Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի մասնաճյուղերից հատկապես Վանաձորինն աչքի է ընկնում վարպետության դասերի բազմաքանակությամբ մասնավորապես վերջին տարիներին: Այս անգամ թատերականի Վանաձորի մասնաճյուղ էին հրավիրվել միանգամից երկու բարձրակարգ մասնագետներ. կատարողական արտիստ, դերասանուհի Մարի Հանեն Գերմանիայից և պարող, խորեոգրաֆ Անդրեա Դիոնիսին Իտալիայից:
ԵԹԿՊԻ Վանաձորի մասնաճյուղի տնօրեն, բանասիրական գիտությունների թեկնածու և վերջերս արդեն դոցենտի գիտական կոչմանն արժանացած Էլֆիք Զոհրաբյանի նախաձեռնությամբ հաճախ են իրականացվել վարպետաց դասեր, հանդիպումներ (Հայաստան, Ռուսաստան, Վրաստան): Համագործակցելով գեղագիտության ազգային կենտրոնի հետ, որը ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ իրականացնում է ժամանակակից ակնառու արվեստագետների այցը ՀՀ, ԵԹԿՊԻ Վանաձորի մասնաճյուղը երկու օր ունեցավ դերասանի վարպետության և ժամանակակից պարերի, հիպ-հոպի ու այլ պարաձևերի տեխնիկայի նրբությունների յուրացման տպավորիչ դասեր:
Կարդացեք նաև
Գերմանացի դերասանուհու և իտալացի խորեոգրաֆի դասերից հետո ոգևորված ուսանողներին գեղագիտական կենտրոնի և այդ ծրագրի ղեկավար, ռեժիսոր Վահան Բադալյանը հանձնեց մասնակցության վկայականներ, ինչպես նաև շնորհակալագիր՝ բուհին: Գերմանուհին նույնպես տպավորված էր Վանաձորի մասնաճյուղի շնորհալի ուսանողներով և հատկապես նրանց խանդավառությամբ:
Մեր այն հարցին, թե արդյոք էլի եք արտասահմանից ունեցել հյուրեր, մասնաճյուղի ղեկավար Է. Զոհրաբյանը պատասխանեց. «Ո՛չ, առաջին անգամ էր, որ Վանաձորի մասնաճյուղում վարպետության դասերն անցկացնում են Իտալիայից ու Գերմանիայից ժամանած մասնագետները: Տարբեր ժամանակային հատվածներում զգալ նույն գործողությունների տեմպը, բեմում առարկան իմաստավորել ու «հաղորդակցվել նրա հետ», զգալ խաղակցին կամ տիրապետել ժամանակակից պարի տեխնիկային այլ մոտեցումներով, շատ ենք կարևորում, որովհետև ուսանողը պետք է իմանա՝ ինչ է կատարվում այս պահին աշխարհում իր մասնագիտական դաշտում, պետք է նաև «համտեսի» դրսի մասնագիտական կերակուրը, քաղի այն, ինչ իրեն կօգնի այդ բարդ արվեստում, որպեսզի պրոֆեսիոնալ դառնա, ինքն իրեն գերազանցի և առաջ նայի: Ես այլ պայմանավորվածություններ էլ ունեմ՝ և ուրախ եմ, որ, անկախ ուսանողի՝ վարպետաց դասերի նշանակությունն այժմ խորապես գիտակցելու ունակությունից, ինքը հնարավորություն ունի սովորելու նոր բաներ կամ իմացածը վերանայի: Ափսոս, եթե դպրոցներից ուսանողները գային նաև լեզուների տիրապետելով, հնարավորություն կստեղծեինք նաև արտերկրում գործնական գիտելիքներ ստանալու համար: 21-րդ դարի բեմի մարդը պետք է ունիվերսալ լինի: Շնորհակալություն նաև հարգելի Վահան Բադալյանին ծրագրի համար»:
Նշենք, որ ԵԹԿՊԻ Վանաձորի մասնաճյուղի կադրերը զբաղված են Հովհ. Աբելյանի անվան պետթատրոնի, Վանաձորի տիկնիկային ու Բոհեմ կամերային, Ալավերդու քաղաքային թատրոններում, ինչպես նաև «Հորովել» անսամբլում:
Սամվել Դանիելյան