խոսքն արժեք չի ունենա։ Պարտավոր ենք լինել անկեղծ, ազնիվ, երբ իրականացնում ենք այլոց շահերի պաշտպանություն։ Մենք իրավունք չունենք այլոց իրավունքները զոհաբերել այդ մի դեպքի համար կամ մի քանի նմանատիպ դեպքերի համար։ Նրանք բոլորը մերն են, եւ եթե լինեն ապացույցներ, որ կա խոշտանգում եւ սպանություն, ապա այդ գործը կշարունակվի»,- ասաց Զեյնալյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Անդրադառնալով Սամվել Կարապետյանի գործի վերաբերյալ հարցին՝ Արտակ Զեյնալյանն ասաց, որ ամբողջությամբ չի տիրապետում իրավիճակին։ «Եվ տվյալ դեպում ես հանդես եմ գալիս ոչ թե քննիչի թեկնածու, այլ ՍԴ դատավորի թեկնածու, ուստի, պետք է ձեռնպահ մնամ դրա վերաբերյալ գնահատականներ տալուց»,- ասաց նա։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ