Երեւանի ավագանու նիստում այսօր դրական եզրակացություն ստացավ «1991 թվականի սեպտեմբերի 21-ից մինչեւ 2025 թվականը Երեւանի նախկին թաղային համայնքներին եւ Երեւան համայնքին պատկանած դպրոցների եւ մանկապարտեզների տարածքների օտարման գործընթացները ուսումնասիրող Երեւան քաղաքի ավագանու քննող հանձնաժողով ստեղծելու մասին» հարցը։ Դեմ քվեարկեց միայն «Մայր Հայաստան» խմբակցությունը։
Մինչ քվեարկությունը՝ ելույթների ժամանակ, տարբեր վիճաբանություններ եղան ավագանու իշխանական եւ ընդդիմադիր անդամների միջեւ։
«Ասում եք՝ 3,4 միլիոն դոլարով վաճառքի է հանվել այս մանկապարտեզը՝ նախկինում գործող, եկեք ետ գնանք՝ հասկանանք ձեր նախկին քաղաքական կնքահայրերը երբ օտարման տակ էին դնում պետական գույքերը՝ դպրոցներն ու մանկապարտեզները, քանի՞ զրո պակաս էին դնում․ 3 հազար դոլա՞ր, թե՞ 30 հազար դոլար լավագույնը․․․եկեք մի հատ դա համեմատենք ու ամեն ինչ ձեզ համար, կարծում եմ պարզ կլինի։ Ինչի՞ց եք վատ զգում, ինչի՞ չեք ուզում մտնել այդ քննող հանձնաժողովի մեջ եւ դուք էլ մասը կազմեք, եթե այդպես սրտացավ եք, եթե ձեր մեջ արդարությունը բոցավառվում է, արդարության եւ հավասարության մարտիկներ եք՝ եկեք միացեք։ Թե՞ կարող է անուններ ի հայտ գան փոխկապակցված անձանց կամ հերթափոխությամբ նվիրատվություն ստացած գույքերի մասով, որ ձեզ հարազատ լինեն այդ անունները․ ինչ-որ մեկի խնամին, քավորը կամ բարեկամը լինեն»,- «Մայր Հայաստանի» ներկայացուցիչներին դիմեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամա Լեւոն Լեւոնյանը։
Կարդացեք նաև
Դահլիճում վեճ սկսվեց, երբ վերջինս կրկին ընտրակաշառքների մասին խոսեց։ «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը սկսեց բղավել, որ ՔՊ-ականները ստում են եւ ինքը դա ապացուցել է։
«Արշակ ջան, ես հիմա կասեմ՝ ով՝ ով է․ դուք այդ քաղաքական ուժի դեմո-պիլոտային տարբերակն եք»,-ասաց նա։
Կրքերն էլ ավելի թեժացան, երբ ընդդիմադիրները սկսեցին հակադարձել Լեւոն Լեւոնյանի այն դիտարկումներին, որ ՀՀ կառավարությունն «արցախցիների մատից փուշ է հանել»։
«Հանձնել եք՝ հիմա փո՞ւշ եք հանում։ Ոնց որ մանկապարտեզների հարցով շոու եք սարքել, հիմա էլ փուշ եք հանում՝ ում որ պետք է»,- հակադարձեց Արմեն Քոչարյանը՝ Անի Խաչատրյանի ռեպլիկներին ի պատասխան էլ սաստելով․ «Թող խոսեմ, չես հասկանո՞ւմ, որ չի կարելի»։
Մանրամասները՝ տեսանյութում
«Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանի ելույթից հետո վիճաբանությունը կրկին շարունակվեց, երբ նա հայտարարեց, որ երկրում կոռուպցիան եւ կաշառակերությունը ծաղկում են, նախկին հեղափոխական ակտիվիստները դարձել են խոշոր կապիտալիստներ։
«Պարոն Սուքիասյան, նստի տեղդ, ես քո խոսալուց բան չեմ ասել»,- «Հանրապետություն» խմբակցության անդամ Հայկ Սարգսյանը հակադարձեց Մանուկ Սուքիասյանին։
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ