Երեւանի քրեական դատարանում դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ շարունակվում է Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի եւ մյուսների գործի քննությունը։ Վկայի դատավարական կարգավիճակ ունեցող անձինք ցուցմունք են տալիս: Նրանցից Ստեփանակերտի քաղաքապետարանի ֆինանսաբյուջետային բաժնի պետ Մարատ Համբարձումյանին դատավորը հարցրեց, թե ում է ճանաչում դատավարության մասնակիցներից: Մարատ Համբարձումյանն ասաց, որ ճանաչում է Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանին:
Դատավորն ասաց, որ այս վարույթում էլի մեղադրյալներ կան, արդյոք ճանաչո՞ւմ է նրանց, Մարատ Համբարձումյանը բացասական պատասխան տվեց: «Այ, ձեր ազգանունով էլ մեղադրյալ ունենք, Սասուն Համբարձումյանը»,-ասաց դատավորը: «Մեր ավագանին է»,-ասաց Մարատ Համբարձումյանը: Դատավորը թվարկեց մյուս մեղադրյալների անունները եւ հարցրեց, թե ում հետ ինչ փոխհարաբերություն ունի Մարատ Համբարձումյանը: «Գործնական … իրենք ավագանի էին, մասնակցում էինք ավագանու նիստերին»,-ասաց Մարատ Համբարձումյանը: Նա բացասական պատասխաններ տվեց մեղադրողի՝ գործի հետ կապված որոշ հարցերի, ասաց կամ չի հիշում, կամ տեղյակ չէ:
Դավիթ Սարգսյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը եւս որոշ հարցեր տվեց վկային, մասնավորապես պարզեց, որ Մարատ Համբարձումյանը աշխատանքի է ընդունվել այլ քաղաքապետի օրոք: «Դավիթ Սարգսյանի աշխատելու տարիներին եղե՞լ է դեպք, որ որեւէ մեքենա ձեռք բերվի կառավարության կողմից հատկացված միջոցներով»,-հարցրեց Մելիքյանը: Մարատ Համբարձումյանն ասաց, որ նման բան չի հիշում, չգիտի:
Նա դատավորի հարցին էլ պատասխանեց, թե չի հիշում, երբ է ձեռք բերվել Ստեփանակերտի քաղաքային համայնքի ենթակայության «Ջրմուղ-կոյուղի» և «Ջերմային տնտեսություն» ՓԲ ընկերությունների հաշվեկշռում հաշվառված եւ հետո ՀՀ տեղափոխված «Toyota Hilux» մակնիշի ավտոմեքենան:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ Դավիթ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Արսեն Վլադիմիրի Բաղդասարյանի, Սամվել Մինասյանի, Արեն Խաչատրյանի, Ալբերտ Գոտանյանի, Սասուն Համբարձումյանի, Սերգեյ Բաբայանի եւ Տրդատ Մարտիրոսյանի հետ ՀՀ իրավական ակտերով և ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգի խախտմամբ ինքնակամ իրականացրել են իրենց ենթադրյալ իրավունքները` ԼՂՀ-ից ՀՀ տեղափոխված, իրենց սեփականությունը չհանդիսացող մի շարք բեռնաուղեւորատար ավտոմեքենաներ անհիմն օտարել են: Ըստ այդմ՝ կայացրել են Ստեփանակերտի քաղաքային համայնքի ենթակայության «Ջրմուղ-կոյուղի» և «Ջերմային տնտեսություն» ՓԲ ընկերությունների հաշվեկշռում հաշվառված, ՀՀ տեղափոխված «Toyota Hilux» մակնիշի, 37 BC 025 հաշվառման համարանիշի, «Uaz 390945-552» մակնիշի, 37 BC 095 հաշվառման համարանիշի, «Uaz 390945» մակնիշի, 78 JJ 800 հաշվառման համարանիշի, «Mitsubishi L200» մակնիշի, 62 VV 001 հաշվառման համարանիշի բեռնաուղևորատար ավտոմեքենաների օտարման մասին որոշումներ եւ օտարել դրանք:
Նշենք, որ Դավիթ Սարգսյանը մեղադրանքը չի ընդունում։
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ