Լրահոս
Օրվա լրահոսը

«Նիկոլը կատարում է Բաքվի եւ Անկարայի պատվերը՝ թուլացնում է Եկեղեցին ու Սփյուռքը, Թուրքիայում այդ մասին ցուցադրական հայտարարություն արեց»․ Արա Պապյան

Հունիս 23,2025 18:06

«Առավոտի» զրուցակիցն է «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը։

Արա Պապյան

-Պարոն Պապյան, Նիկոլ Փաշինյանն այց կատարեց Թուրքիա  եւ հայտարարեց, որ Թուրքիայի հետ հարաբերությունները սկսում է զրոյական կետից։  Ի՞նչ նպատակ ուներ այդ այցը, ի՞նչ սպասել։

-Այս այցի նպատակն էր, որպեսզի ինքը կարողանա Էրդողանի միջոցով ճնշում բանեցնել Ալիեւի վրա, որ ինչ-որ փաստաթուղթ ստորագրվի, որի վերնագրում կլինի «խաղաղություն» բառը։ Ինքն ընտրապայքարի մեջ է, այդ բառը լավ «ծախվող» բառ է, ուզում է «ծախել» ժողովրդի վրա։ Դա չստացվեց, Ալիեւը թողեց-գնաց, դրանով ցույց տվեց, որ ինքը շահագրգռված չէ ոչ միայն խաղաղությամբ, այլ նաեւ խաղաղության վերաբերյալ փաստաթղթով։

Ավելին, Նիկոլի հետ հանդիպումից մեկ օր առաջ Ալիեւն Էրդողանի հետ հանդիպման ժամանակ արտասանեց բանաստեղծություն Խոջալուի վերաբերյալ, եւ հիշեցին Խոջալուն։ Իսկ այն օրերին, երբ Նիկոլն այնտեղ էր, Իսլամական համագործակցության կազմակերպության երկրները Թուրքիայի եւ Ադրբեջանի նախաձեռնությամբ հակահայկական 5 բանաձեւ ընդունեցին եւ վերջնական հռչակագրի մեջ Հայաստանի նկատմամբ տարբեր պահանջներ ներկայացրեցին։ Սա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանը ձախողել է, որովհետեւ ոչ գործողություններով, ոչ բառերով հանդիպակաց կողմը որեւէ ցանկություն չի ցուցաբերել կարգավորել հարաբերությունները։

Ինչ վերաբերում է զրոյական կետից սկսելուն, դա սուտ է, որեւէ մեկը չի կարող հայ-թուրքական հարաբերությունները սկսել զրոյական կետից, որովհետեւ մեր մեջ հարյուրամյակների խնդիրներ կան՝ ցեղասպանության հարց կա, եւ Ադրբեջանի, եւ Թուրքիայի կողմից ՀՀ օկուպացված տարածքների հարց կա։ Այդ դեպքում ասելը քիչ է, որ «ես սկսում եմ զրոյական կետից»։ Արդյոք Ադրբեջանն ու Թուրքիան այդպիսի նպատակ ունեն, ոչ։ Իմ բերած օրինակները ցույց են տալիս, որ նրանք զրոյական կետից չեն սկսում, իրենք պահանջներ ունեն «Խոջալուի, հատուցումների» եւ այլնի վերաբերյալ։

Թուրքիայի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հարցին՝ Նիկոլ Փաշինյանն ասաց «Խաղաղության խաչմերուկը» բացվեց, Ադրբեջանն էլ ասելու է՝ տեսեք, «Զանգեզուրի միջանցքը» բացվեց»։ Միաժամանակ նա խոսեց Թուրանի մասին՝ նշելով, որ թուրքերն ու ադրբեջանցիներն ուզում են ՀՀ տարածքով գնան-գան, ոչ մի խնդիր, կարող են գնալ-գալ։ Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունները։

-Այն, որ Նիկոլն այդ անցուղին տալու է, դա պարզ է, դա միշտ է պարզ եղել, այդ մասին ասել եմ։ Հիմա անունը ինչ կդրվի՝ միջանցք, «խաղաղության խաչմերուկ», թե «ոսկե ճանապարհ», դա կապ չունի։ Փաստը մնում է փաստ, որ Նիկոլ Փաշինյանը ներքաշվում է մի շատ վտանգավոր խաղի մեջ, մեզ էլ հետն է ներքաշում։ Իրեն թվում է, որ եթե այդ Թուրանի կայացմանը Հայաստանը չխոչընդոտի, ապա խնդիր չի ունենա։ Այդպես չէ, եթե դա կայանա, դա նշանակում է, որ Հայաստանով անցնող ճանապարհն է լինելու կապող օղակը։ Եթե կայանում է նման աշխարհաքաղաքական մի կառույց, անտրամաբանական է, որ կթողնեն, որ Հայաստանի հույսին մնա այդ ճանապարհը։ Բնականաբար, Հայաստանը չպետք է լինի այդ ճանապարհի վերահսկողը։ Եվ Նիկոլը դրանով Հայաստանը դնում է վտանգի տակ։ Այսինքն՝ Հայաստանի ոչնչացումը Թուրանի համար արդեն դառնում է ոչ թե վերացական, այլ գործնական ծրագիր, որպեսզի իր ծրագիրը երբեւէ չխափանվի։ Իրեն թվում է, որ Թուրանի ծրագիրը Հայաստանով գնալ-գալով է ավարտվում։ Իրենք գնալ-գալու խնդիր չունեն, այսօր էլ են գնում-գալիս Իրանի վրայով, բա ինչո՞ւ են ուզում, որ Հայաստանի վրայով լինի, որովհետեւ Իրանը «խժռելը» շատ ավելի դժվար է, քան Հայաստանը։ Եթե այդ ծրագիրը կայանա, կրկնում եմ, որեւէ հիմար չի թողնի, որ Հայաստանի ձեռքին մնա նման ճանապարհի վերահսկումը։

-Փաշինյանը եւ ՔՊ-ականները հայտարարեցին, որ Էրդողանի հրավերով է տեղի ունեցել այդ այցը Թուրքիա։ Դա այդպե՞ս է, եւ ի՞նչ նպատակ ունի Թուրքիան՝ նման այց կազմակերպելով։

-Հայկական կողմն ասում է, որ Էրդողանն  է հրավիրել, բայց իմ ունեցած տեղեկություններով՝ Փաշինյանն է խնդրել Էրդողանին, որ իրեն հրավիրեր։ Բայց էականը դա չէ, հարցը հետեւյալն է՝ Բաքուն եւ Անկարան բազմիցս բարձրաձայնել են, թե ինչն է խանգարում իբր հայ-թուրքական հարաբերությունների կայացմանը։ Քանի որ բանակ ու պետություն այլեւս չկա, երկու կառույց են նշել՝ Եկեղեցին եւ Սփյուռքը։ Հիմա այս բոլոր քայլերով ջախջախում են Հայաստան-Սփյուռք հարաբերությունները։

Այն ցուցադրական հայտարարությունները, որոնք Փաշինյանն այնտեղ արեց, որ՝ եկա ասեմ՝ իմ վրա հույս չդնեք, ես Սփյուռքի վարչապետ չեմ, ինքը թուլացնում է Հայաստան-Սփյուռք հարաբերությունները։ Այդ մեսիջն ուղղված էր ոչ թե Ստամբուլի հայ համայնքին, այլ բոլոր երկրների հայ համայնքներին։ Այսինքն՝ ինքը կատարում է Բաքվի եւ Անկարայի պատվերը, թուլացնում է այդ երկու գործոնները, որոնք նրանք դիտարկում են որպես իրենց ծրագրերի իրականացման խոչընդոտ։ Եվ նրանց կոչում են «ռեւանշիստներ», «ռեւանշիստական կառույցներ»։

-Փաշինյանի այցից հետո ՔՊ-ականները ակտիվացել են հայ-թուրքական սահմանի բացման հարցով, սոցիալական ցանցերում հարցադրում են անում՝ փակ սահմաններ ցանկացողները ո՞ւմ շահն են սպասարկում։ Նաեւ հարցումներ են անցկացնում հետեւյալ բովանդակությամբ«Ավելի լավ է լինել կիսաշրջափակման մե՞ջ, ինչպես վերջին ավելի քան 30 տարիներին, թե՞ ունենալ բաց սահմաններ մեր բոլոր հարեւանների հետ»։ Այսինքն՝ այդ գործընթացներին դեմ արտահայտվողներին այսպես են պատասխանում։ Ինչպե՞ս կարձագանքեք սրան։

-Ապուշ բաներ են ասում, ի՞նչ կապ ունի Թուրքիա կատարած այցը ապաշրջափակման հետ։ Նույնկերպ ասում էին, որ «Ղարաբաղն է ապաշրջափակման խոչընդոտը, Ղարաբաղը հարցը եթե չլինի, Թուրքիան ինչո՞ւ պիտի շրջափակման մեջ պահի Հայաստանը»։ Հիմա Ղարաբաղի հարցն արդեն չկա, ինչո՞ւ է Թուրքիան շրջափակման մեջ պահում Հայաստանը։

Մյուս հարցը հետեւյալն է՝ եթե մանրամասները կարգավորված չեն, նկատի ունեմ սահմանային ռեժիմը, ո՞վ է ասել, որ այդ սահմանի բացումը լավ է։ Այո, ես դեմ եմ հայ-թուրքական սահմանի բացմանը, որովհետեւ այդ սահմանի բացումը սնանկացնելու է Հայաստանի գյուղատնտեսությունը։ Այո, «Գռզոն» շահելու է, որովհետեւ իր ձեռքն է վերցնելու Հայաստան-Թուրքիա առեւտրի որոշակի հատվածը։ Այսօր մի քանի հազար մարդ Թուրքիայի հետ ճամպրուկա-պայուսակային առեւտուր է անում, նրանց փոխարեն կգան երկու-երեք օլիգարխներ։ Բայց կրկնում եմ՝ հիմարություն է այդ այցելության հետ կապել ապաշրջափակումը։ Ապաշրջափակող  էին, թող սահմանը բացեին, ո՞ւմ էին սպասում։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30