Լրահոս
Իրանի հակահարվածը
Օրվա լրահոսը

Ոչ ոք՝ անկախ իր զբաղեցրած պաշտոնից կամ ժամանակավոր քաղաքական դիրքից, իրավունք չունի անհարգալից և անբարո պահվածք դրսևորել Ազգընտիր Հայոց Հայրապետի հանդեպ․ Տեր Պողոս վարդապետ

Հունիս 22,2025 20:50

Աստվածաշնչյան սույն խոսքերը` «Մի՛ դիպչեք իմ օծյալներին և իմ մարգարեներին վնաս մի՛ հասցրեք» (Սաղմ. 104:15) այսօր առավել քան երբևէ արդիական են դարձել Հայաստանում, քանզի վարչապետի աթոռը զբաղեցնող անձն իր հրոսակախմբով հերթական անգամ լծվել է Հայոց Եկեղեցու թիրախավորմանը՝ անթաքույց կերպով փորձելով հեղինակազրկել հայության Սրբություն Սրբոցը։ Այս աննախադեպ քայլերը, որոնց նպատակն ազգային ինքնության հիմնասյուներից մեկի՝ Հայոց Եկեղեցու նկատմամբ հանրային հիասթափություն առաջ բերելն է, իրականացվում է միտումնավոր ու համակարգված ձևով։

Վերջին տարիներին անընդմեջ փորձ է արվում ջլատելու մեր ժողովրդի միասնականությունը, թուլացնելու ազգային արժեքները և աստվածակառույց մեր Սուրբ Եկեղեցու հոգեփրկչական և հայապահպան առաքելությունը։

Հայոց Եկեղեցին դարեր շարունակ եղել է հայ ժողովրդի հարատևության պահապանը՝ առաջնորդելով նրան թե՛ խաղաղության, թե՛ փորձությունների ժամանակ։ Այսօր, երբ Արցախ աշխարհը կորստյան է մատնված և հազարավոր հայորդիներ բռնի տեղահանված են իրենց հայրենի բնօրրանից, երբ մեր հայրենիքի սահմանները վտանգված են, երբ ազգային արժեհամակարգը սպառնալիքի տակ է, օրվա իշխանության կողմից Եկեղեցու դեմ ուղղված ատելության քարոզչությունը ոչ միայն անպատասխանատու քայլ է, այլ նաև դավաճանություն ազգային շահերին և հայ ինքնությանը։

Այսօր, ինչպես և հազարամյակներ առաջ, սաղմոսերգուի խոսքերը հնչում են անաղարտ ճշմարտությամբ՝ որպես աստվածային վճռական զգուշացում։ Ոչ ոք՝ անկախ իր զբաղեցրած պաշտոնից կամ ժամանակավոր քաղաքական դիրքից, իրավունք չունի անհարգալից և անբարո պահվածք դրսևորել ազգային Սրբություն Սրբոց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Ազգընտիր Հայոց Հայրապետի հանդեպ։ Ամենայն Հայոց Կաթողիկոսը երիցս օծյալ է աստվածային սուրբ տնօրինությամբ և ազգընտրությամբ։ Ուստի «Եկեղեցին՝ որպես նավ, Իր Նավապետով անսասան լողում է փոթորկում» (սբ․ Ներսես Շնորհալի)։

Հետևաբար Աստծո դատաստանով պիտի պապանձվեն բոլորի բերանները, պիտի կարկամեն հայհոյախոս լեզուները և ջախջախվեն նրանց պղծամիտ ձեռնարկները, քանզի Նա կանգնած է որպես հավատքի վկա, հոգևոր Պետ և ճշմարիտ Հովիվ՝ առաջնորդելու Տիրոջ ժողովրդին դեպի աստվածային ճշմարտություն և անանց փրկություն։

Որպես Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի զինվորյալ միաբան Շնորհազարդ Հայրապետի՝ Ն․Ս․Օ․Տ․Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Շնորաբաշխ Աջի Օրհնությամբ՝ պատրաստ ենք հաղթահարելու և անցնելու նաև այս դավադիր փորձությունները։

Ամեն հայի սրտից բխած,
Լսիր այս ձայն, ով Աստված.
Երկար կյանք տուր Հայրապետին,
Երկար օրեր Հայոց Հոր.
Տեր, անսասան պահիր դու միշտ
Քո իսկ հիմնած Մայր Աթոռ։

Տեր Պողոս վարդապետ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30