«Ինտերը» կլինի վերջին ակումբը, որտեղ կխաղա Հենրիխ Մխիթարյանը, այս մասին Հայաստանի հավաքականի նախկին ավագ, Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ասել է La Repubblica-ին տված հարցազրույցում։
Հարգված առաջնորդ. «Ներաձուրիի» հանդերձարանի ամենաազդեցիկ դեմքերից մեկը
«Ես ասում եմ այն, ինչ մտածում եմ, առանց որևէ մեկին հաճոյանալու փորձի, լինեն դա թիմակիցներս, թե երկրպագուներ, ով ուզում է լինի:
Երբ ուրիշները խոսում են, ես լսում եմ։ Եթե բացում եմ բերանս, իսկ դա հաճախ չէ, որ անում եմ, ապա թիմի բարօրության համար է։ Կարևորը չթաքնվելն է, պարզ, անմիջական լինելը։ Միայն այս կերպ կարող ենք միմյանց օգնել», – ասել է Մխիթարյանը։
Հայաստան չեմ վերադառնա
«Արդյոք որոշե՞լ եմ՝ երբ կանգ առնել։ Ասացի, որ սա իմ կյանքի ամենահոգնեցուցիչ մրցաշրջանն է՝ երեք մրցաշարով։ Չգիտեմ, թե որքան ժամանակ կխաղամ։ Ոչինչ չեմ բացառում, բայց գիտեմ, որ դեռ ուզում եմ խաղադաշտ դուրս գալ։
Կարդացեք նաև
«Ինտեր»-ի հետ իմ պայմանագրին մնացել է մեկ տարի։ Եթե նրանք ինձ չհեռացնեն, ես կմնամ (ծիծաղում է, խմբ.): Չեմ ցանկանում ավարտել կարիերաս և հետո զղջալ, որ շուտ եմ ավարտել։
«Ինտերից» հետո՝ վերջ. չեմ ցանկանում իջեցնել մակարդակը։ Հայաստան չեմ վերադառնա։ Սաուդյան Արաբիայի նման ուղղությունները նույնպես ինձ չեն հետաքրքրում։ Ամենայն հարգանքով, բայց ես սիրում եմ ֆուտբոլը ֆուտբոլի համար, այլ ոչ թե փողի: Երբ արթնանում եմ, ուզում եմ մարզվել և ցույց տալ, թե ինչ արժեք ունեմ», – ասել է Մխիթարյանը։
«Ֆուտբոլից հետո՞… Այսօր ասում եմ, որ ես… կցանկանայի թողնել ֆուտբոլը, բայց, երբեք մի ասա՝ երբեք։ Ինձ ժամանակ կպահանջվի մտորելու համար»,- ասել է Մխիթարյանը։
Պետք է աշխատենք հաղթելու համար առաջիկա օրերին, շաբաթներին, տարիներին
Հենրիխը խոստովանել է, որ թեև դեռ զգում է Չեմպիոնների լիգայի եզրափակիչում պարտության ցավը, սակայն պետք է ապագայում հաղթանակներ գրանցելու մասին մտածել:
«Սպին մնում է, ցավը չի անցի, դա ծանր պարտություն էր։ Եկեք չմոռանաք այն ճանապարհը, որը մեզ այստեղ բերեց՝ մենք հիանալի խաղեր խաղացինք, բայց հետդարձի ճանապարհ չկա. պետք է ոտքի կանգնեք, սովորենք և առաջ շարժվենք: Անիմաստ է դրա մասին շատ մտածելը. պետք է աշխատենք առաջիկա օրերին, առաջիկա շաբաթներին և տարիներին հաղթելու համար»,- ասել է Մխիթարյանը։
Քրիստիան Կիվուի մոտեցումը տարբեր է Ինձագիի համեմատ
«Կիվուի փիլիսոփայությունն ու գաղափարները նոր են։ Որքան շուտ հասկանանք, թե ինչ է նա մեզնից պահանջում, այնքան լավ։ Մենք անմիջապես սկսեցինք իրական մրցաշարով, քիչ ժամանակ ունենք։ Նոր մարզչի հետ կարևորը հրահանգներն ընդունելն է, սովորելը և աշխատելը։ Նա լուրջ է և բարի. աջակցում է մտավոր և մարտավարական առումով։
Կիվուի հետքը տեսանելի էր առաջին մարզումից։ Նրա մոդուլը նույնն է, բայց մոտեցումը տարբեր է Սիմոնե Ինձագիի համեմատ։
Արդյոք խոսե՞լ եմ նախկին մարզչի հետ. մենք հրաժեշտ տվեցինք անձնական զրույցի ժամանակ։ Ես խուսափեցի սոցիալական ցանցերում գրառումներ անելուց. նա որոշում է կայացրել, մենք ընդունեցինք այն։
Այդ գլուխը փակվեց, մյուսն է բացվում»։
Միլանի «Ինտերը» Քրիստիան Կիվուի գլխավորությամբ ԱՄՆ-ում մասնակցում է ՖԻՖԱ-ի աշխարհի ակումբային առաջնությանը։ Խմբային փուլի երկու խաղերից հետո «Ինտերն» ունի 4 միավոր։ Հունիսի 26-ին կկայանա արգենտինական «Ռիվեր Փլեյթի» հետ հանդիպումը, որին կհաջորդի փլեյ-օֆֆ փուլը։