Այսօր Գեղարքունիքի մարզի Սեւանի նստավայրում Ազատ գյուղի զինվորական կացարանում բռնկված հրդեհի ու դրա հետեւանքով 15 զինվորի մահվան դեպքի քննության գործով դատական նիստում հարցաքննվեց նաեւ Ազատի բնակիչ Ռազմիկ Խաչատրյանը:
Ըստ նրա՝ Եղիշեի ձայնից է դուրս եկել, տեսել հրդեհը, երկու զինվորի է տեսել վառված, մեկին դուրս էին բերում, ինքը միանգամից զինվորներից մեկի հեռախոսով էլ զանգել է փրկարար ծառայություն:
Կարդացեք նաև
Վկայի պատմելով՝ երբ գնացել է փրկարարներին դիմավորելու, Եղիշե Հակոբյանին է տեսել, որը ճանապարհով դեպի ներքեւ էր իջնում ու գոռում՝ ես եմ մեղավոր, զենք տվեք, ինձ խփեմ:
-Երկու հոգին գետնին էր, էն մեկին էլ դուրս էին հանում: Փորձել եմ կացարան ներս մտնել մուտքից, բայց մուխ ու կրակ էր, չէիր կարող մոտենալ: Մեկին, որ քաշում էին, էդտեղ եմ եղել, նույնիսկ օգնել եմ ես: Երկու հոգին ձյան վրա էին նստած: Ներսից ոչ մի արձագանք չի եղել, գոռացել ենք: Այդ ընթացքում գյուղից մարդիկ են եկել, բայց ոչ մի բան չկար անելու, ոչինչ չէին կարող անել, այդ տիպի մեծ էր հրդեհը: Երկու զինվորի գրկել, դրել ենք քաղաքացիական գյուղի ավտոն, տարել հիվանդանոց: Որ գրկել եմ, ստեղ ինչ-որ փափուկ էր, դրանից էլ մի տեսակ վախեցա: Հաստատ այրվածք էր,- պատմեց վկան:
Ըստ նրա՝ դեպքի վայրում է լսել, որ 15 զինվոր կա կացարանում: Դեպքի վայրում մնացել է մինչեւ փրկարարների գալը, դրանից հետո, նրանց հորդորել են գնալ տարածքից, ինքն էլ գնացել է:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ