Restart գիտության և կրթության հիմնդրամի համահիմնադիր Դավիթ Պետրոսյանի ֆեյսբուքյան գրառումը
Դե ինչ, կարծես՝ ամեն ինչ ավելի պարզ է դառնում։ Եթե լինեի Հայաստանում, ապա չէի բավարարվի միայն այս տեքստով։
Պայմանական վերնագիր՝ Արդյոք կարո՞ղ է ֆորպոստում հեղափոխություն լինել։ Արդյոք կարո՞ղ է ֆորպոստը պատերազմ մղել և երբ մղում է, արդյոք այդ պատերազմն այդ երկրի եւ իր ժողովրդի համար է, թե՝ մետրոպոլիայի։
Միտքն ավելի հստակ ներկայացնելու համար տեքստում ներառել եմ Նիկոլ Փաշինյանի երեկվա շրջադարձային ելույթից մի քանի հատվածներ և դրանից հետո արդեն առաջ քաշել որոշ հարցեր եւ դատողություններ։ Տեքստը երկար է, ավելի նման է հոդվածի, բայց հաշվի առնելով կարևորությունը՝ սպասել չկարողացա։
Կարդացեք նաև
2025թ․-ի հունիսի 19-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ 2018թ․-ի հունիսին նա հասկացել է՝ նա ՀՀ վարչապետ է պայմանականորեն, եւ ավելի շատ ֆորպոստի վարչապետ է։ Ապա նշեց, որ այս կարգավիճակում նա եղել է նաև 2019թ․-ին, իսկ 2020թ․-ի նոյեմբերից հետո եղել է ամենաֆորպոստի վարչապետի կարգավիճակում ու ՀՀ վարչապետ դարձել է 2022թ․-ի հոկտեմբերի 6-ին, և այդ գործում մեծ դեր է խաղացել 2021թ․-ի արտահերթ ընտրությունները։ Փաշինյանը նաև նշեց, որ այս տրամաբանության առանցքում եղել է այն, որ ՀՀ-ն ոչ թե նպատակ երկիր է, այլ միջոց երկիր է մի ավելի մեծ նպատակ երկրի հասնելու համար։
1․ Այժմ հստակ է դառնում՝ ինչու 2018-2019թթ․-ին, երբ կար իրական ռեֆորմներ անելու պոտենցիալ, Ն․ Փաշինյանը և իր քաղաքական թիմը չգնացին համակարգային փոփոխությունների, և պահպանեցին այն համակարգը, որը փոխելու համար ոտքի էր կանգնել ժողովուրդը, որը «հեղափոխական» տարբերակով փոխելու խոստումով իշխանության եկավ Ն․ Փաշինյանը։ Ավելին, այժմ ավելի հստակ է դառնում՝ ինչու 2018թ․-ին, 19թ․-ին Ն․ Փաշինյանն պետական առանցքային պաշտոններում թողեց/նշանակեց այսպես ասած հին կադրերին՝ ԱԱԾ պետ, դատախազ, ոստիկանապետ, ՊՆ նախարար, Ֆինանսների նախարար․․․։
2․ Փաստորեն ոչ թե տեղի էր ունեցել հեղափոխություն, այլ ուղղակի ֆորպոստի ղեկավարն էր փոխվել։ Փաստացի Ն․ Փաշինյանը խոստովանում է, որ գիտակցորեն մսխել է 2018․-ի հեղափոխական պոտենցիալը, և այն օգտագործել է ոչ թե ՀՀ-ում իրական փոփոխություններ անելու, այլ իշխանությունում մնալու համար։ Փաստորեն հեղափոխությունը ոչ թե միտված էր գոյություն ունեցող անարդար կարգը փոխելուն, այլ ուղղակի ֆորպոստի թեկնածուների միջև հերթական պայքարն էր, որում հաղթելու համար Ն․ Փաշինյանին պետք էր քաղաքացիների աջակցությունը։ Ցավոք, իր ասած 2018թ․-ի հունիսից հետո Ն․ Փաշինյանը բազմիցս հանրությանը մոլորեցրել է՝ նշելով, որ ՀՀ-ն անկախ է, ժողովրդավար է, և այլն․․․․Ֆորպոստը չի կարող ժողովրդավար լինել, ֆորպոստում չի կարող ժողովրդավարական անցում լինել։
3․ Ն․ Փաշինյանը պետք է պարզաբանի, որ երբ հայտարարում էր՝ Արցախը Հայաստան է և վերջ, նկատի ուներ, որ Արցախը ֆորպոստի մաս է, եւ վե՞րջ։ Եթե ինքը եղել է ֆորպոստի վարչապետ, այդ ինչի հիման վրա է նման հայտարարություններ արել, ի՞նչ ռեսուրսների, ի՞նչ տեղեկատվության վրա հիմնվելով է փորձել բանակցությունները սկսել սեփական կետից։ Փաստորեն մենք մասնակցել ենք պատերազմի և մեր ընկերները զովել են մի պատերազմում, որ ոչ թե անկախ ՀՀ-ի և անկախ Արցախի համար էր, այլ՝ ֆորպոստի եւ իր մետրոպոլիայի։
4․ Այժմ հստակ է դառնում, թե ինչու 2018․-ին, 2019-ին, 2020-ին պետական մարմինները բացարձակ անգործություն ցուցաբերեցին, երբ Կրեմլից, եւ Հայաստանում նրանց սատելիտ քաղաքական եւ քաղաքացիական խմբերի կողմից թիրախավորվեցին այն բոլոր խմբերը, որոնք պահանջում էին իրական փոփոխություններ, ռեֆորմներ։ Այդ ժամանակ Ն․ Փաշինյանը և իր քաղաքական թիմը ոչինչ չձեռնարկեցին, ասելով՝ որ պետք է դիմել դատարան։ Դատարաններ, որ նույն Փաշինյանը կոչ էր անում շրջապատել։ Փաստորեն 2018թ․-ի քաղաքական գործընթացները միջոց են ծառայել «լյուստրացնելու» պրոժողովրդավարական ուժերին, և ապա թուլացնելու ՀՀ քաղաքացիական հասարակությանը։ Իր հերթին իշխանության եկած քաղաքական ուժը, ոչինչ չձեռնարկելով, մասնակցել է ֆորպոստի մետրոպոլիայի շահերի սպասարկմանը՝ գործելով իր իսկ քաղաքացիների դեմ, այն քաղաքացիների ում օգնությամբ եկել է իշխանության։
5․ Ն․ Փաշինյանը և իր թիմը պետք է ասեն, թե երբ 2018․-ի նախահեղափոխական ժամանակաշրջանում ՔՊ գրասենյակ հրավիրում էին ընդդիմադիր կեցվածք ունեցող քաղաքացիների՝ առաջարկելով մասնակցել Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու դեմ ուղղված քաղաքական գործընթացներին, արդյոք նա/նրանք այդ ժամանակ տեղյակ չեն եղել ՀՀ-ի ֆորպոստի կարգավիճակի մասին, և արդյոք ընդհանրապես ֆորպոստում հնարավո՞ր է պատկերացնել հեղափոխություն։
Հետագա խոսքում պարզաբանելով, թե ինչ նկատի ունի ֆորպոստ ասելով՝ Փաշինյանը փորձեց որոշակիությունից խուսափել՝ նշելով՝ ֆորպոստացման մեջ ներգրավված է եղել ոչ թե մի երկիր, այլ՝ մի քանի, ու կարծել, որ մեկ երկրի ֆորպոստ է եղել Հայաստանն անարդարացի է։ Ավելին, նա մեղքը բարդեց իր և իր թիմի վրա՝ ասելով․ «ֆորպոստացման կրիտիկական մասսան եղել է ոչ թե մեզնից դուրս, այլ ինքներս ենք եղել, մենք ինքներս ենք ապահովել։ Մենք ինքներս մեզ հաշիվ չենք տվել, որ մենք ՀՀ կառավարություն ենք, խորհրդարան ենք, ժողովուրդ ենք, մենք ինքներս մեզ հաշիվ չենք տվել, որ մենք պետություն ենք, և չենք փորձել մեզ համար պարզաբանել, թե ինչ է պետությունը, ինչպիսի պարամետրեր ունի էդ պետությունը»։
6․ Այստեղ պարզ է, որ Ն․ Փաշինյանը փորձեց խուսափել տալ ՌԴ-ի անունը՝ հարցի արտաքին քաղաքական կողմը հաշվի առնելով։ Ավելին նույն ՌԴ-ին պաշտպանեց՝ փաստացի ասելով, որ վերջինիս պետք չի մեղադրել, դրանում մեղավոր են ինքն ու իր թիմը, իրենք ավելի շատ են ցանկացել լինել ֆորպոստ, քան պահանջվել է։
7․ Փաստորեն, երբ Ն․ Փաշինյանը և իր քաղաքական թիմը ներգրավվել էին հեղափոխական գործընթացներում, նրանք բավարար պատկերացում չեն ունեցել, թե ինչ է պետությունը, կառավարությունը։ Ավելին, իշխանության գալուց հետո նրանք իրենց հաշվի չեն տվել, որ ՀՀ կառավարությունն են, և այդ կարգավիճակում ստանձնել են ՀՀ-ում ռեֆորմներ անելու պարտավորությունը, և վարել են պատերազմ։
Ն․ Փաշինյանի այս խոսքը հատկապես հատկանշական է․
«Ինչպիսի՞ն էի ես 2018թ․-ի հունիսին, և ինչպիսի՞ն եմ ես 2025 թ․-ի հունիսին։ Երբ որ էս հարցն ինքս ինձ, ինքս ինձ հետ մենակ մնալով, անկեղծորեն, որովհետև ուրիշների առաջ խոսել մի բան է, ինքդ քեզ հետ խոսել այլ բան է, որովհետև ուրիշների հետ խոսալիս, կարելի է ինչ-որ բան չհիշատակել, բայց ինքդ քեզ հետ խոսելիս հնարավոր չէ, որևէ բան չհիշատակել, որովհետև էդ ամբողջը հիշատակված է»:
8․ Փաստորեն Ն․ Փաշինյանը փորձում է լեգիտիմացնել իրականությունն ամբողջությամբ չասելու երևույթը, և դա իր համար նորմալ է։ Ավելին, նա ընդունում է, որ իր գործընկերներին, հանրությանը ոչ ամեն ինչն է ասում/ասել, եւ սրանից հարց է առաջանում․ ի՞նչ սկզբունքով է Ն․ Փաշինյանը որոշում ինչ-որ բան ասել, եւ չասել։ Եթե իր հետ անկեղծ է, ապա ուրիշների հետ անկեղծ չէ՞։ Սա ի՞նչ է։ Խոսքը չի վերաբերում պետական գաղտնիքներին, եւ ինքն էլ դա նկատի չուներ։ Հաշվի առնելով այս ամենն՝ արդյոք ես պետք է հավատա՞մ այն ամենին, ինչ նա ասում է հիմա։
Այս ամենից պարզ է դառնում, որ 2018թ․-ից սկսած հետևողականորեն, այդ թվում նաև ՀՀ իշխանությունների մասնակցությամբ, ՀՀ-ում քաղաքական դաշտը, նարատիվները փորձում են պահպանել «ներկա-նախկին» տրամաբանության մեջ՝ նպատակ ունենալով տեղ չթողել ռեալ բարեփոխումների մասին քննարկումների համար։ Կարելի է փաստել, որ առնվազն մինչ 2021թ․-ը ՀՀ-ում քաղաքական պայքարը եղել է ոչ թե ՀՀ վարչապետ դառնալու, այլ ֆորպոստի լավագույն թեկնածու լինելու համար։
Եվ վերջում, ի՞նչ պետք է մտածենք մենք հիմա՝ արդյոք այժմ տեղի ունեցող «աղմկահարույց» ձերբակալություններն այս նույն սցենարի մասն են, եւ հերթական փորձն են ամբողջությամբ «դասավորել» դաշտը մինչ 2026․թ․-ի ընտրությունները, թե ոչ։ Դաշտ, որից մետրոպոլիան գոհ է, իսկ ֆորպոստի ղեկավարի թեկնածուների ցանկը կանխատեսելի և կառավարելի է։