Լրահոս
Ֆեյքի վերջը
Օրվա լրահոսը

3 իրար փաթաթված զինվորի դի է տեսել, 1 զինվորի դին էլ ինքն է հանել. այրված զինվորների գործով վկայի հիշողությունը վերականգնվեց

Հունիս 20,2025 15:13 Share

Այսօր Գեղարքունիքի մարզի Սեւանի նստավայրում Ազատ գյուղի զինվորական կացարանում բռնկված հրդեհի ու դրա հետեւանքով 15 զինվորի մահվան դեպքի քննության գործով դատական նիստում հարցաքննվեց զորամասի նյութական ապահովման վաշտի հրամանատար Արամ Ջամալյանը:

Նրա պատմելով՝ ինքը կացարանի հրդեհի մասին տեղեկացել է գիշերը, անմիջապես անձնակազմին է իրազեկել. «Քանի որ իմ գործը տրանսպորտային միջոցների հետ է կապված, զանգել եմ վարորդներին, որ զգոն լինեն, որ ըստ անհրաժեշտության՝ խնդիրներ կատարեն:

Դեպքի վայր գնացել եմ լուսադեմին: Հրդեհն արդեն մարվել էր, դեպքի վայրում բավականին շատ մարդ կար, դիակների դուրսբերման ականատես չեմ եղել: Այդ աշխատանքներն արդեն ավարտված էին»:

Դեպքից հետո տարբեր ստորաբաժանումներին հակահրդեհային միջոցներ բաժանելու գործընթացին իր ենթակաները մասնակցե՞լ են հարցին, վկան պատասխանեց ինքը նման ցուցում չի տվել, տեղյակ չէ :

 

Մինչեւ Մառլեն Սարգսյանի՝ ԳՇ պետի պաշտոնում նշանակվելը եղե՞լ է, որ նրան նախորդող պետը՝ Խաչատրյանը, հակահրդեհային անվտանգության դասընթացներ անցկացնի հարցին, վկան կրկին պատասխանեց՝ չի հիշում: Այսպես վկան մի շարք հարցերի պատասխանեց՝ չի հիշում, ինչից հետո նրա վատ հիշողության մասին ակնարկներ եղան դատավարական կողմերից:

-Պատերազմի հետեւանքները ձեր հիշողության ո՞ր իրադարձությունների վրա կարող էր ազդած լինել,-հետաքրքրվեց տուժողների ներկայացուցիչ Նորիկ Նորիկյանը՝ արձագանքելով վկայի հայտնած տեղեկությանը, թե պատերազմը ազդեցություն է թողել իր վրա:

 

-Բաներ կան, որոնք մոռանում եմ, հետո հիշում,- արդարացավ վկան:

Ո՞ւմ հետ է գնացել դեպքի վայր՝ հարցին վկան պատասխանեց՝ չի հիշում, բայց հիշեց՝ քաղաքացիական մեքենայով է գնացել Վարդենիսից, ոչ թե ինչ-որ մեկի հրահանգով, այլ իր ցանկությամբ է գնացել:

Այս վկան նախաքննական ցուցմունքում հայտնել էր, որ անձամբ մասնակցել է դիերի դուրսբերմանը:

-Մեկ դի էլ հանել եմ քանդված պատի դիմացի անկյունի հատվածից գետնի վրա, դրանից հետո դուրս եմ եկել սթափվելու,- վկայի նախաքննական ցուցմունքից մեջբերեց փաստաբան Նորիկյանը:

-Նկատի եմ ունեցել՝ օգնել եմ հանել են, անձամբ դի չեմ հանել,- արդարացավ վկան:

-Գրած չէ, որ օգնել ես, -նկատեց Նորիկյանը:

Այդ պահից վկայի հիշողությունը մասամբ վերականգնվեց:

-Չեմ սպասել, որ մեկն ասի՝ գնա այդ «լապատկեն» վերցրու, քանդի, ասենք՝ ԱԻՆ-ի ժողովուրդը տանում էր դիակները, ես էլ կողքից օգնել եմ , պատգարակն եմ բռնել,- վերհիշեց վկան:

Ծնողները արձագանքեցին՝ լավ էլ հիշեցիր, հա…:

Մինչ այդ վկան պնդում էր՝ ոչ միայն ինքը, այլեւ նույնիսկ իրենց անձնակազմից որեւէ մեկը չի մասնակցել զոհված զինվորների դիերի դուրսբերման աշխատանքներին:

-Ո՞նց կարող էիք այրված զինվորներին տեսած լինեիք ու նրանցից մեկին էլ դուք հանած լինեիք ու չհիշեիք,- զարմացավ Նորիկյանը:

Վկան նախաքննական ցուցմունքում նաեւ հայտնել էր, որ դիերի դուրսբերման աշխատանքների ժամանակ եւս երեք զինվորի փաթաթված վիճակում է նկատել: Ասաց՝ բոլորն էլ դեպքի վայրում տեսել են այդ դիերը: Նորիկյանը դատարանում խնդրեց նկարագրել, ոնց են իրար փաթաթված եղել այդ դիերը՝ մահճակալին պառկած, նստած, կիսանստած:

«Դե փաթաթված նկատի ունեի, որ իրար կողքի են եղել»,- ասաց վկան:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30