Հասկացանք, որ վարչապետը մասնագիտությամբ լրագրող է, բայց այս յոթ տարում պետք է արդեն փոխած լիներ սովորույթները եւ գլխավոր խնդիր համարեր նախարարների հետ աշխատելը, ոչ թե ԶԼՄ-ներին թոփ թեմաներ մատակարարելը` ուղիղ շփմամբ կամ իր ֆեյսբուքյան գրառումներով` ողջ երկիրը թողնելով լրագրողների եւ իր թելադրած, երբեմն նաեւ արհեստական օրակարգերի տակ, որոնք ամենեւին էլ այս պահին երկրին ներկայացող առաջնահերթ մարտահրավերներին չեն վերաբերում, այլ զանազան ինտրիգների, ներխմբային, միջանձնային հարաբերությունների: Հաջորդում են տարբեր, այդ թվում` իրավապահների գործողություններ, որոնք տվյալ պահին թվում են ոչ տեղին, անգամ բեմադրված:
Մեկ-մեկ էլ թվում է` բոլորս ենք թատրոնում, որպես մասնակից ու հանդիսատես: Միգուցե իրականում տեղի ունեցողը արդեն սովորական դարձած եւ քաղաքական-տնտեսական կյանքի մշտական ուղեկից դարձած մեծ աղմուկով ծածկելով:
Ասենք` գործարար Սամվել Կարապետյանը հինգ տողանոց միտք է հայտնում ԶԼՄ-ում` Հայ եկեղեցու անհրաժեշտ պաշտպանության բացակայության դեպքում «մեր ձեւով կմիջամտեմ» պատրաստակամության մասին: Ու գնա~ց, սկսվում է մի կաշկալամաշ, թե բա` իշխանության զավթման կոչ`«մենք քեզ այնպես կմիջամտենք, ա՛յ ստահակ», ու հետեւում է պատգամավորական ցունամին խորհրդարանում, իրավական ցունամին՝ Սամվել Կարապետյանի տան մոտ, որն ավարտվում է Սամվել Կարապետյանի երկամսյա կալանավորմամբ, իսկ ԱԺ դահլիճից էլ վարչապետը, ակնարկելով ՀԷՑ-ի խախտումներով աշխատանքի մասին, խոստանում է Կարապետյանին պատկանող ՀԷՑ-ի պետականացում:
Այս բոլորն աղերս ունի՞ պետության ինստիտուցիոնալության հետ, այն բանի հետ, որ իրավապահ համակարգի գործողությունների եւ ՀԷՑ-ում սկսված քննության արդյունքների կամ օպերատիվ տվյալներով սկսված հետաքննության արդյունքում պիտի ՀԷՑ-ի անարդյունավետությունն ապացուցվի ինստիտուցիոնալ ձեւով, պարզված կամ չպարզված արտաքին միջամտությամբ քաղաքական գործունեություն գեներացնելը համանման ձեւով կանխվի: Ու ոչ թե մի մարդ` վարչապետը, հենց ամբիոններից խոսի այդ բոլորի մասին, իրավապահները սկսեն զուգահեռ գործունեություն: Այստեղ որտե՞ղ տեսաք իրավական համակարգի, պետության ենթակառուցվածքների հետեւողական գործունեություն, պետություն առհասարակ, էն որ վարչապետն ասում էր իր եզրափակիչ ելույթում, թե. «2025 թվականի հունիսին ինձ համար ամենաշատը հենց սա է փոխվել, ես արձանագրել եմ, որ Հայաստանի լիարժեք ու ամբողջական վարչապետ եմ»: Էլ չասած, որ եթե պարզվում է, որ ՀԷՑ-ի ակտիվները միջազգային գրավադրման տակ են, ապա պետականացման դեպքում մեր պետությունն է վերցնելու գրավի հատուցման պարտավորությունը:
Կարդացեք նաև
Թե իրականում ի՞նչ կար Սամվել Կարապետյանի շուրջ կայծակնային գործողությունների, ԱԱԾ տնօրենին հեռացնելու, ՀԷՑ-ի պետականացման մտադրության, վարչապետի ակնարկած համարյա էներգետիկ ճգնաժամի, ՀԷՑ-ի ակտիվների` միջազգային կազմակերպություններում գրավադրված լինելու տակ (արդյոք ՀԷՑ-ը քաղաքական նոր պարտնյորի վաճառելո՞ւ մտադրություն), անհետ կորածների բողոքի ցույցն էլ վրադիր, դժվար է թելը գտնել:
Մանավանդ այդ բոլորը, վարչապետի` Թուրքիա այցելության օրակարգ, Սյունիքով միջանցքի` այս պահի գլխավոր շահառուների վերաբերյալ տեղեկատվություն եւ այլ կարեւոր բաներ լավ աննկատ են` Եկեղեցու շուրջ մեծ աղմուկի, հատկապես խորհրդարանական տիեզերական մասշտաբի աղմուկի տակ, որտեղ երեկ վարչապետն արդեն հասել էր Եկեղեցու պետերի կլանայնությանը:
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթի այս համարում