Թեև նախկինում նույնպես ՀՀ վարչապետը սփյուռքի հայ համայնքների հետ հանդիպումներում ակնարկել էր, որ Հայաստանի վարչապետը չի կարող սփյուռքի հայության հոգսերով զբաղվել, սակայն Թուրքիայում դրա մասին նա շատ մատչելի հայերենով արտահայտվեց, ինչը կարծում եմ առաջ բերեց մի շատ տրամաբանական հարց, թե այդ դեպքում ինչո՞վ պետք է զբաղվի սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատարի գրասենյակը, որի գործունեության համար, կարծում եմ, պետական բյուջեից քիչ գումարներ չեն հատկացվում և մարդկային ռեսուրսներ են օգտագործվում։ Առանց այն էլ այդ գրասենյակը առանձնապես աչքի չի ընկնում իր արդյունավետ գործունեությամբ, իսկ, վարչապետի՝ սփյուռքի հայությունից հրաժարվելու մասին հայտարարությունից հետո, այլևս հարցականի տակ է դրվում նշածս գրասենյակի գործունեության լեգիտիմությունը, քանի որ սփյուռքի գլխավոր հանձնակատարը մեծ հաշվով ներկայացնում է, այսպես կոչված, Իրական Հայաստանի վարչապետին։
Եթե նույն վարչապետը, իր իսկ խոսքերով, գործ չունի սփյուռքում ապրող հայի հետ, խուսափում է սփյուռքի հայության հոգսերին հաղորդակից լինելու իր պատասխանատվությունից, ուրեմն ի՞նչ իմաստ ունեն ընդհանրապես արտասահմանում հայ համայնքների հետ վարչապետի հանդիպումները կամ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևորականների հետ հանդիպումները:
Ավելին, եթե Նիկոլ Փաշինյանի նման վարչապետի համար ոտաբոբիկ մզկիթ մտնելը և այնտեղ աղոթելը, գոնե դիվանագիտության տեսակետից ինչ որ իմաստ կարող էր ունենալ, ապա Հայ Առաքելական եկեղեցիներ մտնելն ու այնտեղ ցուցադրաբար մոմ վառելը զավեշտության աստիճանի անիմաստ են դառնում՝ հայաստանյան հակաեկեղեցական իր գործունեության ֆոնին։ Կարծում եմ դրանք, այսպես կոչված, Իրական Հայաստանի վարչապետի համար օրակարգային ավելորդ հարցեր են։
Կարդացեք նաև
Վերադառնալով կրկին Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատարի գրասենյակի գործունեությանը, որի օգտակար գործողության գործակիցը զրոյական է, ըստ իս, պետք է լուծարվի, որովհետև, նա ի՞նչ գործ ունի օտար պետությունների հայ քաղաքացիների հետ, եթե նույնիսկ Հայաստանի վարչապետը նրանց հետ գործ չի ուզում ունենալ: Իսկ եթե արտասահմանում գտնվող հայերին որևէ հարցում օգնություն պետք լինի, ապա դրա համար կան հայկական դեսպանատներ ու հյուպատոսարաններ, որոնք իրացնում են իրենց պետական ծառայությունները։
Գուցե վարչապետը սխալ էր արտահայտվել կամ այլ բան է նկատի ունեցել, դա էլ հնարավոր է, սակայն նրա խոսքերն առ այն, որ ինքը միայն Հայաստանի վարչապետն է, այլ բան ենթադրելու առիթ չեն տալիս, քան այն, որ սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակը ավելորդ է և նույնիսկ վտանգավոր իր գոյությամբ։
Գենադի ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ