Լրահոս
Իրանի հակահարվածը
Օրվա լրահոսը

«Նիկոլ Փաշինյանի համար Պոլսո հայոց պատրիարքարանի դռները բացել են, որովհետև ցանկացել է Կոմիտասի արձանին ծաղիկ դնել»․ Արա Գոչունյան

Հունիս 20,2025 20:00

«Պատրիարքարանն այսօր փակ է, բայց Նիկոլ Փաշինյանի համար Պոլսո հայոց պատրիարքարանի դռներն էլ են բացել, որովհետև ցանկացել է Կոմիտասի արձանին ծաղիկ դնել»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց Պոլսի «Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանը։

Մեր փաստմանը՝ ըստ մամուլում տեղեկությունների՝ Պոլսո հայոց պատրիարքարանի ներկայացուցիչները Ստամբուլում չեն մասնակցել Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը, և պատրիարքարանը փակ է եղել, որպեսզի վարչապետը չկարողանա ներս մտնել և հարցին՝ Նիկոլ Փաշինյանը Պոլսի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանն այս հարցին անդրադարձե՞լ է, Արա Գոչունյանն այսպես պատասխանեց․

«Վարչապետն այդ խնդրին տեղեկացավ և հանդիպման ընթացքում ասաց՝ եթե իրենք չեն եկել, ես կգնամ եկեղեցի։ Արդեն այս պահի դրությամբ գնացել է այնտեղ մոմավառության»։

 

Արա Գոչունյանը ևս մասնակցել է Նիկոլ Փաշինյանի հետ շուրջ երկու ժամ տևած հանդիպմանը։

Հետաքրքրվեցինք՝ ի՞նչ հարցեր են քննարկվել, ի՞նչ մթնոլորտում է անցել հանդիպումը, նա պատմեց․ «Վարչապետի ծրագրում առաջին հանդիպումը Թուրքիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ տեսակցությունն էր։

Սկզբում վարչապետը ներածական խոսք ունեցավ, դրանից հետո հարցուպատասխանի բաժինն էր։ Հայ-թուրքական հարաբերությունների մասին ծավալուն խորհրդածություններ արեց, ասաց, որ վեց ամիս առաջ իրատեսական չէր այսպիսի երկկողմանի այցը պատկերացնել, բայց արդեն հենց այս փուլում իրատեսական է դարձել։ Հետևաբար ինքն ասաց, որ երկու տարի առաջ սկսած գործընթացն արդեն հետևողականորեն քաղաքական կամքով առաջ է մղվում, իրենք այս գործը ձեռնարկել են հավատքով, որ հաջող ելք կունենա և այդ վճռականությամբ ու համոզմամբ շարունակվում է։

Վարչապետը նշեց, որ չափազանց մեծ ակնկալիքներ ունենալ պետք չէ Էրդողանի հետ հանդիպումից։ Խաղաղության խաչմերուկը՝ ներառյալ բազմաբնույթ խնդիրներ, պետք է քննարկվեն։ Վարչապետն  ասաց, որ Նյու Յորքում պարոն նախագահի հետ խաղաղության խաչմերուկի թեմային անդրադարձել էին, բայց ազատ խոսակցության հնարավորություն չեն ունեցել, ուստի պարոն Փաշինյանն առիթ է նկատում Ստամբուլում այս ազատ խոսակցության մթնոլորտը խաղաղության խաչմերուկը ներկայացնելու պատեհ առիթ ընկալել։

Նա ասաց՝ ես երբ տեղյակ լինեմ թուրքական կողմի իրազեկվածության մասին, վստահ լինեմ, հետո կխոսեմ թուրքական կողմի վերաբերմունքի մասին։ Բացի դրանից ասաց, որ  նախագահ Էրդողանի հետ զրուցելիս իր նկատառմանը պետք է հանձնեմ Ադրբեջանի հետ հաշտության գործընթացի վերաբերյալ ՀՀ դիրքորոշումները։ Ասաց՝ կարևորում եմ, որ իրար լավ հասկանանք։ Կարևոր է, որ խնդիրներին ճիշտ բանաձևում տանք։ Ասաց՝ հայ-թուրքական հարաբերություններից ավելի պետք է Թուրքիա-Հայաստան հարաբերություններ որակենք սրանք ՝միջպետական հարաբերությունների հարթության վրա դնելով։ Ըստ Փաշինյանի՝ եթե այդ ուղղությամբ հարաբերությունների որակի փոփոխություն լինի, դա կարող է պայմանավորել նաև ամբողջ տարածաշրջանը Հանդիպման ընթացում Փաշինյանը նշեց, որ Թուրքիայի հետ նոր երկխոսության օրակարգում ներառվում են նաև Թուրքիայում գտնվող ՀՀ-ի քաղաքացիների խնդիրները»։

Արա Գոչունյանից հետաքրքրվեցինք՝ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, «Խաղաղության խաչմերուկը Թուրանի ճանապարհին արգելք չէ, ճանապարհն արդեն պատրաստ է, եթե կա ջրի ճամփան, ապա մենք բոլորս կարող ենք միասին խմել այդ ջուրը, որևէ խոչընդոտ չկա» հանդիպման ընթացքում արձագանք չի՞ եղել կամ հակադարձում, Արա Գոչունյանը պատասխանեց․ «Համատեքստից առանձնացված մեջբերում է։ Շատ մանրամասն պետք է պատմեմ, որի ժամանակը չունեմ, ցավոք։ Ինքն ասաց, որ մենք մեր հաղորդակցության ուղիները պատրաստ ենք բացել և նույնը ակնկալում ենք շրջակայքից։ Ասաց, որ աշխարհի վրա չկա մի երկիր, որը փակ վիճակում լինի։ Այդ խոսակցություններն իմ ասածի ածանցվածն է։ Մեկն անկապ հարցում արեց՝ միջպետական հարաբերություններին ոչ հարիր տերմինաբանությամբ՝ ջուր խմել և այլն, ու այլ հարթակ տեղափոխեց այդ խոսակցությունը»։

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30