Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր հանրությունը մեծավ մասամբ ունի բարոյականության ու գիտակցության այն մակարդակը, որ չընդունի սուտը որպես ճշմարտություն, պատերազմը՝ խաղաղություն, ազատությունը՝ ստրկություն ու տգիտությունը՝ ուժ․ Տաթև Հայրապետյան

Հունիս 21,2025 11:09

«Իմ քայլը» դաշինքի նախկին պատգամավոր, ԵԽԽՎ–ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը

«Պատերազմը խաղաղություն է։ Ազատությունը ստրկություն է։ Տգիտությունն ուժ է», սրանք Օրուել «1984»-ի հայտնի խոսքերն են, որոնք մեր իրականության պայմաններում շատ հաճախ ենք լսում մեր երկրի ղեկավարից։

Սուտ՝ զուգորդված տգիտության հետ, դա Նիկոլ Փաշինյանի ուժն է։ Ստել անվերջ, անսպառ, ստով սուտը ժխտել, հետո նոր սուտ հորինել, կլինի դա Արցախի հիմնահարցի, Հայաստանի անկախության, խաղաղության, պատերազմի, ինքնիշխանության, կոռուպցիայի դեմ պայքարի և այլ հարցերի մասին։ Սուտը պետական քաղաքականություն վարելու լավագույն միջոցն է դարձել։

Բայց եկել է մի պահ, որ այդ սուտն արդեն անտանելի է հանրային առումով, մի կողմից՝ հեգնանքի է արժանանում, մյուս կողմից՝ արհամարհանքի։ Հենց այս պայմաններում էլ ճշմարտության մասին խոսքը լռեցնելու ու սուտը ճշտի տեղ անցկացնելու համար իշխանությունների կողմից գործի է դրվում վիրավորանքի, հայհոյանքի արատավոր մի մեթոդ, երբ ցանկացած բովանդակային խոսք լռեցվում է հայհոյանքով, չկա քննարկում, չկա բովանդակություն, չկա փաստ, ով ինչ գրի ու ասի, արժանանում է վիրավորանքի ու հայհոյանքի, բայց ոչ երբեք բովանդակային արձագանքի։ Դա ճշմարտության մասին խոսացողների դեմ հոգեբանական պայքարի հմուտ մեթոդ է։

Մյուս կողմից՝ սուտը լռեցնելու մեկ այլ մեթոդ է վախի մթնոլորտի սերմանումը, որը ևս պետք է օգնի իշխանություններին լռեցնել մարդկանց։ Վերջին շրջանում այդ մեթոդը շատ է կիրառվում, Սամվել Կարապետյանի դեմ գործողությունն էլ այդ ժանրից էր։ Իշխանությունները իրենց գործողություններով ուղերձ են հղում հանրությանը՝ «մի՛ խոսեք, մի՛ արտահայտվեք, մի՛ պաշտպանեք եկեղեցուն կամ ազգայինի ու ինքնության հետ կապված որևէ հիմնասյուն, ձեր հետևից գալու ենք, ցանկություն որ լինի, մեթոդը կգտնվի»։ Սա էլ սուտը որպես ճշմարտություն անցկացնելու մեկ այլ տարբերակ է, որը դրվել է ակտիվ կիրառության մեջ։

Բայց ես մի ունիկալ երևույթի ականատես եմ լինում վերջին շրջանում։ Ստի դեմ պայքարը մղվում է հենց մեր հանրության կողմից, ես չեմ ասում էլիտաների կամ ինչ-ոչ իրավապաշտպան խմբերի կամ անգամ փորձագիտական համայնքի կողմից, չէ, ես ասում եմ՝ հենց պարզ, սովորական, իր կենցաղով ու կյանքով ապրող բազմաթիվ ՀՀ քաղաքացիներ ասում են ՈՉ՝ ՍՏԻՆ։ Չի անցնելու։ Կա առաջին հայացքից չերևացող հանրային դիմադրություն ստին, բայց դա այնքան հստակորեն առկա է։ Ընդ որում, անգամ ֆեյսբուքյան տիրույթում է երևում, քննադատների մեծ մասը իրական օգտատերեր են, իրենց դեմքը չեն թաքցնում կարծիք արտահայտելիս, իսկ պաշտպանողների 90%-ից ավել կեղծ օգտահաշիվներ են, այսինքն՝ իրական դեմքով սուտ պաշտպանողների թիվը շատ քիչ է։ Ես չեմ ասում, որ ստի այս քաղաքականությունը չունի իրական աջակիցներ, քավ լիցի, ունի, դա ես չեմ հերքի։ Բայց ես նաև տեսնում եմ, որ մեր հանրությունը մեծավ մասամբ՝ ունի բարոյականության ու գիտակցության այն մակարդակը, որ չընդունի սուտը որպես ճշմարտություն, պատերազմը՝ խաղաղություն, ազատությունը՝ ստրկություն ու տգիտությունը՝ ուժ․․․

Այս հարցում Նիկոլ Փաշինյանը շատ է թերագնահատում հայ ժողովրդին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30