Լրահոս
Օրվա լրահոսը

«Եկեղեցին դիվանագիտական ուժ էր, երբ մենք չենք ունեցել ոչ դեսպանատներ, ոչ դիվանագիտություն եւ ոչ էլ բանակ»․ Արա Այվազյան

Հունիս 25,2025 13:38

«Եկեղեցին դիվանագիտական ուժ էր, երբ մենք չենք ունեցել ոչ դեսպանատներ, ոչ դիվանագիտություն եւ ոչ էլ բանակ։ Այն բանակցություններ էր վարում հայ համայնքների անվտանգության շուրջ, պաշտպանում էր մեր սրբավայրերը եւ հայերի շահերը, երբ ոչ ոք չէր ցանկանում կամ չէր կարողանում այդ ծանր բեռը վերցնել իր վրա»,- «Հայ Առաքելական եկեղեցի․ պետականաշինություն եւ արտաքին քաղաքականություն» թեմայով համաժողովի ժամանակ իր ելույթում ասաց  արտակարգ եւ լիազոր դեսպան Արա Այվազյանը։

Համաժողովի նպատակն է ներկայացնել Եկեղեցու տեղը, դերը հայոց պատմության, պետականաշինության եւ պետականության պահպանման գործընթացում։

Արա Այվազյանը ներկայացնում էր ՀԱԵ-ին՝ տարբեր շրջաններում իր վարած դիվանագիտության մասով։ Ըստ բանախոսի, օտար տիրապետության ողջ ժամանակաշրջանում հենց ՀԱԵ-ն էր, որ մեր հույսը տարավ դեպի ապագա, խաչքարերն էին, որ բազմաթիվ մարդկանց սրտերում Հայաստանը կենդանի պահեցին, անգամ այն ժամանակ, երբ Հայաստանը ջնջված էր քարտեզներից։ Այսինքն, հազարամյակներ շարունակ հայ եկեղեցին ոչ միայն եղել է հայ ժողովրդի հոգեւոր անկյունաքարը, այլ՝ «եզակի դիվանագիտական ներկայացուցիչ, միջնորդ՝ կայսրությունների եւ քաղաքակրթությունների միջեւ»։

Ուստի, ՀԱԵ ժառանգությունը չի սահմանափակվում միայն աստվածաբանությամբ, այլ տարածվում է պետականության, մշակույթի պահպանման, միջազգային երկխոսության վրա․ «Եկեղեցու դիվանագիտական ներգրավվածության արմատները սկիզբ են դրվել 4-րդ դարում, երբ ՀՀ-ն առաջինն ընդունեց Քրիստոնեությունը, որպես կրոն։ Այդ պահից սկսած՝ եկեղեցին անբաժան կապված է հայ ժողովրդի ճակատագրի հետ՝ ոչ միայն որպես կրոնական հաստատություն, այլ՝ մեր ինքնության պահապան եւ ներկայացուցիչ համաշխարհային ասպարեզում՝ Միջնադարյան ողջ ժամանակաշրջանում։ Հայ կաթողիկոսներն ու բարձրաստիճան հոգեւորականները հաճախ հանդես են եկել, որպես հատուկ բանագնացներ, միջնորդներ, նամակներ են գրել կայսրերին ու պապերին, կողմնորոշում ու ուղղորդում են տվել հավատացյալներին, պաշտպանել են օտար տիրապետության տակ գտնվող հայերի իրավունքներն ու բարեկեցությունը»։

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30