Ըստ երեւույթին Անկարան, Բաքուն եւ Երեւանը պայմանավորվել են պարզապես չօգտագործել «միջանցք» բառը, այլ օրինակ օգտագործել «անցուղի» բառը, որը վերջերս թե՛ պաշտոնական Անկարան` Էրդողանի, թե՛ Բաքուն` Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւի մակարդակով, արդեն իսկ գործածել են
Նիկոլ Փաշինյանը հունիսի 20-ին Թուրքիա կմեկնի նախագահ Էրդողանի հրավերով, օրեր շարունակ շրջանառվող այս տեղեկությունը հաստատեց Ազգային ժողովի նախագահը: Ալեն Սիմոնյանն այցը որակեց` պատմական: «Հայաստանի Հանրապետության ղեկավարն առաջին անգամ նման մակարդակի այց է իրականացնելու», – լրագրողների հետ զրույցում ասաց խորհրդարանի խոսնակը: Հարցին՝ «պաշտոնակա՞ն այց է», Սիմոնյանն արձագանքել էր. «Ես հիմա դժվարանում եմ անունը ասել՝ պաշտոնական է, աշխատանքային է, բայց որ դա երկկողմ այց է, եւ հրավեր է արվել նախագահի կողմից, եւ հենց էդ ֆորմատով է լինելու, այո»:
Թե կոնկրետ ի՞նչ օրակարգով է Էրդողանը Փաշինյանին հրավիրել Անկարա, Սիմոնյանն առաջարկեց մանրամասների համար դիմել վարչապետի աշխատակազմ: Հայ-թուրքակա՞ն, թե՞ հայ-ադրբեջանական կարգավորումն է լինելու երկու երկրների ղեկավարների բանակցությունների առանցքում, Ազգային ժողովի նախագահն, այդուհանդերձ, մանրամասնեց՝ քննարկվելու են երկուսն էլ: «Ոչ մի արտառոց բան էս պահի դրությամբ չեմ կարող ասել, որովհետեւ չեմ բացառում որեւիցե քննարկում», – նշել էր Ա. Սիմոնյանը:
Կարդացեք նաև
Իսկ հնարավո՞ր է Թուրքիան հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում ստանձնի միջնորդի դերը, Սիմոնյանը պնդել էր, թե նման միջնորդության մասին խոսք չկա. «Հայաստանը եւ Ադրբեջանը որեւիցե մի երկրի, նույնիսկ ոչ տարածաշրջանային երկրի, աջակցությամբ, կամ որեւիցե մի մայրաքաղաքում եթե խաղաղության պայմանագիր ստորագրեն, դա կլինի բոլորի շահերից, բայց, ինչպես տեսաք, խաղաղության պայմանագիրը Ադրբեջանը եւ Հայաստանը ավարտին հասցրեցին միասնական, եւ երկու կողմը կորոշեն, էլի, երբ որ դրա ժամանակը գա, թե որտե՞ղ կկնքեն, ի՞նչ միջնորդություն կլինի, կլինի՞ միջնորդություն, թե՞ ընդհանրապես միջնորդության կարիք չի լինի, թե՞ այլ ֆորմատ կլինի»:
Օրերս Անկարայում հանդիպել էին Հայաստանի եւ Թուրքիայի փոխարտգործնախարարները: Փոխարտգործնախարար Վահան Կոստանյանի այցը Թուրքիա Հայաստան-Թուրքիա կարգավորման շրջանակներում էր: Կոստանյանն ու Թուրքիայի փոխարտգործնախարար Բերիս Էքինջը քննարկել էին տարածաշրջանային հարցեր, երկկողմ օրակարգը: Հայկական կողմի բանագնաց Ռուբեն Ռուբինյանը վերոնշյալ հանդիպման վերաբերյալ նշել էր. «Փոխարտգործնախարարի այցը Թուրքիա՝ Հայաստան – Թուրքիա կարգավորման շրջանակներում էր, դուք գիտեք, որ ոչ միայն ես եմ շփվում Թուրքիայի հատուկ ներկայացուցչի հետ, այլ նաեւ ԱԳՆ մակարդակում շփումներ կան, տարբեր նախարարների մակարդակներում շփումներ կան, երկրների ղեկավարներն են հեռախոսազրույցներ ունենում, եւ սա այդ շրջանակում է»:
Նկատենք, որ Երեւանն ու Անկարան ավելի քան երեք տարի է, ինչ հարաբերությունները կարգավորելու համար բանակցություններ են վարում: 2022-ին բանագնացները պայմանավորվել էին բացել ցամաքային սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար ամենասեղմ ժամկետներում: Մինչ օրս այդ պայմանավորվածությունը մնացել է թղթի վրա: Չնայած սրան՝ Թուրքիայի եւ Հայաստանի պաշտոնյաները ոչ միայն հեռախոսազրույցներ են ունենում, այլ նաեւ հանդիպումներ են անցկացնում:
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը հորդորել էր` մոռանալ «Զանգեզուրի միջանցքի» թեման: Սա արդյոք նշանակում է, որ երաշխիք ունեն՝ Ադրբեջանը չի օգտվի այս իրավիճակից, Սիմոնյանն ասաց, թե ինքը քաղաքակա՛ն հայտարարություն է անում. «Ես քաղաքական առումով եմ ասում մոռացեք, եւ ռազմական առումով էլ արդեն ռազմական գերատեսչության ղեկավարը կպատասխանի: Էդ խոսակցությունը փակված է, էդ խոսակցությանը վերադարձ ոչ էն ժամանակ է եղել, ոչ հիմա կա, ոչ էլ ապագայում կարա լինի»:
Թեեւ պաշտոնական հանդիպումներին հաջորդած հաղորդագրություններում Երեւանն ու Անկարան շեշտում են, որ հարաբերությունները պետք է կարգավորվեն առանց նախապայմանների, թուրք բարձրաստիճան պաշտոնյաները պարբերաբար պայմաններ են դնում, Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելուց բացի, թուրքական կողմը երբեմն-երբեմն նաեւ միջանցքի հարցն է բարձրացնում, Սյունիքով անցնող այդ ճանապարհը Ադրբեջանը Նախիջեւանի միջոցով կկապի Թուրքիային:
Իսկ թե ինչո՞ւ են Անկարայից ու Բաքվից շարունակում խոսել «փակված» թեմայով, պաշտոնական Երեւանը հարկ չի համարում անդրադառնալ: Ըստ երեւույթին, Անկարան, Բաքուն եւ Երեւանը պայմանավորվել են պարզապես չօգտագործել «միջանցք» բառը, այլ օրինակ՝ օգտագործել «անցուղի» բառը, որը վերջերս թե՛ պաշտոնական Անկարան` Էրդողանի, թե՛ Բաքուն` Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւի մակարդակով, արդեն իսկ գործածել են:
Հիշեցնենք, որ Փաշինյանն աշխատանքային այցով Թուրքիա էր մեկնել 2023թ. հունիսին, ներկա էր գտնվել Էրդողանի երդմնակալության արարողությանը:
Հունիսի 5-ին Փաշինյանը հեռախոսազրույց էր ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Ըստ ՀՀ կառավարության լրատվականի` նա Թուրքիայի նախագահին շնորհավորել էր Կուրբան Բայրամ տոնի առիթով։ Փաշինյանն ու Էրդողանը քննարկել էին Հայաստան-Թուրքիա հարաբերություններին եւ տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր ու պայմանավորվել շարունակել երկխոսությունը։
Թուրքիայի նախագահի աշխատակազմը X-ում համառոտ հաղորդագրություն էր հրապարակել հեռախոսազրույցի վերաբերյալ։ Նշվել էր, որ զրույցը կայացել է Հայաստանի վարչապետի նախաձեռնությամբ: «Քննարկվել են Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ շփումները, ինչպես նաեւ տարածաշրջանային եւ գլոբալ հարցեր։ Ընդգծելով տարածաշրջանում համապարփակ կարգավորման եւ Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ խաղաղ բանակցությունների կարեւորությունը՝ նախագահ Էրդողանն իր գոհունակությունն է հայտնել Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ շփումների կապակցությամբ», – ասված էր թուրքական կողմի հաղորդագրությունում: Փակ սահմաններով երկու երկրների ղեկավարները կարճ զրույց էին ունեցել մայիսին Ալբանիայում ընթացող գագաթնաժողովի շրջանակներում:
Իսկ 2024թ. սեպտեմբերի 24-ին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանի շրջանակում տեղի էր ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը: Նրանք անդրադարձել էին Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում արդեն իսկ կատարված քայլերին եւ առկա պայմանավորվածություններին: Ընդգծվել էր կարգավորման գործընթացն առանց նախապայմանների շարունակելու եւ հարաբերություններին նոր ազդակ հաղորդելու պատրաստակամությունը: Փաշինյանը նախագահ Էրդողանին տեղեկացրել էր Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի առկա իրավիճակի, հարաբերությունների կարգավորման պայմանագրի ստորագրման պատրաստակամության, ինչպես նաեւ ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության մասին:
Այս հանդիպումը կայացել էր «Թուրքական տանը», այն 36 հարկանի շենք է Մանհեթենում, որտեղ տեղակայված են Թուրքիայի մշտական ներկայացուցչությունը ՄԱԿ-ում եւ այլ թուրքական դիվանագիտական գրասենյակներ: Հայտնի դարձավ, որ Փաշինյանն Էրդողանին է նվիրել «Խաղաղության խաչմերուկը», իսկ Էրդողանը՝ իր «Ավելի արդար աշխարհ հնարավոր է» գիրքը։ Էրդողանն իր այդ գրքում կոչ է անում վերափոխել միջազգային կառույցները, մասնավորապես՝ ՄԱԿ-ը։
Ի դեպ, Էրդողան-Փաշինյան նշյալ հանդիպման մասին որոշ մանրամասներ էր փոխանցել թուրքական «Սաբահ»-ը` «Թուրքիան եւ Հայաստանը մի փոքր ավելի մոտ են լիարժեք կարգավորմանը» վերնագրով հոդվածում։ Հղում անելով Թուրքիայի նախագահի հաղորդակցության բաժնի ղեկավար Ֆահրեթին Ալթունին, որը նույնպես ներկա էր եղել Փաշինյան-Էրդողան հանդիպմանը, թուրքական պարբերականը գրել էր, թե Էրդողանը պատրաստակամություն է հայտնել «այս նոր ժամանակաշրջանում աջակցել Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ երկարատեւ խաղաղության եւ ամուր բարեկամության հաստատմանը»։ Ըստ «Սաբահ»-ի՝ Էրդողանը նաեւ իր անկեղծ աջակցությունն է հայտնել Հայաստանի հետ երկխոսությունը շարունակելու հարցում։ «Նախագահ Էրդողանի եւ վարչապետ Փաշինյանի միջեւ տեղի ունեցած այս հազվադեպ հանդիպումը կարող է նպաստավոր ազդեցություն ունենալ գործընթացի վրա», – գրել էր թուրքական պարբերականը։
Թե արդյոք Փաշինյան-Էրդողան նշյալ հանդիպմանը քննարկվել էին չկատարվող պայմանավորվածությունները, մասնավորապես, թե ինչու այդպես էլ չի բացվում ցամաքային սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար, չէր նշվել։
Հատկանշական է, որ Նիկոլ Փաշինյանի այցը Թուրքիա տեղի է ունենում Իրան-Իսրայել հակամարտության ֆոնին, երբ տարբեր վերլուծությունների, գնահատականների համաձայն` այդ հակամարտությունը կարող է անվտանգային լուրջ խնդիրներ ստեղծել Հայաստանի համար: Ի դեպ, Ալեն Սիմոնյանն օրերս նշել է, թե Փաշինյանի այցն Անկարա նաեւ այդ վտանգները կանխելու համար է. «Պատերազմի հետ կապված ռիսկերն այսօր մինիմալ են, եւ մենք պետք է աշխատենք, որ ընդհանրապես այն չեզոքացնենք, եւ ՀՀ կառավարությունը էդ ուղղությամբ գործուն քայլեր է անում, ինչպես նաեւ, օրինակ, ես համարում եմ, որ նման գործուն քայլերից մեկը ձեզ հայտնի՝ վարչապետի նախատեսվող այցն է Թուրքիա»:
Հիշեցնենք, որ մեկ ամիս առաջ Թուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդը գոհունակություն էր հայտնել խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ Բաքվի եւ Երեւանի ձեռք բերած պայմանավորվածության կապակցությամբ: Ազգային անվտանգության խորհուրդը նիստ էր գումարել նախագահ Էրդողանի գլխավորությամբ եւ երկու ժամ տեւած նիստից հետո խորհուրդը հայտարարություն էր տարածել, որում Անկարան հույս էր հայտնել, որ անհրաժեշտ պայմաններ կստեղծվեն վերջնական խաղաղության հաստատման համար, «որը օգուտ կբերի տարածաշրջանի բոլոր կողմերին»։
Այսպիսով, պաշտոնական Բաքուն եւ Երեւանը մարտի 13-ին հայտարարեցին խաղաղության համաձայնագրի վրա աշխատանքներն ավարտելու մասին։ Երեւանը համաձայնագիրը ստորագրելու պատրաստակամություն է հայտնում, Բաքուն՝ պայմաններ առաջ քաշում՝ «Ադրբեջանի նկատմամբ տարածքային նկրտումներ պարունակող» Հայաստանի Սահմանադրության փոփոխություն, Ղարաբաղյան հարցով տարիներ շարունակ զբաղված ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում։ Վերջերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ավելացրեց պահանջները՝ հայտարարելով՝ «Երեւանը պետք է հստակ ասի՝ երբ են արեւմտյան ադրբեջանցիները վերադառնալու իրենց նախկին բնակության վայրեր»։ Ինչ վերաբերում է Սահմանադրության փոփոխման պահանջին կամ նախապայմանին, Հայաստանը բազմիցս ասել է, որ դա լեգիտիմ պահանջ չէ եւ որ Հայաստանի սահմանադրությունում Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջ չկա։ Երեւանը նաեւ հայտարարել է, որ պատրաստ է Մինսկի խմբի լուծարման գործընթաց սկսել՝ առաջարկելով ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումն ու Խաղաղության համաձայնագիրը ստորագրել միաժամանակ:
Ի՞նչ օրակարգի շուրջ են բանակցելու Փաշինյանն ու Էրդողանը: Կռահելը, թերեւս, դժվար չէ:
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
19.06.2025