Ես Սամվել Կարապետյանի համակիրը չեմ, եւ եթե նա իսկապես մտադրություն ունի զբաղվել հայաստանյան քաղաքականությամբ, ինչպես որ դա պնդում է իշխանության քարոզչությունը, ապա, կարծում եմ, դա ճիշտ որոշում չէ: Բայց ինձ համար կարեւոր է ոչ այնքան մոսկվաբնակ մեր հայրենակիցը (որի գործունեությունն, անշուշտ, ամենայն հարգանքի է արժանի), որքան օրինականությունը, ժողովրդավարությունը եւ խոսքի ազատությունը:
Սկսենք խոսքից: Ի՞նչ էր ասել Կարապետյանը: «Մենք մեր ձեւերով կմասնակցենք Հայ առաքելական եկեղեցու պաշտպանությանը»: Ինչո՞ւ է դա իշխանությունը բռնազավթելու կոչ: Որովհետեւ Փաշինյանին, հոգեբանական սրացման պահին, այդպե՞ս է թվացել: Բայց բացի վարչապետից, մենք ունենք քննչական մարմին, դատախազություն, դատարան: Թե՞ չունենք, եւ պետական այդ մարմինների միակ խնդիրը գործադիր իշխանության ղեկավարի ֆեյսբուքյան գրավոր հրահանգները («ստահակ» բառով ուղեկցվող) կատարելն է: Դա, մեղմ ասած, լավ չի խոսում այդ պետական մարմինների մասին:
Անցնենք սեփականությանը: Ասեմ, որ Ռուսաստանում բավականին տարածված պրակտիկա է՝ «պետականացնել» այն ձեռնարկությունները, որոնց սեփականատերերը Կրեմլին դուր չեն գալիս, իսկ հետո հանձնել «յուրային» սեփականատերերին: Դա ոչ իրավական, սեփականության իրավունքը չհարգող պետության պրակտիկա է: Գրեթե համոզված եմ, որ Հայաստանի իշխանությունների ծրագրերը՝ Էլցանցի հետ կապված, նույնանման են:
Վերջապես՝ հավաքների ազատության մասին: Վարչապետը հրապարակավ սպառնացել է. «ՀԷՑ-ի այն աշխատակիցները, որոնք մարդկանց ստիպողաբար ցույցի են բերում, բոլորն ազատվելու են աշխատանքից»: Պետական պաշտոնյան պետք է որ լծակներ չունենա աշխատանքից ազատելու մասնավոր ձեռնարկության աշխատակիցներին:
Կարդացեք նաև
Գուցե նոր սահմանադրություն մշակելիս, կարելի է հաշվի առնել այդ բոլոր հանգամանքները եւ միանգամից ամրագրել, որ Հայաստանի գլխավոր դատախազը, գլխավոր քննիչը, գլխավոր դատավորը, սեփականության գլխավոր «կարգադրիչը», ինչպես նաեւ Հայ առաքելական եկեղեցու ղեկավարը Փաշինյանն է:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ