Մի կողմից՝ խոսում են խաղաղության մասին, բայց Ադրբեջանը հայ պատանդներին համեմատում է նացիստների ու ֆաշիստների հետ, և «Նյուրնբերգյան դատավարության» մասին է խոսում: Այս պայմաններում կարո՞ղ ենք լավատես լինել, որ խաղաղության գործընթացը հանգեցնելու է այդ անձանց վերադարձին՝ «Առավոտի» «Առերեսում» հաղորդաշարի ընթացքում այս հարցին ի պատասխան՝ «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի» ղեկավար, ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը մասնավորապես ասաց. «Իմ գնահատմամբ՝ իրավական գործընթացներին հետևելն է բարձրագույն խաղաղության մակարդակի ցուցանիշը, որովհետև քաղաքականությունը վայրի է, այստեղ հավասարակշռված մոտեցումներ չկան, և դեռևս ուժի սպառնալիքն է հասունացնում լուծումներ։ Հիմա, երբ տեղայնացնում ենք հայ-ադրբեջանական հարաբերություններին, մենք տեսնում ենք, որ գերիների շատ հեշտ լուծելի խնդիրը տևական ժամանակ չի լուծվում, և չմոռանանք, որ մենք գերիներ ունենք դեռևս 2020 թվականից։ Ընդ որում, այս մարդիկ տարեց են, այսինքն՝ նրանց կյանքի տևականությունը շատ երկար չէ, և մենք չգիտենք՝ նրանք այս տառապանքներն ինչպե՞ս են հաղթահարելու»:
Ընդգծելով, որ եթե կա խաղաղություն՝ իրենց բնույթով հեշտ լուծելի են այս խնդիրները ու պետք է իրենց լուծումը ստանային, Սիրանուշ Սահակյանը հավելեց, «Եթե կա խաղաղություն, ինձ համար առնվազն բացատրելի չէ՝ ինչո՞ւ չլուծված խնդիրները չպետք է իրենց կարգավորումը ստանան միջազգային իրավական ատյանների միջոցով, ինչո՞ւ խաղաղության համաձայնագիրը պարտադրում է միջպետական գանգատներից հրաժարում, և եթե այդ հրաժարումը տեղի է ունենում ու խնդիրները լուծված չեն, ի՞նչ նոր, քաղաքակիրթ մեխանիզմներ են առաջարկվում այդ հարցերը լուծելու համար»:
Հաղորդման մյուս հյուրը՝ պատմական գիտությունների թեկնածու, Ադրբեջանի հարցերով փորձագետ Տաթեւիկ Հայրապետյանն այս առնչությամբ նկատեց. «Եթե մենք խոսում ենք միջազգային իրավական ակտերի հետքաշման հնարավոր սցենարից՝ հանուն խաղաղության պայմանագրի, ապա անհասկանալի է, թե ինչպե՞ս կարող է դրան զուգահեռ՝ Բաքվում ընթանալ ամբողջությամբ ապօրինի, փակ ու ներքին գործընթաց՝ առանց որևէ պարզաբանման, լուսաբանման ու փաստի, և դա ներկայացվի որպես գործընթաց Հայաստանի Հանրապետության դեմ»:
Նա հիշեցրեց, որ 2025-ի օգոստոսի 8-ի հանդիպման ժամանակ, ըստ տարածված տեսանյութի՝ Թրամփը Փաշինյանին էր դիմել՝ գերիների վերաբերյալ հարցնելով. «Ասում եք, որ 23 քրիստոնյա հայեր կան, ես պատրաստվում եմ խնդրել, որ դա անեն, կարծում եմ՝ հանուն ինձ կանեն դա, սա կարեւոր է, չէ՞»: «Այո»,- գլխով էր արել ՀՀ վարչապետը: Տաթեւիկ Հայրապետյանը հարցրեց. «Այդ ամենից անցել են ամիսներ. հարց՝ Թրամփը դիմե՞ց Ալիևին, թե՞ ոչ, արդյոք Հայաստանի իշխանությունները շարունակո՞ւմ են պնդել ու ասել, որ իրենց համար կարևոր է, որ Թրամփը դիմի Ադրբեջանի ղեկավարին»: Հակադարձելով դիտարկմանը, թե Իրանի իրադարձությունների համատեքստում սա արդեն դժվար լուծելի խնդիր է՝ ասաց. «Առավել եւս, երբ ընդհանուր իրավիճակը բավականին լարված է տարածաշրջանում, այդ հումանիտար քայլը միայն օգուտ է բերելու լարվածության թուլացմանը»:
Կարդացեք նաև
Տաթեւիկ Հայրապետյանն ընդգծեց. «Արդյոք հայկական կողմը հետևողակա՞ն է եղել, որ ամերիկյան կողմին ցույց տա, որ ոչ միայն Ձեր փաստացի դիմումը, հորդորը կամ միջնորդությունը մերժվում է, այլ ավելի նոր ագրեսիայի տեղ է տալիս։ Այստեղ արդեն ամերիկյան կողմի հեղինակության հարցն է։ Այսինքն՝ մենք բազմաթիվ հնարավորություններ և անկյուններ ունենք այս իրավիճակը խաղարկելու ու մեր խնդրին լուծում տալու, որը չի արվում»:
Ի դեպ, ադրբեջանական ԶԼՄ-ները հաղորդագրություն էին տարածել, թե Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևան և նրա աշխատակազմի Ազգային կանխարգելիչ խմբի անդամներն այցելել են այն հաստատություն, որտեղ պահվում են հայ գերիները, այդ թվում՝ Ռուբեն Վարդանյանը. «Ըստ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի՝ հարցված և բժշկական զննում անցած անձինք, այդ թվում՝ Ռուբեն Վարդանյանը, նշել են, թե «իրենց նկատմամբ մարդասիրական վերաբերմունք են ցուցաբերել, խտրականության կամ վատ վերաբերմունքի չեն արժանացել, նրանց տրամադրվել է բժշկական օգնություն, ապահովվել են համապատասխան կենսապայմաններ»։
Սիրանուշ Սահակյանն այս առնչությամբ ասաց. «Հայտարարության մեջ վկայակոչված հանգամանքները մեզ համար ստուգելի չեն, մենք պարզապես այլընտրանքային աղբյուր չունենք։ Երկրորդը՝ ընտրված լեզուն չափազանց խորամանկ էր. նշվել էր, որ այցելել են քրեակատարողական հիմնարկ, և ընդհանրապես մեզ համար հստակ չէ՝ պայմաններին անձամբ օմբուդսմե՞նն է ծանոթացել, թե՞ օմբուդսմենի գրասենյակի աշխատակիցները քրեակատարողական հիմնարկի ղեկավարի կամ աշխատակիցների հետ զրույցներ են ունեցել և այդ զրույցները վերարտադրում են իրենց զեկույցներում»:
Հավելեց, թե պետք է վերապահումով վերաբերվել Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանին. «Նախ՝ Կարմիր խաչի վտարումից հետո Ադրբեջանը փորձում է միջազգային հանրությանը իմիտացնել, թե կան հայերի իրավունքները պաշտպանող ներպետական մեխանիզմներ, և սրանով փորձում է ազդել նաև միջազգային դատարանների դիրքորոշումների վրա: Քանի որ նախորդ դատական գործերով մենք հասել ենք այն արձանագրմանը, որ թեև պաշտպանության որոշակի միջոցներ տեսականորեն գործում են Ադրբեջանում, բայց դրանք անարդյունավետ են էթնիկ հայերի առնչությամբ, և նրանք կարող են իրենց իրավունքների միջազգային պաշտպանություն հայցել առանց ներպետական միջոցները սպառելու։ Հիմա, որպեսզի Բաքվի իշխանությունները խաղը տեղափոխեն ներպետական հարթություն՝ փորձում են ձևացնել, թե նոր, արդյունավետ մեխանիզմներ են ծնվում իրենց երկրում, և որպես այդպիսին վկայակոչում են իրենց օմբուդսմենին։ Եվ այս այցելություններով էլ ներկայացնում են, թե բաց գոյություն չունի, խոշտանգումների կանխարգելման մեխանիզմ կա՝ այցելում է, լսում է նրանց խնդիրները, լուծումներ է տալիս, և այլն, և փորձում են այս ինստիտուտի հեղինակությունը բարձրացնել՝ նախ ներպետականորեն, եւ միջազգային հարթակում այն մատուցել որպես Կարմիր խաչին փոխարինող կառույց։
Դա չի կարող տեղի ունենալ, քանի որ մի դեպքում մենք գործ ունենք միջազգային, չեզոք մեխանիզմի հետ, մյուս դեպքում՝ ներպետականի։ Ընդ որում, մեր հանրությանը ծանոթ են նաև օմբուդսմենի և քաղաքական էլիտայի անձնական ու այլ կապերը: Մասնավորապես՝ վերջինիս (Սաբինա Ալիեւայի. խմբ) ամուսինը քաղաքական թիմի անդամ է, հայրը՝ դիվանագիտական կորպուսի աշխատակից, և այս պաշտոնում գտնվելն էլ հենց պայմանավորված է Ալիևների հետ ջերմ, ընտանեկան ու անձնական կապերով»: Եվ վերջապես՝ Ադրբեջանի պարագայում կա միջազգային հստակ գնահատական, որ ՄԻՊ-ը չի գործում գործադիր իշխանությունից անկախ:
Զրույցի ընթացքում անդրադարձ եղավ նաեւ Տաթեւիկ Հայրապետյանի հրապարակած վիճակագրությանը, թե վերջին 4 ամսվա մեջ Ադրբեջանի պետական «Ազերթաջ» լրատվական գործակալությունն արել է 137 հրապարակում, որտեղ ՀՀ տարածքը կոչվել է «Արևմտյան Ադրբեջան»: Մտահոգություն հայտնելով այս եւ նման փաստերի առնչությամբ՝ Նիկոլ Փաշինյանն այսուհանդերձ նշել էր. «Եթե մենք ասում ենք՝ Արարատը մերն է, Դադիվանքը մերն է, ասում ենք, որ Արցախը մերն է, ի՞նչը իրենց պետք է սահմանափակի հայելային ձեւով նույնը ասելու»:
Հանգամանալից ներկայացնելով, թե երբ եւ ինչ պայմաններում Ալիեւը շրջանառության մեջ դրեց «Արեւմտյան Ադրբեջանի» գաղափարը՝ Ադրբեջանի հարցերով փորձագետը հավելեց, թե «հայելային» բառը չարաբաստիկ է դարձել. «2021 թվականի մայիսին, երբ ադրբեջանական զորքերը ներխուժում էին մեր տարածք, նույն Նիկոլ Փաշինյանն առաջարկում էր հայերին հայելային հետ քաշվել։ Դրանից հետո մենք ունեցել ենք նոր ներխուժում, ունեցել ենք 2022-ի սեպտեմբերի պատերազմ, տարածքների օկուպացիա: Իր ասած «հայելային» տերմինից հետո մեզ հետ շատ վատ բաներ են տեղի ունենում։ Ուստի, չգիտեմ, դժվար ինչ-որ գործողություն անի, բայց լավ կլիներ գոնե այս հարցում այդ տերմինը չօգտագործել»:
Զրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում
Աննա ԻՍՐԱՅԵԼՅԱՆ


















































