Լրահոս
Իրանի հակահարվածը
Օրվա լրահոսը

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին պետությունների ու իշխանությունների խաղալիք չէ․ Տիրատուր քահանա Սարդարյանի պատասխանը Մարիա Կարապետյանին

Հունիս 22,2025 12:00

Պատասխան ՀՀ ԱԺ ՔՊ պատգամավոր Մարիա Կարապետյանին

2025 թ. հունիսի 18-ին՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում ելույթի ժամանակ պատգամավոր Մարիա Կարապետյանը հանդես եկավ Հայ առաքելական սուրբ եկեղեցու (ՀԱԵ, այսուհետ տեքստում ՝ Եկեղեցի) դեմ հերթական անհեթեթ կուսակցական հարձակումով՝ պահանջելով, որ այն ճանաչի «պետության գերակայությունը» և իր բազմադարյա ավանդույթները ենթարկի կառավարության քաղաքական կամքին։

Նրա խոսքերը ոչ միայն աստվածաբանական խեղկատակություն էին, այլև՝ դիտավորյալ սադրանք, որը սպառնում է Հայաստանի Հանրապետությանը։ Պատմական խեղաթյուրումների, իրավական ինքնավստահության և պոպուլիստական հռետորաբանության խառնուրդով Կարապետյանը փորձում է ներկայացնել իրենց կուսակցության ծրագիրը, ըստ որի եկեղեցին՝ հայ ինքնության ողնաշարը, պետք է վերածել օրվա իշխանության խաղալիքի։

Այդ ելույթը հարձակում է ոչ միայն Եկեղեցու, այլ նաև ողջ հայության վրա։ Ստորեւ փորձենք բացահայտել Կարապետյանի խոսքի մեջ թաքնված աբսուրդը, մանիպուլացիան և վտանգը։

Եկեղեցին ու հայոց վանքերը

Կարապետյանը պնդում է, թե հայ ժողովուրդն իր վանքերը «վստահել է» Եկեղեցուն՝ դրանք պահպանելու նպատակով։ Այս հայտարարությունը ոչ միայն կոպիտ սխալ մեկնաբանություն է, այլ նաև դիտավորյալ մի սադրանք, որը խեղաթյուրում է պատմական իրականությունը։ Հայաստանի և նրա սահմաններից  դուրս գտնվող վանքերը՝ Գեղարդից մինչև Տաթև, Դադիվանքից մինչև Հաճկատար ու Մշո Սուրբ Կարապետ, պատկանել են ու պատկանում են Հայ առաքելական եկեղեցուն, ոչ թե պետությանը կամ պետություններին (այդ թվում նաև այն եկեղեցիները, վանքերը, կալվածքներն ու գումարները, դրանք ապօրինի ու բռնի կերպով «ազգայնացված», եկեղեցուց խլված, գողացված են)։ Դրանք դարեր շարունակ եղել են հոգևոր և մշակութային կենտրոններ, որոնք ՀԱԵ-ն պահպանել է օտար տիրապետության, ցեղասպանության և խորհրդային ճնշումների ժամանակաշրջաններում։ Դառը ճշմարտությունը, որը Կարապետյանը շրջանցում է, այն է, որ պետությունները՝ մասնավորապես՝ կայսերական տերությունները, ինչպիսիք էին օսմանյան կայսրությունը կամ Խորհրդային Միությունը, բռնագրավել, թալանել և կործանել են այդ վանքերը։ Եվ հենց Եկեղեցին է եղել այն ուժը, որը անխոնջ ջանքով պաշտպանել է դրանք՝ հաճախ պետական բռնության դեմ պայքարելով։ Այսօր Եկեղեցին դեռ ձեռնպահ է ՀՀ-ից փոխհատուցում պահանջելու հարցում, բայց եթե այսպես շարունակվի, ապա պետք է անպայման քննարկել նաև միջազգային ատյաններում Եկեղեցու իրավունքների ու սեփականության վերականգնման հարցը:

Կարապետյանի պնդումը ապտակ է հայոց պատմությանը ու առողջ տրամաբանությանը։ Նա ակնարկում է, թե Եկեղեցին ընդամենը պետական ունեցվածքի կառավարիչ է՝ անտեսելով այն փաստը, որ ՀԱԵ-ն հենց ինքը սրբավայրերի ստեղծողնու պահապանն է։ Այս խեղաթյուրումը պատահական չէ. այն ծառայում է Եկեղեցին՝ իբրև ստորադաս կառույց ներկայացնելու նպատակին, որը ենթակա պետք է լինի օրվա իշխանությանը։ Այն ժողովրդի, որի համար վանքերը հավատքի և դիմադրության խորհրդանիշներ են, սա, կրկնեմ, սադրանք է, որն ուղղակի հարվածում է ազգային ինքնության սրտին։

Եկեղեցու գլոբալ դերը՝ սփյուռքի հենասյուն

Կարապետյանն ու նրա գաղափարակիցները, ներառյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անտեսում են մի կարևոր իրողություն. Հայ առաքելական եկեղեցին սահմանափակված չէ Հայաստանի Հանրապետության սահմաններով։ Այն, իրենց բառապաշարով՝ գլոբալ կառույց է, որը միավորում է միլիոնավոր հայերի սփյուռքում՝ Լոս Անջելեսից մինչև Բեյրութ, Փարիզից մինչև Մոսկվա ու Սինգապուր, Թեհրանից մինչև Երուսաղեմ, Կիեւից մինչև Բեռլին ու Փարիզ։ Աշխարհի տարբեր երկրներում ՀԱԵ-ն ոչ միայն հոգևոր կենտրոն է, այլ նաև լեզվի, պատմության և մշակույթի ազգային ու հոգևոր ինքնության հենասյուն։ Այս գլոբալ ընդգրկվածությունը Կարապետյանի՝ Եկեղեցին պետական վերահսկողության տակ դնելու փորձը դարձնում է աբսուրդ։

Եկեղեցին նաև ունի ժողովրդավարական կառուցվածք։ Ի տարբերություն Կարապետյանի ակնարկների՝ ՀԱԵ-ն միակուսակցական հոգևոր խավ չէ, այլ համայնք, որտեղ աշխարհականներն ու հոգևորականները միասին են գործում։ Ժողովներ, թեմական խորհուրդներ և հավատացյալների ակտիվ մասնակցությունը ձևավորում են նրա՝ որոշում կայացնելու գործընթացները։ Այս ժողովրդավարական կառուցվածքն է դարեր շարունակ Եկեղեցին դարձրել դիմադրող՝ պարսկական, օսմանյան և խորհրդային ճնշումների դեմ։ Կարապետյանի պահանջը, որ Եկեղեցին ենթարկվի օրվա իշխանությանը, անտեսում է այս իրականությունը և արտահայտում խորապես վիրավորական վերաբերմունք աշխարհասփյուռ հայ համայնքի նկատմամբ։ Նա փորձում է Հայաստանի սահմաններում եւ դրանից դուրս գործունեություն ծավալող հաստատության սահմանները նեղացնել՝ մինչև մեկ կուսակցության շահ։

Պետական գերակայությունը

Կարապետյանի հիմնական թեզն այն է, որ Եկեղեցին պետք է ճանաչի «պետության գերակայությունը»։ Սա ոչ միայն աստվածաբանորեն անընդունելի է, այլև՝ հակասահմանադրական։ ՀՀ սահմանադրությունը երաշխավորում է Եկեղեցու և պետության բաժանումը՝ միաժամանակ ճանաչելով ՀԱԵ-ի առանձնահատուկ կարգավիճակը։ Այս բաժանումը իրավական ձևականություն չէ, այլ՝ կրոնական ազատության պաշտպանության երաշխիք, որն ամրագրված է նաև միջազգային պայմանագրերով, ինչպես օրինակ՝ մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 9-րդ հոդվածը։ Կարապետյանի պահանջը ուղղակի հարձակում է այս հիմնարար իրավունքների վրա, փորձ՝ Եկեղեցին պետական կառույցներից մեկի վերածելու:

Պատմության ընթացքում ՀԱԵ-ն հաճախ եղել է պետական իշխանության հակակշիռ։ Ավարայրի ճակատամարտում (451 թ.) այն գլխավորել է դիմադրությունը պարսկական բռնի դարձի փորձին։ Հայոց ցեղասպանության ժամանակ այն ապաստան էր հալածվողների համար։ Խորհրդային շրջանում Եկեղեցին պահպանում էր հայկական ինքնությունը, երբ պետությունը փորձում էր այն ոչնչացնել։ Կարապետյանի պնդումը, թե Եկեղեցին «հաշտ» է եղել կայսրությունների հետ, կոպիտ խեղաթյուրում է Եկեղեցու պատմական դերը՝ որպես ազգային ոգու պահապանի։ Նրա՝ պետական վերահսկողության մասին պահանջը, ոչ միայն հակահայկական է, այլ նաև հակաժողովրդավարական, քանի որ թուլացնում է այն հաստատության ինքնավարությունը, որն ունի միլիոնավոր հավատացյալների վստահությունը (առնվազն երեք անգամ ավելի շատ, քան ՀՀ  որեւէ իշխանություն)։

Կուսակրոնության շուրջ քննարկումը պոպուլիզմ է

Կարապետյանի հարձակումը կուսակրոնության ինստիտուտի դեմ ևս մեկ օրինակ է նրա զրպարտչական մարտավարության։ Այս ընդհանրական քննադատությունը հոգևորականների հասցեին ամբոխահաճ փորձ է վարկաբեկելու Եկեղեցին՝ առանց որևէ փաստարկ ներկայացնելու և հասկանալու, թե ինչ է կուսակրոնությունը։ Կուսակրոնությունը ՀԱԵ-ում մի ճանապարհ է, որին հետեւողները՝ ճամփորդները, մարդ լինելով կարող են նաև սխալվել: Այդ պարագայում եկեղեցին ունի խոստովանության, ապաշխարության ու մեղքերի թողության Սրբազան Խորհուրդը, իսկ խոստովանության գաղտնիքը, եթե թարգմանենք աշխարհիկ լեզվի, անձնական տվյալ է, որը հանրայնացման ենթակա չէ և սերտորեն կապված է մարդու արժանապատվության հետ։ Կարապետյանի «բարեփոխման» պահանջը պետության իրավասությունից դուրս է և ոտնահարում է Եկեղեցու ինքնիշխանությունը։

Նրա լեզուն դիտավորյալ սադրիչ է՝ կասկած և բարկություն ներշնչելու փորձ։ Կեղծավոր հոգևորականների կերպար ստեղծելով, նա խաղում է հասարակության զգացմունքների, վախերի ու բարոյականության հետ: Սա իհարկե Եկեղեցին մերժելու և կառավարությանը՝ որպես բարոյական իշխանություն ներկայացնելու ստոր փորձ է: Հավատացյալ հասարակության համար սա հարձակում է Եկեղեցու հոգևոր ամբողջականության վրա, որը դարերով վայելել է ժողովրդի վստահությունը։ Փորձ է կատարվում վարկաբեկել եկեղեցին և սեփական անձն ու կուսակցությունը ներկայացնել իբրև բարոյական որոշումներ կայացնող անսխալական իշխանություն:

Փաշինյանի հռետորաբանությունը և խոսքի ազատությունը

Կարապետյանը պաշտպանում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հոգեւորականների հասցեին հնչեցրած սուր արտահայտությունները: Սա նրա ելույթի հակաժողովրդավար բնույթի եւս մեկ ապացույց է: Նա խոսում է «արժանի ցնցման» մասին՝ այն հոգևորականների նկատմամբ, որոնք քննադատում են պետությունը, նրանց անվանելով «գուբերնատորների սպասավորներ»։ Այս լեզուն միայն զրպարտչական չէ, այլ նաև հարձակում է խոսքի ազատության վրա, որը երաշխավորում է նաև հոգևորականների՝ իշխանություններին քննադատելու իրավունքը։ Արցախի պատերազմից հետո Եկեղեցին եղավ վշտի և ընդդիմության ձայն։ Կարապետյանի փորձը՝ այդ քննադատությունը ներկայացնել իբրև դավաճանություն, վկայում է իշխանամետ տոտալիտար ձգտումների մասին՝ լռեցնելու այլախոհությունը, վախեցնելու բոլոր նրանց, որ համակարծիք չեն «մեծարգո» Վարչապետի կարծիքի հետ։

Եկեղեցին իրավունք ունի արտահայտելու ի՛ր տեսակետը, հատկապես այն ժամանակ, երբ իշխանությունն արտաքին քաղաքականության կործանարար ձախողումների համար արժանանում է քննադատության։ Կարապետյանի՝ Փաշինյանի հարձակումներին աջակցելը ցույց է տալիս մտահոգիչ անտանելիություն բազմակարծության նկատմամբ, որը ժողովրդավարության հիմքն է։ Իսկ քաղբանտարկյալների թվի աճը Հայաստանում վկայում է, որ այս իշխանությունը, մեղմ ասած՝ սարսափելի բռնապետության վերածվելու ճանապարհին է:

Կոչ՝ Եկեղեցու պաշտպանության

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին պետությունների ու իշխանությունների խաղալիք չէ։ Նա հայ ինքնության հոգևոր սիրտն է, որն անցել է դարերի փորձության միջով, մայրաբար հոգալով իր զավակաց հոգսերը, ըստ կարողության։ Նրա վանքերը պետության սեփականությունը չեն, այլ սրբավայրեր են, որոնք Եկեղեցին ստեղծել ու պահել է արյան և հավատի գնով։ Նրա ժողովրդավարական կառուցվածքը, որը միավորում է հոգևորականներին և աշխարհականներին, դիմացկունության օրինակ է, որը կամրջում է հայոց սփյուռքը հայրենիքին։ Փաշինյանի ու նրա թիմակիցների ելույթներն ու գործերը ծրագրված հարձակում են հայոց հոգևոր ժառանգության վրա՝ Եկեղեցին խաղալիքի վերածելու փորձ, որի նպատակը«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության իշխանության ամրապնդումն է:

Կոչ եմ անում հայ ժողովրդին, հատկապես հավատացյալ իմ քույրերին ու եղբայրներին, ինչպես նաև իմ հոգևոր եղբայրներին՝ դիմադրել այս սադրանքներին:

Եկեղեցին առաջընթացի խոչընդոտ չէ, այլ հույսի փարոս։ Այն քաղաքական ինստիտուտ չէ, այլ հոգևոր միություն, որի նպատակը մարդկանց հոգևոր բարօրությունն է: Նրա վանքերը մեր պատմության վկայություններն են, նրա համայնքները՝ միասնության ցանց։ Պաշտպանենք ՀԱԵ-ն, որպեսզի այն չվերածվի որևէ պետության ձեռքի խաղալիքի:

Հիշենք՝ Ճշմարտությունն ավելի ուժեղ է սադրանքից, և մեր ժողովրդի միասնությունն ավելի ուժեղ է, քան որևէ բաժանարար ու պառակտիչ ծրագիր։

Եկեղեցին իր ամբողջականությամբ թույլ չի տա, որ իրեն գործիք դարձնեն՝ քաղաքական խնդիրներ լուծելու համար:

Տիրատուր քհն. ՍԱՐԴԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30