-Այստեղ կան ծնողներ, որոնց տվել են երեք ձեռք, մի գանգ եւ ասում են՝ քո երեխան է, ԴՆԹ-ով հաստատված: Տար, հուղարկավորի ու հանգստացի: Մենք այսպիսի զավեշտի մեջ ենք,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ անդրադառնալով անհետ կորած զինվորների հարազատների բողոքի ցույցին:
Պատգամավորը նկատեց, որ այսօր փողոց փակած ծնողները ոչ թե եկել են ինչ-որ պաշտոնյայի վերադարձի պահանջով, այլ իրենց վերջին հույսի համար են այստեղ. «Այս ընթացքում հասել են այն արդյունքի, որ ամեն առանձին երեխայի դեպքով կա նախաձեռնված քրեական վարույթ եւ առանձին որոշակի գործողություններ են իրականացվում: Այսինքն՝ փաստահավաք որոշակի գործողություններ արդեն արվել են: Ամեն անգամ, երբ նոր պաշտոնյա է գալիս, որ գա պետք է ասի՝ մի հատ ծանոթանամ, հասկանամ, շարունակականությունը չի ապահովում: Ծնողների մտավախությունը հենց սա է… ծնողներն ուզում են, որ լինի մեկը, որը երաշխավորված իրենց հարցերին կպատասխանի ու երաշխավորված կզբաղվի իրենց խնդիրներով: Իսկ իրենց երեխաների խնդիրը մեր՝ բոլորիս խնդիրն է: Մեր բոլորի թասիբի ու նամուսի հարցն է: 2021 թվականի հունվարից անհետ կորածների որոնողական աշխատանքները դադարեցված են: Նիկոլ Փաշինյանի իշխանությունը որեւէ քայլ չի իրականացնում, որ անհետ կորածների վերադարձի հարցը, մասունքների որոնողական աշխատանքների հարցը ներառվի բանակցային գործընթացում: Խաղաղության պայմանագրում չկա անհետ կորածների, գերիների վերադարձի հարց»:
Պատգամավորը նկատեց, որ ծնողներն արդարացիորեն են պահանջում իրենց երեխաներին. «Բա դու բերել ես երեք ձեռք ես տվել ծնողին: Մի ծնողի դեպքում ընդհանրապես զավեշտալի էր: Ասում է՝ երեխաս փոքրամարմին է, բերել են 43 համարի մեծ ոտք են տվել,ասում են՝ սա է քո երեխան:Այս ծաղրանքի վերջը ե՞րբ պետք է գա»:
Կարդացեք նաև
Ի դեպ, քիչ առաջ ոստիկանները փորձել են բացել Բաղրամյան պողոտան, որը երեկվանից փակել էին անհետ կորածների հարազատները:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ