«Այն չակերտավոր հեղաշրջման պլանը, որը հրապարակվեց իշխանական հայտնի կայքում, ըստ էության՝ հետագա ձերբակալությունների անոնսն էր։ Ես չափազանց լավատես էի, եւ չէի կարծում, որ ահաբեկչության հոդված կդրվեր, բայց իշխանությունը բոլոր սպասումներից միշտ փորձում է առաջ անցնել»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով «Սրբազան շարժման» եւ ընդդիմադիրների նկատմամբ իշխանության գործողություններին։ Նա ասաց, որ տրամաբանությունից դուրս է մարդկանց ահաբեկչություն վերագրելը։
Աբրահամյանի խոսքով՝ ստեղծված իրավիճակում մարդկանց մեկուսացնելով, տարբեր հոդվածներով քրեական գործեր հարուցելով՝ իշխանությունները փորձում են դիմադրության ներուժն առհասարակ խաղից հանել։ «Երբ մարդիկ գնում, 5-6 ամիս նստում են, հետո գործերը կարճվում են, հանրությունն արձանագրում է, որ՝ տեսեք, գործերը կարճվեցին։ Բայց չի վերլուծվում, որ այդ մարդիկ, ովքեր 4 ամիս, 6 ամիս կամ մեկ տարի դուրս են մնացել պրոցեսներից, մեկուսացվել են, ինչպիսի՞ զրկանքներ են կրել։ Հիմա իշխանությունը փորձում է պետական մեքենան օգտագործել, պետության փողերը վատնել եւ դատական ու իրավական համակարգի միջոցով մարդկանց ծանրաբեռնել այլ թեմաներով, որպեսզի հնարավոր չլինի այսպիսի կարեւոր քաղաքական փուլերում զբաղվել այն կարեւոր օրակարգային հարցերով, որոնք այսօր կախված են մեր երկրի գլխին»,- ասաց նա։
Աբրահամյանը նշեց, որ այս իշխանությունն ապացուցել է՝ օրենք ու Սահմանադրություն իրենց համար գոյություն չունի։ Նա հիշեցրեց, որ Նիկոլ Փաշինյանի՝ ԱԺ-ում արած հայտարարություններից հետո դատախազի կողմից միջնորդություններ ներկայացվեցին ԱԺ՝ պատգամավորներ Սեյրան Օհանյանին եւ Արծվիկ Մինասյանին անձեռնմխելիությունից զրկելու համար։ «Այս իրավիճակում ամենազավեշտալին իրավապահ համակարգի վիճակն է, որոնք մեր երկրում աճող հանցավորության պայմաններում զբաղված են քաղաքական գործերով ու երկրի կառավարչի նախասիրությունների իրացմամբ»,- հավելեց պատգամավորը։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ