Լրահոս
Օրվա լրահոսը

«Բելգիականը լավագույն օրինակն է, թե ինչպես է պետությունը երկխոսում երիտասարդի հետ». հայկական պատվիրակության այցն ու տպավորությունները

Հունիս 21,2025 22:09

«Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից hունիսի 9-14-ը «Երիտասարդները գործելիս. Հայաստանում երիտասարդների զորեղացման և առաջնորդության խթանման» ծրագրի շրջանակում երիտասարդական քաղաքականությունը, համայնքային երիտասարդական ծառայությունների առանձնահատկությունները ուսումնասիրելու նպատակով ուսումնական այցով Բելգիայի Թագավորություն էր մեկնել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, երիտասարդական ոլորտի նորաստեղծ ՀԿ-ների ներկայացուցիչներից ու փորձագետներից բաղկացած 13 հոգանոց պատվիրակություն։

Հայաստանյան պատվիրակությունը հյուրընկալվեց տարբեր կառույցներում՝ Բրյուսելում տեղակայված Եվրոպական հանձնաժողովում, «Էրազմուս+ միջազգային երիտասարդական աշխատանք» ազգային գործակալությունում, երեխաների ու երիտասարդության հարցերով ֆլամանդական նախարարությունում, Գենտի համայնքապետարանում, «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամում, Բելգիայի Թագավորությունում երիտասարդական աշխատանքի ոլորտում ճանաչում ունեցող հասարակական կազմակերպություններում։

Նշենք, որ Բելգիայի Թագավորությունն ունի երեք կառավարություններ՝ ֆլամանդական, ֆրանսիական և գերմանական, ամենամեծը ֆլամանդականն է․ այս համայնքներից յուրաքանչյուրն, ունենալով իր առանձին նախարարությունները, յուրովի օրենքներ և քաղաքականություններ է մշակում։

Բելգիայի Թագավորությունում երիտասարդների մասին խոսելիս նշում են 0-30 տարեկանը ու իրենց քաղաքականությունը ներկայացնելիս՝ շեշտում «երեխաների ու երիտասարդների համար տարվող քաղաքականություն»։

Հայկական պատվիրակության այցը կարևորվում էր նաև նրանով, որ ՀՀ-ում ընդամենը վերջերս է ընդունվել «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքը, որը պարտավորեցնում է Հայաստանի բոլոր համայնքներին ստեղծել երիտասարդական միջավայր, ունենալ տարածքներ կամ երիտասարդական կենտրոններ, ավելին՝ համայնքապետարաններում նոր հաստիքներ ստեղծել՝ երիտասարդական աշխատողի։ Այս առումով արտերկրյա փորձը ուսումնասիրելու մեծ անհրաժեշտություն կա։

«Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի ներկայացուցիչ, «Երիտասարդները գործելիս. Հայաստանում երիտասարդների զորեղացման և առաջնորդության խթանման» ծրագրի թիմի ղեկավար Անի Թորոսյանը Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ ծրագրի բյուջեն 2 միլիոն եվրո է․ 60 տոկոսը ֆինանսավորում է Եվրոպական Միությունը, իսկ 40 տոկոսը՝ «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամը։

Ըստ մեր զրուցակցի՝ ծրագիրը մեկնարկել է 2023 թվականի մարտ ամսին, այն  իրագործում են հայաստանյան մի քանի գործընկերների՝ «Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի, «Վորլդ Վիժն Հայաստանի» և «Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի» հետ։ Նպատակը քաղաքացիական հասարակության կարողությունները զարգացնելն է, երիտասարդներին հզորացնելն ու երկրի քաղաքական, հասարակական, սոցիալական կյանքին ավելի ակտիվ ներգրավվելը։

«Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ խորհրդի նախագահ, երիտասարդական ոլորտի փորձագետ-ուսուցանող Արթուր Նաջարյանի ներկայացմամբ էլ, «Երիտասարդները  գործելիս. Հայաստանում երիտասարդների զորեղացման և առաջնորդության խթանման» ծրագիրը երկարաժամկետ և բազմաբովանդակ է, ունի տարբեր բաղադրիչներ։ Այն և՛ ենթադրամաշնորհներ է տրամադրում հասարակական կազմակերպություններին, անհատ մասնագետներին՝ երիտասարդության ոլորտում քաղաքացիական կրթության գործիքների, երիտասարդական աշխատանքի զարգացմանն ուղղված ուղեցույցների մշակման, ինչպես նաև երիտասարդների հզորացման ու մեդիագրագիտության տարածման համար։ Ծրագիրը նաև ուսումնական այց է նախատեսում՝ այլ երկրների փորձը ուսումնասիրելու նպատակով։

Բելգիայի Թագավորությունում երիտասարդներին առաջնահերթություն և ռազմավարական նշանակություն է տրվում․ կառավարությունը ֆինանսական միջոցներ չի խնայում նրանց  համայնքների կառավարման մեջ ներգրավելու, բարեկեցիկ կյանք ապահովելու ու նրանց հետ տարվող աշխատանքը բարձր մակարդակի հասցնելու համար։

Օրինակ՝ ֆլամանդական կառավարությունը երիտասարդական քաղաքականության համար մեծ գումարներ է հատկացնում, այսպես՝ 2023 թվականին հատկացված բյուջեն եղել է 65 մլն 700 հազար եվրո։ Միայն երիտասարդական աշխատանք կատարելու համար այդ նույն կառավարությունը՝ ըստ օրենքի պարտավորվում է տարեկան հատկացնել 100 հազար եվրո։

«Երիտասարդական աշխատանքը կանխարգելիչ միջոց է, լավ է մեծ գումար ներդնենք, խնդիրների առաջացումը նվազեցնենք, քան արդեն ձևավորված լուրջ խնդիրների առաջ կանգնենք ու մեծ գումարներ ծախսենք՝ դրանք վերացնելու համար»,-այս սկզբունքով են առաջնորդվում բելգիացիները։

«Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ խորհրդի նախագահ, երիտասարդական ոլորտի փորձագետ-ուսուցանող Արթուր Նաջարյանն ասաց․ «Չնայած նրան, որ Բելգիան իրեն չի համարում  Եվրոպայում երիտասարդական աշխատանքում առաջամարտիկը, այնուամենայնիվ, պետությունը շատ կարևորում է երիտասարդի հետ տարվող աշխատանքը, և դրա համար առաջնահերթություններ է սահմանում, և դրա վառ վկայությունը մեծ բյուջեի, ֆինանսի հատկացումն է։

Բելգիայում տեղեկացանք, որ նախարարության բյուջեի 0,1 տոկոսն ամբողջապես հատկացված է երիտասարդության ոլորտին, երիտասարդների հզորացմանը, ինչը հսկայական թիվ է կազմում։ Եթե մենք Հայաստանում նույն սահմանաչափը դիտարկենք երիտասարդության ոլորտը համակարգող մարմնի, այս պարագայում ԿԳՄՍ-ի բյուջեի 0,1 տոկոսը, ապա դա բավականին մեծ թիվ կկազմի, դրանով հնարավոր է ոլորտում շատ լուրջ, դրական փոփոխություններ անել։

Շատ հաճելի էր տեսնել՝ ինչպես համայնքներն ունեին երիտասարդների հետ աշխատող մասնագետներ, ոչ թե մեկ մասնագետ, այլ մասնագետներ՝ երիտասարդների կարիքի գնահատման, հետազոտության իրականացման, այդ թվում նաև երիտասարդների մասնագիտական կողմնորոշման, երիտասարդների՝ որպես անհատների և քաղաքացիների  սոցիալական կայացման համար։

Շատ սերտ համագործակցություն կար տեղում գործող մասնագիտական կառույցների հետ․ հաճելի էր տեսնել, թե ինչպես է պետությունը համայնքում երիտասարդական ծառայություններ ունենալու համար պատվիրակում  մասնագիտական կազմակերպություններին։ Մի քանի շերտերից կազմված համագործակցության մեխանիզմներ կային»։

Արթուր Նաջարյանը Բելգիայի Թագավորության երիտասարդական ոլորտում կարևորում է նաև պետության երկխոսությունը ինչպես երիտասարդի, այնպես էլ երիտասարդական կազմակերպությունների և համայնքների հետ։ Ըստ նրա՝ եռակողմ համագործակցություն և երկխոսություն կար։

«Ինձ համար՝ որպես երիտասարդական աշխատանքի ուսուցանող և փորձագետ, շատ կարևոր է այս մոտեցումը․ երիտասարդի մասնակցությունը ոչ թե լոկ նրա կարծիքը հարցնելն է, այլ նրա հետ երկխոսության գնալը, այսինքն՝ քննարկել, բանավիճել և դրա արդյունքում ունենալ լավագույն տարբերակը։ Սա մասնակցության լավագույն տարբերակներից է»,-ասաց Արթուր Նաջարյանը։

«Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի ներկայացուցիչ, «Երիտասարդները  գործելիս. Հայաստանում երիտասարդների զորեղացման և առաջնորդության խթանման» ծրագրի թիմի ղեկավար Անի Թորոսյանն էլ Aravot.am-ի հետ զրուցում, համեմատելով հայկական ու բելգիական իրականություններն, ասաց․ «Կային խնդիրներ, որոնք համընկնում էին․ օրինակ՝ թե՛ Բելգիայում, և թե՛ Հայաստանում երիտասարդական տարածքների բացը։

Տեղական կառույցները նշում էին այդ բացի մասին, Հայաստանում ևս տեսնում ենք այդ բացը, որոշ համայնքներ չունեն երիտասարդական միջավայրեր, որտեղ երիտասարդները կարող են հավաքվել, ինքնակազմակերպվել և թիրախավորել համայնքային տարբեր խնդիրներ, իրականացնել տարբեր ծրագրեր և ինչու չէ պարզապես ժամանակ անցկացնել։

Մենք ծրագրի շրջանակներում որոշակի լուծում տալիս ենք այդ հարցին, քանի որ նախատեսում ենք ստեղծել վեց երիտասարդական տարածքներ թիրախային մարզերում։

Այս գործողությունները համակարգում են մեր երկու գործընկերները՝ «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնը», որը երիտասարդական տարածքներ կհիմնի Շիրակում, Արմավիրում, Լոռիում և «Վորլդ վիժն Հայաստանը»՝ Սյունիքում, Գեղարքունիքում, Տավուշում։ Հուսով եմ, որ տարվա վերջ՝ հոկտեմբեր, նոյեմբեր ամիսներին արդեն կունենանք այդ տարածքները և կկարողանանք յուրաքանչյուրում մինչև ծրագրի ավարտը՝ 200 երիտասարդի ներգրավել։

«Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնը» Խոյի համայնքապետարանի հետ արդեն իսկ կնքել է հուշագիր՝ երիտասարդական տարածքի ստեղծման հետ կապված։

Կուզենամ խոսել նաև իրենց երիտասարդական քաղաքականության կարևորագույն ուղղություններից մեկի՝ հոգեկան առողջության մասին։ Ես այս կարիքը հստակ տեսնում եմ Հայաստանում քովիդից, պատերազմից, արցախահայերի բռնի տեղահանումից հետո, և ոչ միայն երիտասարդների, այլ մեծահասակների շրջանում կա այս կարիքը։

Կուզենամ, որ մեր կառավարությունն ու համապատասխան գերատեսչությունները, ինչու չէ դպրոցները, համալսարանները ուշադրություն դարձնեն այս հարցին և գուցե կարողանան ներառել  առարկաներ կամ մասնագետների, ովքեր աշխատանք կտանեն այս ուղղությամբ»։

ԿԳՄՍ նախարարության երիտասարդության հարցերի վարչության պետի տեղակալ Արմենուհի Պետրոսյանն էլ ասաց․ «Սովորաբար երիտասարդական քաղաքականության ուղղվածությունը կախված է նրանից, թե երիտասարդության հարցերի վարչությունը որ նախարարության ենթակայության տակ է գործում։ Տարբեր երկրներում տարբեր են։

Այն  երկրները, որտեղ սոցապ նախարարության ենթակայության տակ է, իրենց հիմնական խնդիրը լինում է երիտասարդների զբաղվածության հարցը ու շատ լուրջ ծրագրեր են անում, ռազմավարություն են մշակում, որ ապահովեն երիտասարդների զբաղվածությունը։ Բայց մեր երկրում մենք ասում ենք, որ երիտասարդական աշխատանքը երիտասարդների՝ որպես անհատի ձևավորումն է, երիտասարդների անձի ճանաչման, իրենց զարգացման միջոցով հասնել այն վիճակին, որ ինքը որպես ակտիվ քաղաքացի ձևավորվի, ամենաբարձրագույն մակարդակում էլ կարողանա մասնակից լինել որոշումների կայացման գործընթացին, իր մասնակցությունն էլ ուղղակի մասնակցություն չլինի, այլ լինի բովանդակալից մասնակցություն, իր կայացրած որոշումներն էլ ընդունվեն որոշում կայացնողների կողմից։ Այսինքն՝ մեր քաղաքականությունն ավելի զարգացում տանողն է»։

Արմենուհի Պետրոսյանի համար Բելգիայի Թագավորությունում նորություն էր տեղեկատվական ռազմավարական քաղաքականություն ունենալը։

 

«Մենք դրան ուշադրություն չենք դարձել, բայց այսուհետ հաստատ կդարձնենք, Բելգիայի Թագավորությունում ամեն ինչի համար ունեն տեղեկատվական ռազմավարություն։ Օրինակ՝ երիտասարդական քաղաքականության տեղեկատվական ռազմավարություն կամ երիտասարդական աշխատանքի տեղեկատվական ռազմավարություն։

Դա շատ լավ բան է, մենք այսօր խնդիր ունենք երիտասարդական աշխատանքի ճանաչելիության բարձրացման առումով։ Իհարկե, օրենքով հստակ գրված է, կկարդան ու կհասկանան, որ սա երիտասարդական աշխատանք է, բայց մենք ունենք խնդիր մեր մյուս ոլորտային գերատեսչությունների հետ նույն լեզվով խոսելու, իրար ճիշտ հասկանալու, բացատրելու, թե երիտասարդական աշխատանքն  ինչ է։ Դա ուղղակի երիտասարդների հետ տարվող աշխատանքը չէ, դա մասնագիտական հմտություններ պարունակող գործունեություն է, ու որպեսզի մարդիկ ավելի լավ կարողանան պատկերացնել, շատ կարևոր է ճիշտ տեղեկատվություն տարածելը»,-ասաց Արմենուհի Պետրոսյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30