Լրահոս
Օրվա լրահոսը

Սննդի օգնություն տրամադրվեց Արցախից բռնի տեղահանված բազմազավակ ընտանիքներին

Հունիս 21,2025 21:06

Առիթ եղել է ասելու, որ շուրջ երկու տարի համագործակցում են «Գուրգեն Մելիքյանի՝ Քաշաթաղի բազմազավակ ընտանիքների հիմնադրամ»-ը (ԳՄՔԲԸՀ) և Կանադայի «Գլոբալ-Մեդիկ» («Global-Medic») մարդասիրական կազմակերպությունը։ Օրեր առաջ Երևան էին ժամանել կանադական այդ կառույցի ներկայացուցիչներ Ստեփան Մյուլերը և Մարի Չուկրան, ովքեր Հիմնադրամի գործադիր տնօրեն Գուրգեն Մելիքյանի և հոգաբարձության խորհրդի անդամների հետ սննդի օգնություն տրամադրեցին Արցախից բռնի տեղահանված բազմազավակ ընտանիքներին։

Հիմնադրամը, ինչպես հայտնի է, երկար տարիներ աջակցություն էր ցուցաբերում Արցախի տարբեր բնակավայրերում ապրած բազմազավակ և սոցիալապես անապահով ընտանիքներին։ Արդեն երկրորդ տարին է՝ շարունակում է նրանց աջակցել ՀՀ տարբեր մարզերում և Երևանում, որտեղ վերաբնակվել են նրանք իրենց պատմական բնօրրանից բռնի տեղահանվելուց հետո։ «Գլոբալ-Մեդիկ» կազմակերպության հիշյալ կամավորները մայիսի վերջին ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի մասնաշենքում, որը ԳՄՔԲԸՀ-ի գործատեղին է, հոգաբարձուների հետ միասին մասնակցեցին մոտ 20 շահառու ընտանիքներին սննդով աջակցելուն, այնուհետև այցելեցին Հայաստանի տարբեր վայրերում բնակվող արցախցիներին։ ԳՄՔԲԸՀ-ի գործադիր տնօրեն, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի նախկին դեկան, պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանը, հոգաբարձուների խորհրդի նախագահ, ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի նախկին դեկան, պրոֆեսոր Արծրուն Ավագյանը և հոգաբարձուների խորհրդի անդամ, ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի նախկին դեկան, պրոֆեսոր Մարատ Գրիգորյանը կանադացի հյուրերի հետ միասին օրերս այցելեցին արդեն հայաստանաբնակ շահառուներին։

 

Առաջին ուղևորությունը կայացավ ՀՀ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղ, ուր այժմ բնակվում են Արմեն և Արմինե Բադալյանները։ Նրանց ընտանիքը վեց երեխա ունի։ Բռնագաղթվել է Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր գյուղից այժմ վարձով բնակվում է Ձորաղբյուրում։ ՀՀ-ում բռնագաղթվածներից առաջինն է, որ հիմնադրամի կողմից ստացել է կով։ Այցելության հաջորդ նշանակետը Նոր Խարբերդն էր, որտեղ իր երեք երեխաների հետ վերաբնակվել է Արցախի Մարտունու շրջանի Մաճկալաշենի բնակիչ Նուբար Դանիելյանը։ Նրա ամուսինը հերոսաբար զոհվել է 2023 թ․ սեպտեմբերի 23-ին հայրենի գյուղը պաշտպանելիս։ 2020թ․ պատերազմում էլ նահատակվել էին Նուբարի եղբայրները։ Համագործակից բարերարների մյուս նպատակակետը Արմավիրի մարզի Էջմիածնի տարածաշրջանի Շահումյան գյուղն էր, ուր բնակվում է Քրիստինե Ամյանի ընտանիքը՝ 12 երեխաներով։ Բարերարները նրանց ևս հատկացրին նախատեսված աջակցությունը։ Օրվա ընթացքում հյուրերը Հիմնադրամի գործադիր տնօրենի և հոգաբարձուների խորհրդի անդամների ուղեկցությամբ այցելեցին Մայր աթոռ Սբ․ Էջմիածին և Զվարթնոցի տաճար, ծանոթացան Հայոց եկեղեցու պատմությանը, վաղ միջնադարյան եկեղեցաշինական ճարտարապետությանը։

Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30