Լրահոս
Օրվա լրահոսը

Ներկայացվեց ԵՄ-Հայաստան քաղհասարակության պլատֆորմի տարեկան զեկույցը

Հունիս 25,2025 17:20

2025 թ. հունիսի 24-ին Երեւանում ներկայացվել է ԵՄ-Հայաստան քաղաքացիական հասարակության պլատֆորմի 2024թ. զեկույցը՝ ՀԸԳՀ (CEPA) կատարման առաջընթացի վերաբերյալ։

Միջոցառմանը ողջույնի խոսքով են հանդես եկել ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, ԵՄ-Հայաստան քաղաքացիական հասարակության պլատֆորմի եվրոպական կողմից համանախագահ Սիմո Տիայնենը (առցանց), ԵՄ-Հայաստան քաղաքացիական հասարակության պլատֆորմի հայկական կողմից համանախագահ, «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ նախագահ Լուսինե Հակոբյանը։

«Պլատֆորմի տարեկան զեկույցի նպատակով կառավարություն-քաղհասարակություն երկխոսության իրականացումը համարում ենք գործնական, օգտակար եւ կառուցողական ձեւաչափ։ Կցանկանայի ընդգծել ՀԸԳՀ-ով ծնունդ առած հանդիպումների եւ կարծիքների փոխանակման այս հարթակի աշխատանքի եւ նրա անդամների կողմից ներդրվող ջանքերի կարեւորությունը, հարթակի հետ շարունակական եւ կառուցողական երկխոսության իրականացումը մեր անփոփոխ քաղաքական կամքն ու հանձնառությունն է։ Վերահաստատում եմ մեր պատրաստակամությունը Քաղհասարակության պլատֆորմի հետ կառուցողական երկխոսությունը շարունակական եւ ինստիտուցիոնալ դարձնելու հարցում»,- իր խոսքում նշել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսն իր խոսքում ողջունել է կառավարության եւ քաղհասարակության միջեւ կառուցողական համագործակցության մակարդակը։

«Այս երկխոսությունը կարեւոր է ՀԸԳՀ իրականացման համատեքստում։ Մենք ստորագրել ենք շատ հավակնոտ տեքստ, որ պարունակում է բարեփոխումների իրականացման հստակ ռեկոմենադացիաներ։

Մենք երկխոսում ենք ոչ միայն քաղհասարակության, այլեւ տարբեր այլ մարմինների հետ։ Գետնի վրա այդ բարեփոխումները իրականացնելու համար շատ կարեւոր են քննարկումները, կարծիքներ հարցնելն ու ներկայացնելը։ Ես այդ հարցում մեծ մոտիվացիա եմ տեսնում կառավառության կողմից, նաեւ ուրախ եմ տեսնել այդ մոտիվացիան Պլատֆորմի եւ քաղհասարակությա կողմից»,- նշել է Մարագոսը՝ հավելելով, որ Պլատֆորմի ռեկոմենդացիաների միջոցով ստեղծված համագործակցությունը կարող է օժանդակել գործընթացին եւ այն դարձնել առավել կայուն։

«Մենք ստեղծում ենք նոր համագործակցության օրակարգ կառավարության հետ եւ քաղհասարակությունը եւս դրա մասն է, եւ այս համատեքստում ամենակարեւոր հարցերից մեկը ՀԸԳՀ ամբողջ ներուժն օգտագործելն է»,- նշել է Մարագոսը։

ԵՄ-Հայաստան քաղաքացիական հասարակության պլատֆորմի եվրոպական կողմից համանախագահ Սիմո Տիայնենը իր ելույթնում նշել է, որ «մենք պետք է  համագործակաբար աշխատենք՝ ՀԸԳՀ ամբողջ ներուժը բացահայտելու եւ այն ժողովրդի համար շոշափելի օգուտների վերածելու համար»։

ԵՄ-Հայաստան քաղաքացիական հասարակության պլատֆորմի հայկական կողմից համանախագահ Լուսինե Հակոբյանն իր խոսքում շնորհակալություն է հայտնել «Պլատֆորմի գործընկերներին եւ հրավիրյալ փորձագետներին՝ զեկույցի բաժինների ներկայացման համար»։

«Ինչպես կարող եք տեսնել հիմնականում կենտրոնացել ենք մի քանի բաժինների վրա՝ դատական, հակակոռուպցիոն ռազմավարության ընթացք, ոստիկանության կողմից մարդու իրավունքների սահմանափակումներ, էներգետիկ անվտանգություն, վիզաների ազատականցման ոլորտ, աշխատանքային, սոցիալական քաղաքականություն, միգրացիա։ Նաեւ Հռոմի ստատուտի իմպլեմենտացումն ենք առանձին ներկայացրել: Այս զեկույցը պլատֆորմի անդամների եւ մեր փորձագետների կամավոր ներդրումն է, ինչի համար շնորհակալ ենք Պլատֆորմի անդամներին՝ Հասմիկ Հարությունյանին, («Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ), Սյուզաննա Սողոմոնյանին («Իրավաբանների հայկական ասոցիացիա»), Հովսեփ Խուրշուդյանին («Ազատ քաղաքացի» ՀԿ), Արհմիությունների կոնֆեդերացիայի մեր գործընկերներին եւ մասնավորապես՝ Արսեն Իգիթյանին, Ներսես Կարամանուկյանին («Արդյունաբերողների եւ գործարարների միություն»), Գագիկ Մակարյանին (Գործատուների հանրապետական միություն), Ստեփան Գրիգորյանին («Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության կենտրոն»-ի նախագահ), Գուրգեն Պետրոսյանին (Նյուրնբերգի համալսարանի դասախոս եւ միջազգային քրեական իրավունքի մասնագետ)։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նաեւ կառավարությանը, ԵՄ-ին, նաեւ ԵՄ անդամ պետություններին՝ համագործակցության համար»,- նշել է Հակոբյանը։

Եվրամիություն-Հայաստան քաղհասարակության պլատֆորմը մարմին է, որը հիմնադրվել է Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական Միության միջեւ 2017 թվականի նոյեմբերի 24-ին Բրյուսելում ստորագրված Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ- CEPA) 366-րդ հոդվածին համապատասխան։

Այն հնարավորություն է տալիս երկու կողմերի քաղհասարակության կազմակերպություններին իրենց ներդրումն ունենալ Համաձայնագրի կիրարկմանը՝ քաղհասարակության գիտելիքներն ու փորձը որոշում կայացնողներին տրամադրելու, ՀԸԳՀ-ով նախանշված բարեփոխումները մշտադիտարկելու միջոցով, իրականացման ամբողջ ընթացքում տեղեկացնելով շահագրգիռ անձանց լայն շրջանակներին։

«Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30