Լրահոս
Օրվա լրահոսը

Վահագն Խաչատուրյանը և Խալիդ Ալ-Ղայթը քննարկել են հումանիտար ոլորտում համագործակցության հնարավոր ուղղությունները

Հունիս 19,2025 17:03

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների մարդկային եղբայրության բարձրագույն կոմիտեի գլխավոր քարտուղար դոկտոր Խալիդ Ալ-Ղայթին, ով Հայաստան է ժամանել Երևանում կայանալիք Սոցիալական արդարության երրորդ միջազգային համաժողովի շրջանակում։

Ողջունելով հյուրին՝ նախագահ Խաչատուրյանը բարձր է գնահատել նրա ղեկավարած կառույցի և անձամբ դոկտոր Ալ-Ղայթի գործունեությունն՝ ուղղված հանդուրժողականության, ժողովուրդների խաղաղ համակեցության և համամարդկային արժեքների տարածմանը։ Նախագահի խոսքով՝ կիսելով համընդհանուր այս արժեքները, մեր երկրները մեծ ներուժ ունեն խորացնելու համագործակցությունն այդ ուղղությամբ՝ նպաստելով ինչպես տարածաշրջանային, այնպես էլ համաշխարհային խաղաղության հաստատմանը։

Խալիդ Ալ-Ղայթը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ ընդգծելով, որ մեծ սիրով է այցելում Հայաստան և բարձր է գնահատում երկկողմ ձևավորված հարաբերությունները։

Դոկտոր Ալ-Ղայթը հանդիպման մեկնարկին նախագահին է ներկայացրել կազմակերպության գործունեության հիմնական ոլորտները և միջազգային համագործակցության ընդլայնման ուղղությամբ տարվող աշխատանքները տարբեր միջազգային կառույցների և կրթական կենտրոնների հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հումանիտար ոլորտում համագործակցության հնարավոր ուղղությունները։ Երկուստեք կարևորվել են կրթության, երիտասարդության, սպորտի և համալսարանական ծրագրերի համատեղ նախաձեռնությունները՝ որպես ժողովուրդների միջև կապեր խորացնելու և փոխըմբռնում ամրապնդելու արդյունավետ հարթակ։ Նախագահ Խաչատուրյանը և դոկտոր Ալ-Ղայթն ընդգծել են հանդուրժողականության, մարդասիրության և փոխադարձ հարգանքի արժեքների տարածման անհրաժեշտությունը՝ որպես տարածաշրջանային և համաշխարհային խաղաղության հիմք։

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստան-Արաբական Միացյալ Էմիրություններ քաղաքական, տնտեսական, կրթամշակութային ոլորտներում դինամիկ զարգացող փոխգործակցությանը՝ ընդգծելով այն ընդլայնելու փոխադարձ հետաքրքրությունը։

Երկուստեք ողջունվել է Սոցիալական արդարության երրորդ միջազգային համաժողովի անցկացումը՝ այն դիտարկելով որպես համամարդկային արժեքների առաջմղման կարևոր հարթակ։ Այս համատեքստում կարևորվել է նմանօրինակ միջոցառումների պարբերական կազմակերպումը՝ նպատակ ունենալով խթանել երկխոսությունը, փոխվստահությունը և միջազգային համերաշխությունը։

Հանդիպման ավարտին Հանրապետության նախագահը շեշտել է, որ Հայաստանը որդեգրել է խաղաղության, բարիդրացիության և համագործակցության ճանապարհով առաջ շարժվելու հստակ դիրքորոշում՝ պատրաստ լինելով շարունակաբար ներդրում ունենալ խաղաղ, կայուն և համերաշխ աշխարհի կերտման գործում։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30