Լրահոս
Օրվա լրահոսը

«Ազգային պատկանելիությունս նշելիս՝ անխտիր բոլոր պորտուգալացիները միանգամից բարձրաձայնում էին Գալուստ Գյուլբենկյանի անունը և խոսում մեծ ակնածանքով նրա մասին»

Հունիս 24,2025 17:07

Էջ հրատարակչությունը, ի դեմս հրատարակչության համահիմնադիր և միջազգային ծրագրերի ղեկավար Լիանա Շիրոյանի, վերջերս մասնակցել է 2025թ․ Լիսաբոնի գրքի տոնավաճառի շրջանակներում անցկացվող Պորտուգալիայի Ստեղծարար Եվրոպա ծրագրի գրասենյակի կողմից կազմակերպվող Հրատարակիչների միջազգային հանդիպմանը։

– Ինչպե՞ս ստացվեց, որ հենց դուք ստացաք ծրագրին մասնակցելու հրավերը։

– Հրավեր էին ստացել այն հրատարակչությունները, որոնք իրականացնում են ԵՄ Ստեղծարար Եվրոպա ծրագրի գրական թարգմանությունների դրամաշնորհային ծրագրեր։

ԷՋ հրատարակչությունը ևս այժմ ունի մեկ այդպիսի ծրագիր և դիմել է նորին, որի շրջանակներում թարգմանվելիք գրքերի ցանկում կա նաև թարգմանություն պորտուգալերենից, որը, համաձայնեք, հաճախ թարգմանվող լեզուներից չէ։ Հրավերի նպատակն էր ավելի լավ և մոտիկից ճանաչել պորտուգալական գրաշուկան, հրատարակչությունները, նրանց գործելաոճը։

– Ի՞նչ էր իր մեջ ներառում ծրագիրը հանդիպումներ, միջոցառումներ…

-Պետք է նշեմ, որ Հայաստանի և Պորտուգալիայի «Ստեղծագործ Եվրոպա» գրասենյակների միջև հիանալի համագործակցության շնորհիվ մենք հնարավորություն ունեցանք կապ հաստատել տարբեր հրատարակիչների հետ գործնական հանդիպումների, մասնագիտական ​​փոխանակման և մշակութային փորձի մանրակրկիտ մշակված ծրագրի միջոցով: Տարատեսակ միջոցառումները և պանելային քննարկումները միավորեցին հրատարակիչների Եվրոպայի տարբեր անկյուններից՝ խթանելով առկա երկխոսությունը և բացելով դռներ նոր համագործակցության և գաղափարների համար:

Ծրագրին մասնակցում էին հրատարակիչներ Չեխիայից, Դանիայից, Ֆրանսիայից, Իռլանդիայից, Լեհաստանից, Ռումինիայից, Սերբիայից, Սլովենիայից և Իսպանիայից։

– Ո՞րն էր ծրագրի նպատակը։

– Ծրագրի գլխավոր նպատակն էր պորտուգալական գրքերի տարածումը աշխարհում, և եվրոպական նոր հեղինակներին պորտուգալացի ընթերցողներին ծանոթացնելն ու ներկայացնելը, և ոչ պակաս կարևորը՝ «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի գրական թարգմանության նախագծին դիմելու խրախուսումը։

Նպատակն էր նաև խթանել հրատարակիչների, գրական գործակալների, թարգմանիչների, գրքի տոնավաճառների և գրական փառատոների կազմակերպիչների միջև ապագա համագործակցությունը, խթանել եվրոպական գրական գեղարվեստական ​​ստեղծագործությունների թարգմանությունը՝ ամենաշատ և քիչ խոսվող լեզուներով և, հետևաբար, նպաստել նոր եվրոպացի հեղինակների միջազգային տեսանելիության բարձրացմանը։

– Խոսելով Պորտուգալիայից, չենք կարող չնշել հայ մեծանուն բարեգործ և գործարար Գալուստ Գյուլբենկյանին։ «Գալուստ Կիւլպէնկեան հիմնարկությունը», համանուն թանգարանը գտնվում են Լիսաբոնում։ Արդյոք հնարավորություն ընձեռվե՞ց այցելել այնտեղ։

– Ես, նաև «ԱՐԻ գրականության հիմնադրամի» ծրագրերի ղեկավարն եմ, մենք իրականացնում ենք Կիւլպէնկեան թարգմանական մատենաշար ծրագիրը Հայաստանում։ Այսպիսով, առիթը օգտագործեցինք և այցելեցին մեր գործընկերներին։ Հիմնարկության հայկական համայնքների բաժանմունքի տնօրեն Ռազմիկ Փանոսյանը շատ ջերմ ընդունելություն կազմակերպեց։ Նախ` շրջայց գրասենյակով, այնուհետև այց թանգարան, որտեղ ցուցադրված էր Գ․Գյուլբենկյանի՝ մեծ հռչակ վայելող արվեստի գործերի հավաքածուն։ Եվ անպայման պետք է ասեմ ձեզ, որ ազգային պատկանելիությունս նշելիս՝ անխտիր բոլոր պորտուգալացիները միանգամից բարձրաձայնում էին Գալուստ Գյուլբենկյանի անունը և խոսում մեծ ակնածանքով նրա մասին՝ շեշտելով նրա ահռելի ներդրումը Պորտուգալիայի մշակութային, կրթական ոլորտում։ Շատերն ասում էին, որ երկրի համար ծանր ու վճռորոշ օրերին նա իր գործունեությամբ ասես Պորտուգալիայի մշակույթի նախարարի դերն ստանձնած լիներ։

– Ի՞նչ արդյունքներ կարելի է ակնկալել ձեր այցից։

-Նախ և առաջ, շատ կարևոր է մասնակցել նման միջազգային միջոցառումներին այն առումով, որ շատ գործընկերներ առաջին անգամ են առիթ ունենում հանդիպել հայերի։ Զարմանալի է, թե որքան քիչ բան գիտեն մեր մասին նույնիսկ Արևելյան Եվրոպայում։ Ամեն նման առիթի ժամանակ մեզ հաջողվում է պատմել, թե ով ենք, ինչ գրականություն ենք այսօր ստեղծում և խոսել մեր լեզվի և դրա առանձնահատկությունների մասին։ Մենք հաճախ կոտրում ենք կարծրատիպեր, որոնք կան Հայաստանի մասին։ Այն ընկերական և համագործակցային հարաբերությունները, որ մեզ հաջողվում է նման հանդիպումների ժամանակ ստեղծել, կարևոր հիմք են հետագա համագործակցության համար, թե՛ այդ երկրներից գրականություն թարգմանելու, հեղինակներին հրավիրելու և թե՛ հայ գրականությունը թարգմանաբար տարածելու համար։

Բացի դրանից, մենք ծանոթացանք հրատարակչական նոր մոդելների, այդ թվում, այպիսի ժանրերում, ինչպիսիք են պատկերապատումը կամ ֆենթզի գրականությունը, թվային հրատարակման ոլորտը և այլն։

Զրուցեց Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30