Հակակոռուպցիոն դատարանում դատավոր Կարապետ Բադալյանի նախագահությամբ այսօր կայացավ ըստ հայցի ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով վարչության՝ ընդդեմ Հովիկ Աբրահամյանի եւ մյուսների՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի մասին դատական նիստը:
Դատախազությունը հստակեցրեց հայցվոր կողմի դիրքորոշումը: Մեծ հաշվով՝ Սահմանադրական դատարանի որոշմամբ որեւէ փոփոխություն չգրանցվեց այս գործի շրջանակներում, ինչը պաշտպանական կողմը, բնականաբար, չի կիսում:
«Այն գույքերը, որոնք փորձում են բռնագանձել, ամեն դեպքում դրանց հետ հանցավորության կապի վերաբերյալ որեւէ փաստական տվյալ չներկայացվեց, չլրացվեց, ինչը բացահայտ անհիմն է դառնում: Բացի դա, եթե իրավասու մարմինը մյուս կոմպոնենտն է դիտարկում, այսինքն, պաշտոն ստանձնելու հանգամանքը, այդտեղ եւս գույքային ձեռքբերումների որոշակի ժամանակահատված կա, որը դատախազությունը հաշվի չէր առնում: Այսինքն, առերեւույթ հայցը այդ մասով ակնհայտ անհիմն է դառնում: Բացի դա, մենք խնդրահարույց ենք դիտում, մասնավորապես, 90-ականներին պաշտոնավարման ժամկետը դիտարկելը գույքի բռնագանձման հիմք: Դա, այդ հիմքերը եւս հաշվի առնելով մենք արագացված դատաքննության միջնորդություն ներկայացրինք, որի էությունը այն է, որ հայցը ակնհայտ անհիմն է, մեր ընկալմամբ՝ ՍԴ տված ուղենիշների առկայության պարագայում հայցն այլեւս կամ ամբողջությամբ կամ առնվազն մի որոշ մասով ակնհայտ անհիմն է:
Դատարանը կայացրեց որոշում, որ այս պահին չի տեսնում նման հիմք կիրառելու անհրաժեշտություն, այսինքն, մեր այդ կարծիքը չկիսեց»,- դատական նիստի ավարտին Aravot.am-ի հետ զրույցում ասաց Հովիկ Աբրահամյանի պաշտպան Վարազդատ Ասատրյանը:
Կարդացեք նաև
Այդքանով այսօրվա նիստն ավարտվեց: Հաջորդ նիստերը կկայանան հուլիսի 16-ին, ժամը 15:00-ին եւ հուլիսի 17-ին, ժամը 10:00-ին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ