factor.am. Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը վերահաստատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պնդումը, որ Իրանի միջուկային օբյեկտներն «ամբողջությամբ և լիովին ոչնչացվել են», գրում է CNN-ը։ «Մենք վստահ ենք, այո՛, որ Իրանի միջուկային օբյեկտները լիովին և ամբողջությամբ ոչնչացվել են, ինչպես նախագահն ասաց շաբաթ երեկոյան ազգին ուղղված իր ուղերձում, և մենք բարձր վստահություն ունենք, որ այնտեղ, որտեղ տեղի են ունեցել այդ հարվածները, պահվել է Իրանի հարստացված ուրանը»,- ասել է նա ABC-ի «Good Morning America» հաղորդման ժամանակ։
Լիվիթն ասել է, որ նախագահը չէր հրամայի հարվածներ հասցնել՝ առանց արդյունքի վերաբերյալ վստահ լինելու։ Միջազգային ատոմային էներգիայի գործակալության (ՄԱԳԱՏԷ) ղեկավար Ռաֆայել Գրոսսին չէր կարողացել հաստատել Իրանի միջուկային նյութերի պաշարների գտնվելու վայրը՝ կոչ անելով թույլ տալ տեսուչներին անվտանգ վերադառնալ երկիր՝ «իրավիճակը գնահատելու համար»։
Կիրակի օրը CNN-ին տված հարցազրույցում Գրոսսին ասել էր, որ Իրանը պահեստավորել է մոտ 400 կիլոգրամ (880 ֆունտ) ուրան, որը հարստացված է մինչև 60%, ինչը շատ հեռու չէ միջուկային զենք ստեղծելու համար անհրաժեշտ 90% հարստացումից։ Միևնույն ժամանակ, ԱՄՆ զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ, գեներալ Դեն Քեյնը երեկ հայտարարել էր, որ քանի որ հարվածների ազդեցության գնահատումը դեռևս շարունակվում է, «շատ վաղ է» մեկնաբանել, թե արդյոք Իրանը դեռևս պահպանում է որոշակի միջուկային կարողություններ։