Իրան-Իսրայել պատերազմի հետեւանքով ավելանում է իրանցիների հոսքը դեպի Հայաստան։ Վերջին օրերին արդեն ահազանգեր կան, որ Հայաստանում վարձակալությամբ տրվող բնակարանների վարձակալության գները դարձյալ աճում են։ Հիշեցնենք, որ ռուս-ուկրաինական պատերազմի սկզբնական շրջանում, Ռուսաստանից դեպի Հայաստան մեծ հոսքով պայմանավորված, կտրուկ թանկացել էին բնակարանների վարձավճարները։ Թանկացման մյուս ալիքը տեղի ունեցավ արցախցիների բռնի տեղահանության շրջանում։
«Առավոտը» զրուցել է Հայաստանի անշարժ գույքի գործակալությունների ասոցիացիայի խորհրդի անդամ Անդրանիկ Հարությունովի հետ՝ պարզելու, թե ի՞նչ իրավիճակ է շուկայում, եւ հնարավո՞ր է նախորդ սցենարների կրկնություն։
Անդրանիկ Հարությունովն ասաց, որ իրականում վարձավճարների թանկացում չեն արձանագրել, ուղղակի այդ հարցի շուրջ աղմուկ կա։ «Նախ եկեք ֆիքսենք, որ այդքան մեծ թվով իրանցիներ դեռ չեն եկել Հայաստան։ Վերջերս մամուլից տեղեկացա, որ կան հետազոտություններ, որ տուրիստական սեզոնի համեմատ նույնիսկ քիչ մարդ է գալիս Հայաստան, քան սովորաբար գալիս էին այս սեզոնին։ Մարդկանց մոտ մտավախություն կա, որ կարող է նույնը կրկնվել, բայց մենք արդեն իմունիտետ ունենք այս իրավիճակին, քանի որ վերջին տարիներին ունեցել ենք երկու հոսք՝ Ռուսաստանից եւ Արցախից»,- ասաց Անդրանիկ Հարությունովը։
Կարդացեք նաև
Մասնագետի խոսքով՝ այս իրավիճակում շատ կարեւոր է վարձակալությամբ բնակվող մարդկանց իրավունքների հարցը։ Նախկինում եղել են դեպքեր, երբ վարձով բնակվողներին ուղղակի դուրս են հանել տներից, որպեսզի բնակարաններն ավելի թանկ գնով տրամադրեին այլ անձանց։ Դա այն դեպքերում է տեղի ունենում, երբ պայմանագիր չեն կնքում կողմերը, եւ սեփականատերը վարվում է այնպես, ինչպես ցանկանում է։ Իսկ եթե պայմանագիր է լինում, իրավական հետեւանքների մասին մտածելով, չեն գնում նման քայլի։
«Երկրորդ խնդիրն այն է, որ մարդիկ ասում են՝ գները բարձրանում են։ Դա նորմալ է, այսինքն՝ եթե ես ունեմ ազատ տուն, որը վարձով չեմ հանձնում, բայց տեսնում եմ, որ մեծ պահանջարկ կա, բարձր գնով հնարավորություն ունեմ հանձնելու, կարող եմ հանձնել։ Աշխարհի որեւէ երկրում այդ կետը չի կարգավորվում, որ մարդուն ասեն՝ պարտավոր ես քո գույքն այս գնային սահմաններում վարձով տալ։ Եթե նման կարգավորում լինի երկրում, ներդրումային գրավչությունը կկորի։ Այդ թանկացումները Վրաստանում էլ են եղել, Թուրքիայում էլ, տարածաշրջանի այլ երկրներում, որտեղ ռուսները գնում էին։ Ուղղակի մեր մեծ խնդիրը եղել է այն, որ մարդկանց տներից հանել են։ Դա տեղի չի ունենա, եթե մարդիկ տուն վարձակալելուց ունենան նորմալ ու ռիսկերն ապահոված պայմանագիր։ Մեր հիմնական խնդիրը դա է»,- ասաց նա։
Նշենք, որ բռնի տեղահանված արցախցիները եւս այս օրերին մտահոգություն ունեն, որ կարող են զրկվել վարձով բնակարաններից, քանի որ մի կողմից կառավարությունը հազարավոր արցախցիների զրկում է սոցիալական աջակցությունից, մյուս կողմից, բնակարանների վարձավճարների թանկացման մասին կանխատեսումներ կան։
Անդրադառնալով հարցին, թե ի՞նչ անել, որ արցախցիների իրավունքները չխախտվեն այս դեպքում, Անդրանիկ Հարությունովն ասաց, որ արցախցիներն էլ պետք է կնքեն պայմանագրեր, որ որեւէ մեկը չփորձի նրանց տանից դուրս հանել կամ գին թանկացնել։ «Կարող է Իրանից հիմա շատ հոսք չլինի, լինի երկու կամ երեք ամսից, իրադարձություններն անկանխատեսելի են, ամեն օր կարող են փոխվել, եւ մենք միգրացիոն հոսք ունենանք։ Երբ նմանատիպ իրավիճակ լինի, այդ ժամանակ արդեն ուշ կլինի պայմանագիրը կնքելը։ Դրա համար հիմա, քանի դեռ ամեն ինչ նորմալ է, ով չի կնքել վարձակալության պայմանագիր կամ պայմանագիրն արդեն լրանալու վրա է, խորհուրդ եմ տալիս, որ գնան, իրենց պայմանագրերը թարմացնեն։ Եթե չունեն պայմանագրեր, պետք է սեփականատերերին ասեն՝ եկեք կնքենք պայմանագիր, որը կֆիքսի, թե գինը որքան ժամանակ չի կարող փոխվել կամ որքան ժամանակ հետո կարող է վերանայվել ու քանի տոկոսով։ Եվ հստակ պետք է շեշտվի պայմանագրում, որ եթե սեփականատերը տունը հետ պահանջի, տուգանք պետք է վճարի։ Մեր ժողովրդի մոտ ընդունված կարծիք կա, որ անգամ պայմանագրի առկայության դեպքում, եթե սեփականատերը գա ասի՝ իմ տունն ազատիր, ուզում եմ վաճառել, մարդիկ խելոք, գլուխները կախ պետք է գնան։ Բայց ես շատ նախադեպեր գիտեմ, որ անգամ պայմանագիրը լրացած է եղել, մարդկանց մինչեւ հիմա չեն կարողանում տանից դուրս հանել, ասում են՝ դատարանի որոշում կլինի, դուրս կգանք, ես քո հետ ունեմ պայմանագիր»,- նշեց նա։
Անդրադառնալով շուկայի ընդհանուր միտումներին՝ մասնագետն ասաց, որ շեշտակի թանկացումից հետո անշարժ գույքի շուկայում հիմա գները կարգավորվել են։ «Այսինքն՝ երբ մարդիկ ասում են՝ գները նվազում են, գները ընկնում են, ոչ, ուղղակի վարձակալության գները գալիս են իրենց իրական գներին։ Եթե ռուս-ուկրաինական պատերազմի սկզբնական փուլում Հայաստանում մի բնակարանի համար 20 հոգի էր պայքարում, որ իրենք վարձակալեին, եւ ամեն վարձակալ փորձում էր աճուրդի սկզբունքով բարձր գին առաջարկել, որ դրսում չմնա, հիմա այդ իրավիճակը չունենք։ Եվ տրամաբանությունը հուշում է, որ գները պետք է գնան կարգավորման, այսինքն՝ գան իրենց տրամաբանական գներին։ Այդ փուլն ենք հիմա հաղթահարում անշարժ գույքի շուկայում։ Նույնը վերաբերում է երկրորդական շուկայի վաճառքին, որովհետեւ այն ժամանակ մարդիկ բնակարան գնում էին, որ վարձով հանձնեին, մեծ եկամուտ ստանային, իսկ շատ հայեր, Ռուսաստանից գալով, միանգամից տուն էին ձեռք բերում, որ չվարձերին, հիմա արդեն այդ քանակի գնորդներ չկան։ Առկա պահանջարկն այս պահին շուկան նորմալ բավարարում է, այն մարդիկ, ովքեր դժվար են այդ իրավիճակին հարմարվում, գները չեն իջեցնում, բայց գործարք էլ չեն անում։ Եվ ինչ-որ ժամանակ հետո, երբ գործարք չի լինում, ստիպված գալիս են շուկայական գների»,- ասաց Անդրանիկ Հարությունովը։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ