Կ․ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը մասնակցել է Չեխովի անվան թատերական միջազգային հեղինակավոր փառատոնին՝ «Փող։ Կիրք։ Իշխանություն» ներկայացմամբ, ըստ Ի. Գոնչարովի «Սովորական պատմություն» վեպի՝ Սուրեն Շահվերդյանի ռեժիսուրայով։ Նույն ներկայացմամբ թատրոնը մասնակցել է Վորոնեժում անցկացվող Պլատոնյան միջազգային փառատոնին, ապա ներկայացման ցուցադրություններ են կայացել Եկատերինբուրգ քաղաքում:
«Սրանք մեր թատրոնի համար կարեւոր եւ աննախադեպ փառատոներ էին, մենք ոչ միայն Մոսկվայում մասնակցել ենք Չեխովյան, այլեւ Վորոնեժում՝ Պլատոնյան փառատոնին: Վորոնեժից հետո էլ մեկնել ենք Եկատերինբուրգ, որտեղ Չեխովյան փառատոնի տրամաբանական շարունակությունն էր: 7 ներկայացում, տարբեր քաղաքներ, տարբեր հանդիսատես: Մեզ շատ լավ են ընդունել, հնչել են հետաքրքիր կարծիքներ: Մեր ներկայացումն ընդունվել եւ սիրվել է»,- «Արմենպրեսի» մամուլի սրահում նշեց Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի տնօրեն Սուրեն Շահվերդյանը: Նրա ձեւակերպմամբ, այս փառատոներում ունեցած հաջողությունների շնորհիվ թատրոնը այլ փառատոների էլ կմասնակցի, կիրականացվեն այլ համատեղ նախագծեր:
Կ․ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի տնօրենի խորհրդական, նախագծի ղեկավար Մարիաննա Մխիթարյանն ընդգծեց ԿԳՄՍ նախարարության եւ այլոց աջակցությունը, որոնց շնորհիվ էլ կայացել է իրենց թատերական ուղեւորությունը:
Կարդացեք նաև
«Մեզ Մոսկվայում հրավիրեցին ՌԴ-ում Հայաստանի դեսպանատուն, որտեղ միջոցառում էր կազմակերպել դեսպանության մշակութային կենտրոնի ղեկավար Վլադիմիր Գաբբեն, հետաքրքիր ընդունելություն էր: Իսկ Եկատերինբուրգում հնարավորություն ունեցա հանդիպել թատերական ինստիտուտի ուսանողների հետ, որոնք դիտել էին ներկայացումը, եւ մեր մեջ բուռն քննարկում ծավալվեց»,-հավելեց Սուրեն Շահվերդյանը:
«Մեր շրջագայությունը հագեցած էր եւ երկարատեւ: 12 օրվա ընթացքում խաղացել ենք 7 ներկայացում: 21-րդ դարում ողջ թատերական աշխարհում զարմացնել որեւէ ստեղծագործությամբ կամ դրա ադապտացիայով համարյա անհնարին է թվում: Ես բարձր եմ գնահատում այն արձագանքները, որ մենք ստացանք: Ներկայացումից անմիջապես հետո տեղի էին ունենում քննարկումներ, արձագանքներ էին հնչում, թե ինչքան զարմացած են եւ ինչքան մտածելու առիթ է տվել այս ներկայացումը, հենց այս ոճի բեմադրությունը: Ես համարում եմ, որ սա բավականին լուրջ եւ լավ գնահատական է»,-նշեց Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի դերասանուհի Լիլիա Մուկուչյանը:
Թատրոնի մեկ այլ դերասանուհի՝ Թեհմինե Խաչատրյանն էլ ասաց, որ իրենց համար որպես դերասաններ՝ շատ կարեւոր էր պատասխանատու կերպով ներկայանալ նման բարձր կարգի փառատոնին, այն էլ արդիական ներկայացմամբ: «Ամեն ներկայացումից հետո հանդիսատեսը մոտենում էր դերասաններին եւ շնորհակալություն հայտնում»,- հավելեց Թեհմինե Խաչատրյանը:
«Գոնչարովի «Սովորական պատմություն» վեպը գրվել է շուրջ 150 տարի առաջ: Իմ մոտեցումը դասական տեքստերին հետեւյալն է՝ արդիականացնել եւ հերոսներին տեղափոխել այն ժամանակաշրջան, որտեղ մենք ենք գտնվում: Դրանում մեզ շատ օգնել է Նառա Ստեփանյանը, որը զբաղված էր ադապտացիայով: Շատ արդիական է ստացվել, որովհետեւ այն ամենի մասին, ինչի մասին խոսվում է ներկայացման մեջ, մեզ հետ իրականում տեղի է ունենում այսօր եւ ամբողջ աշխարհում»,-ասաց Սուրեն Շահվերդյանը:
Ընդգծեց, որ ներկայացման մեջ ինքը Դոստոեւսկուց մի մեջբերում է ներմուծել՝ «Եթե աստված չկա, ուրեմն ամենաթողություն է», որով էլ շեշտադրել է ներկայացման ուղերձը. «Ներկայացման ուղերձը հետեւյալն է՝ պարոնայք, մենք բոլորս Աստծո աչքի ներքո ենք, երբ քայլեր եք կատարում, պետք է շատ երկար մտածեք՝ արդյոք ճի՞շտ եք վարվում»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Տեսանյութն՝ ավելի ուշ
Դե եթե լավ լիներ արձագանքը, անշուշտ կվերադանայիք մրցանակով, և չէիք վատնի ԿԳՄՍ-ի տված գումարները: