Չնայած լուրեր կային, որ աշնանը Վանաձորում եւս կարող են ընտրություններ կայանալ, քանի որ 4 տարի շարունակ համայնքը ղեկավարում է ԺՊ-ն՝ Արկադի Փելեշյանը, բայց կարծես թե իշխանությունը փոշմանել է՝ վախենալով Գյումրիի կրկնությունից: Մենք զրուցել ենք Մամիկոն Ասլանյանի հետ:
– Ի՞նչ քաղաքական զարգացումներ են սպասվում Վանաձորում, մեկ տարի անց համայնքապետի ընտրություն է լինելու, մտադի՞ր եք մասնակցել։
– Այս իշխանության գործելաոճի մեջ իրավական, քաղաքական տրամաբանություն երբեւէ չեմ տեսել, ուստի կդժվարանամ իրենց որոշումները տրամաբանության շրջանակում մեկնաբանել։ Իրենք ասում են՝ Վանաձորը խոշորացված համայնք է, սակայն քաղաքն իրավական առումով չի խոշորացվել, բյուջեի հաստատում չի եղել, հետեւաբար՝ նրանք Վանաձորում տապալել են սահմանադրական կարգը արդեն 4 տարի։ Վարչական դատարանում ընտրական վեճերը պետք է քննվեին 5-օրյա ժամկետում, սակայն 4 տարի է՝ շարունակվում են։ Իմ անձի նկատմամբ այնպիսի քրեաիրավական խախտումներ են արել, որ ես չգիտեմ՝ ժամանակի ընթացքում ով ինչ կարգի իրավական պատասխան պիտի տա։ Որպեսզի ես չմասնակցեմ ընտրություններին, սկսեցին քրեաիրավական ճնշումները։ Սակայն ես իմ պայքարը չեմ դադարեցնելու, մասնակցելու եմ ընտրություններին։ Նրանք ինձ դրել են այնպիսի վիճակի մեջ, որ իմ կողմից չպայքարելը կլինի ընդունել իրենց բռնաճնշումները, ասպատակությունները, արշավները, որոնք կիրառվել են իմ եւ Վանաձորի ավագանու նկատմամբ։
– Վանաձորի նախկին համայնքապետ Սամվել Դարբինյանին եւ նրա եղբորն են ձերբակալել, դատարանը տնային կալանք է սահմանել։ Այս փուլում տարբեր համայնքապետերի նկատմամբ քրեական գործեր են հարուցվում, ո՞րն է նպատակը, ի՞նչ է կատարվում։
Կարդացեք նաև
– Մեր երկրում, վերջին 6-7 տարում այդ պրոցեսներն այնքան ոչ արդյունավետ դաշտում են կատարվում, որ իրավաբանությունն այստեղ պետք է լռի։ 2017-ի ինչ-որ գործի շրջանակում են Դարբինյանին ձերբակալել, նոր են հիշել, որ այդ գործը վերակենդանացման նախադրյալներ ունի։ Ես կարող եմ ենթադրել, որ թերեւս Դարբինյաններն էլ Կարապետյանի նկատմամբ որոշակի վերաբերմունք ունեն եւ հենց այս համատեքստում են ձերբակալվել։
Լիա ՍԱՐԳՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: