Սիրված գրողը՝ հոբելյանի, երկրի վիճակի ու դեպի արմատները գնալու, մաքրվելու մասին
Սիրված գրող ու հայրենատեր քաղաքացի Լեւոն Ջավախյանը հունիսի 19-ին դարձավ 75 տարեկան: Նա ամենաընթերցվող հեղինակներից է, ինքն էլ իր գրականության նման պարզ ու խորը, դրա համար էլ Ջավախյանին պետք է բնորոշել որպես ուստա գրող, որովհետեւ նա բառի ու հույզի վարպետ է, նրա ամեն տողից կյանք ու հայրենիք է ծորում: Գրելն, իհարկե, երկնային շնորհ է, բայց նրա գրականությունը շատ երկրային է, հերոսները բոլորս ենք՝ միս ու արյունով, մահկանացու, ոմանք՝ արժանապատիվ, ոմանք՝ տմարդի ու անպատիվ: Բոլորն այս իրականության ծնունդ են, իրենք կան, գոյություն ունեն, ինչպես գոյություն ունի Ջավախյանի՝ հայրենիքն անպատիվներից ազատագրելու երազը:
75-ամյա հոբելյանի վերաբերյալ «Առավոտի» հարցին ի պատասխան՝ Լեւոն Ջավախյանն ասում է, որ ամեն մարդու ծննդյան օրն իր համար կարեւոր է, քանի որ ամեն մեկի համար հենց ինքն է տիեզերքի կենտրոնը. «Ինձ համար էլ դարակազմիկ իրադարձություն է, քանի որ արդեն երեք քառորդ դար ապրել եմ: Ցավոք, այնքան տրամադրությունս ընկած է, ուզում էի գողեգող անցնել, որ ոչ մի առումով չնշվի, չհիշվի, որովհետեւ երկրի վիճակը ճնշող է, բայց քո ապրած կյանքի կողքով ո՞նց գողեգող կանցնես… Եթե մի անգամ էլ հույս ունենայի ապրելու, էս մի անգամ գողեգող կանցնեի, հաջորդ անգամ բացահայտ՝ արեգակի նման կճառագեի»:
Հարցնում ենք՝ որպես գրող իրեն հաջողակ համարո՞ւմ է, ուստա գրողն այսպես է արձագանքում. «Ականջիս տակին պեծիկ կա՝ նշան, մերս էդ նշանը տեսել էր, ու ասում էր՝ իմ տղան նշան ունի, նշանավոր մարդ պիտի դառնա: Ես էլ երեխա վախտը ոչնչով աչքի չէի ընկնում՝ միամիտ, ամեն բանին հավատացող, դպրոցում էլ առանձնապես լավ չէի սովորում: Հինգերորդ դասարանում, հիշում եմ, մերս գնահատականներս բերեց՝ ծերից ծեր երեքներ էին, բայց տրուդավոյ երեքներ էին էլի, նշանակովի չէին: Ինքս ինձ հարց տվի առաջին անգամ՝ էս երեքներով ո՞նց պիտի նշանավոր մարդ դառնամ, բա էդ մարդը չպիտի՞ մի քիչ էլ խելոք լինի… Բայց էն ինչ ճակատագրի կողմից կանխորոշված էր, էդպես էլ կատարվեց: Երբ հետ եմ նայում, տեսնում եմ՝ ինչ խութերի, ինչ ճանապարհների միջով եմ անցել, տեսնում եմ, որ որոշ առումով իմ փայ բաժնով, իմ ճակատագիրը իրականացել է, էս դեպքում մարդը ոնց կարող է երջանիկ չլինի, իմ տարիքում ուրիշ գրողները կամ մեռած են, կամ դադարել են գրել, իսկ ես նոր-նոր ջոկում եմ, թե ինչ է նշանակում գրականություն… »:
Կարդացեք նաև
Քանի որ Լեւոն Ջավախյանը շատ ցավագին է ընդունում այն ամենը, ինչ կատարվում է մեր երկրում, հետաքրքրվում ենք՝ հե՞շտ է այս իրավիճակում գրելը: «Ինձ համար միշտ հեշտ է գրելը, ես երբեք նստելու համար չեմ նստում, ես սպասում եմ գրելուն, եւ դա է մուսան… ես ոչ թե սյուժետային գրող եմ, այլ երբ ասելիք եմ ունենում, նստում գրում եմ, ու գրելիս գիտես ոնց եմ գրում… ասելիքը իմ մեջ խառնում եմ, դարձնում գոգլի-մոգլու նման, ասելիքս քաղցրանում է ու դառնում գրականություն…»,-նշեց գրողը:
Դիտարկմանը, թե անցյալ անգամ, երբ ալեկոծված էր, ասաց, որ շատ դժբախտ կհամարի իրեն, եթե չտեսնի այս իշխանությունների վախճանը, կհամարի, որ զուր է ապրել, Լեւոն Ջավախյանը հետեւյալ կերպ արձագանքեց. «Մի անգամ մի շատ նշանավոր մարդ, գրոսմայստեր, եկավ ականջիս ասեց՝ Լեւոն, ես աշխարհի ամենադժբախտ մարդը կլինեմ, եթե մեռնեմ, ու Նիկոլը դեռ վարչապետ լինի… Կամ իմ մոտ ընկերոջ՝ Վահան Իշխանյանի մայրը՝ Բյուրակն Իշխանյանը 100-ին է մոտենում, ասում է՝ չեմ մեռնելու, ոտքս դեմ տված մնալու եմ, մինչեւ դրա հեռանալը տեսնեմ… Սա չգիտեմ ինչ է, էս ազգը մի՞թե էդքան մեղավոր է, որ մեր մեղքերի համար Աստված նման պատիժ է ուղարկել: Իհարկե, ես էլ դժբախտ մարդկանցից մեկը կլինեմ, եթե սա մնա վարչապետ, իմ ցավն էնքան մեծ է, որ անգերեզման չեմ մնա, իմ ցավը քար կդառնա ու կնստի իմ սրտի վրա»:
Իր կարծիքով՝ որն է պատճառը, որ այս իշխանությունները եւ անձամբ Փաշինյանը թիրախավորում են Հայոց եկեղեցին ու հոգեւորականներին: «Պատճառը մեր ինքնությունն է, մեր հայ լինելը, Ռափայել Պատկանյանի եւ Րաֆֆու հիմքերի վրա ստեղծվեց մեր ազգային գաղափարախոսությունը… Իսկ Ռափայել Պատկանյանն ասում էր՝ հայը նշանակում է մայրենի լեզու, հայրենի դավանանք, կրոն եւ ազգի պատմություն: Նիկոլը հերթով պղծում է ամեն բան, ազգի պատմությունն արդեն իսկ պղծել է՝ իր ԿԳՄՍ նախարարով, նույնիսկ Մասիսին նայելու իրավունք չունենք… Ինքը եկեղեցուն դեմ է, նույն ձեւով էլ լեզուն է դեգրադացիայի ենթարկում, մեր հայոց լեզուն դարձրել է հայհոյախոսություն, ավետարանից է խոսում, բայց նրա ավետարանը Էրդողանի գիրքն է, որ դրել էր սրտին ու սեպերը բաց արել… Նա ցուցում ունի, որ մեզ մանկուրտ դարձնեն, սուննաթեն, կրտեն ազգային առումով… Իսկ ում է պետք էդպիսի կյանքը, բաներ կան, որ կյանքից թանկ են, դա ազգային արժանապատվությունն է, ինքնությունն է… Ինքը պղծեց ամեն ինչ, ժողովրդին դարձրեց ամորֆ զանգված, ապրում են ու շատերն ասում են՝ հիմի ավելի լավ են ապրում, քան առաջ: Ինքը աշխարհի ամենամեծ սուտասանն է, իսկ սուտը բոլոր արհավիրքների, բոլոր մեղքերի հայրն է՝ կոռուպցիայի, հայրենադավության… Եվ Հայաստանում չկա մեկը, որ ստի առումով իրեն մրցակից լինի»,-ընդգծում է գրողը ու հավելում, որ ժամանակն է վերադառնալ ի շրջանս յուր:
«Ես իմ գրքի վերնագիրը ինչի՞ եմ դրել «Ետ արի», որովհետեւ ծառը կանգուն է, եթե հետ է գնում դեպի իր արմատները, եւ եթե արմատները չլինեն, ծառը չի լինի, իսկ Նիկոլը կացինը ձեռքին՝ մեր արմատները կտրում է: Ու եթե մենք ուզում ենք առաջ գնալ, պիտի նախ հետ գնանք մեր արմատները… Ինքը ամեն վատ բան անում է, գնում Թալինում կրակ է վառում, անմեղ երեխեքին հավաքում է, ասում է՝ մեր սարը Արագածն է, այսինքն՝ մարդկությունն էլ է մերժում… Արարատից է, չէ՞, սերվել մարդկությունը… Ինքը չի ուզում, որ մարդը տեսնի, թե որտեղից է գալիս Նոյյան տապանը»,- ասաց գրողը:
Մեր զրույցի ժամանակ Լեւոն Ջավախյանի նոր գրքին էլ անդրադարձ եղավ:
Նա առանձնապես փակագծեր չբացեց, ընդամենը հետեւյալն ակնարկեց. «Մինչեւ տարվա վերջ կլինի նոր գիրքս, Վանոն ասում էր՝ «Գյադաների ժամանակը», ես պայմանական ասած՝ գրում եմ գյադու ժամանակի մասին, այժմ փնտրտուքի մեջ եմ, ժամանակը կգա, իմ վերնագիրը կդնեմ, բայց որ գյադու ժամանակ ենք ապրում, դա փաստ է»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Հ.Գ. Շնորհավորում ենք սիրված գրողին հոբելյանի առիթով ու մաղթում քաջառողջություն եւ մշտապես բեղուն գրիչ, որ ինչպես ինքն է ասում՝ «ծնկան ծերին» զուլալ ստեղծագործի ու վայելի ամենաիրական «Նոբելյան» մրցանակը՝ ժողովրդի թանկ սերն ու հարգանքը:
«Առավոտ» օրաթերթ
20.06.2025