Այն, որ 2018թ.-ին հեղափոխության՝ ժողովրդի համախմբման միջոցով, իշխանության եկավ Նիկոլ Փաշինյանի թիմը, դա որոշակիորեն այդպես է: Բայց մինչեւ 2018թ. հեղափոխությունն ինչ ծրագրված սցենարով էին նույն Նիկոլ Փաշինյանին նախապատրաստում լիդերի այդ դերին, դրա մանրամասներն այդքան էլ հասու չէ հայ հասարակությանը, մասնավորապես՝ ընթերցողին: Դա լուրջ նախապատրաստական ժամանակաշրջան էր, որն իրականացրին Եվրոպան եւ Արեւմուտքը, հաղթահարելով բազում դժվարություններ ու խոչընդոտներ: Բայց, ինչպես որ ընդունված է եւ գաղտնիք չէ, որ հեղափոխություններն ու հեղաշրջումները միայն դրսից կազմակերպելով հնարավոր չէ, այն հիմնականում նախապատրաստվում է ներսից, ապա դրսի համապատասխան օժանդակությամբ՝ եղածին համադրելով նաեւ արտաքին միջամտությունը, նման գործերը գլուխ են բերվում, ինչը եւ եղավ Հայաստանում՝ 2018թ.-ին:
Թե ինչ էր կատարվում մինչեւ 2018թ.-ը Հայաստանում, գաղտնիք չէ եւ բոլորն էին ամեն ինչ տեսնում, քանզի Հայաստանը մի մատնաչափ երկիր է եւ բոլորը՝ բոլորի մասին, համարյա ամեն ինչ գիտեն: Մի բան հստակ էր, որ Հայաստանում կար կոռուպցիա եւ անգամ սովորական ժողովրդի ներսում՝ ում ձեռքին ինչքան շանս ու լծակ կար, առատորեն օգտվում էր դրանցից եւ թալանում, քանզի ամեն ինչ համակարգված էր ու իսպառ բացակայում էր պետական վերահսկողությունը, որն իբր պետք է զսպող մեխանիզմներ ունենար, սակայն այդ ամենը զուտ ձեւական բնույթ էր կրում եւ ժողովուրդը դրա մասին հստակ գիտեր ու ինքը եւս այդ ուղղությամբ ոչինչ չէր անում, կարծես ամեն ինչ հենց այդպես էլ պետք է լիներ: Դա, իհարկե, որոշակի դժգոհություններ էր ծնում ժողովրդի շրջանում եւ փաստացի, դրանով էլ ամեն ինչ ավարտվում էր: Իրականում, այդ ժամանակ դժգոհության լուրջ ալիքներ ժողովրդի մեջ չկար, այդ ամենին ժողովուրդը վաղուց ընտելացել էր ու այն ընդունում էր սովորական: Այսինքն, այնպես չէր, որ դա կարող էր ժողովրդի ներսում լուրջ շարժում առաջացներ, քանզի ժողովուրդը տարիներ շարունակ ընտելացած էր այդ ամենին եւ իր համար հանգիստ «ապրում էր»: Սակայն Եվրոպան եւ Արեւմուտքը շարունակում էին շատ անհանգիստ մնալ, քանզի նրանք ամենօրյա մեծ գումարներ էին ներարկում Հայաստանի պետական բյուջե, բայց դրանից հետո, նրանք շատ դժգոհ էին Հայաստանի ղեկավարությունից, քանզի այդքանով հանդերձ, Հայաստանն իրենց համարյա բանի տեղ չէր դնում եւ ենթարկվում ու ճանաչում էր միայն Ռուսաստանի գերակայությունը, սակայն նրանք այդ իրավիճակն իրենց համար համարում էին մեծ անպատվություն… Դա տարիներ շարունակ այդպես էր եւ բնական է, որ մի օր այդ ամենը պետք է փոխվեր կամ պետք է մի օր դադարեցվեին այդ ներարկումները, կամ պետք է նրանք Հայաստանին շատ կոպիտ հասկացնեին, որ այդպես երկար շարունակվել չի կարող եւ փորձեին Հայաստանի ղեկավարությանը պարտադրել, որպեսզի նրանք իրենց կապերը թուլացնեին Ռուսաստանի հետ, նրան համարելով ընդամենը՝ որպես սովորական գործընկեր: Իսկ եթե Հայաստանի ղեկավարությունը չհամաձայներ դրան, ապա նրանք կարող էին հանգիստ ջրի երես հանել Հայաստանի ղեկավարության ոչ թափանցիկ գործունեությունն ու մութ գործարքները՝ փորձեին գործող վարչապետին պարտադրել՝ հրաժարական տալ, այլապես իրենց ունեցած լծակներով կարող էին ջրի երես հանել բոլոր կոռուպցիոն սխեմաներն ու գործարքները եւ պահանջել կոպեկ առ կոպեկ ետ բերել թալանված բոլոր գումարները ու Հայաստանի ղեկավարությանը դնել այնպիսի հարվածների տակ, որ նրան այլ ելք չմնար, քան հրաժարական ներկայացնելը, խոստանալով, որ իրենք էլ՝ իրենց հերթին, շատ չեն «բզբզի»՝ մինչեւ 2018թ. կերած գումարների մասով եւ դա էլ այն պարագայում, եթե հրաժարականից հետո, իշխանական նախկին թիմը բացահայտ խաղեր չտար Նիկոլ Փաշինյանի իշխանության դեմ, այլեւ զուտ իր քաղաքական զսպվածությամբ, իրեն համեստ պահեր՝ այդ պայմանավորված ներկայացումը ջրի երես չհանելու համար, որպեսզի նաեւ Հայաստանի ժողովրդին թվար ու նա էլ մտածեր, որ իբր ինքն է իշխանափոխությունն իրագործել՝ իրականացրել, հետեւաբար այսուհետ ժողովրդավարական Հայաստանում ամեն ինչ կընթանա իր ուզած ծրագրով:
Մանավանդ որ, այսպես ասած, ժողովրդական «հեղափոխության» օրերին, նրանք իրենց նախապատրաստած կադրերին բացատրել էին, որ պետք է շարժման հիմնական կարգախոս հռչակեն կոռուպցիայի դեմ անողոք պայքարը, որն էլ հենց դժգոհ ժողովրդի ուզածն էր, որի վրա էլ եւ կառուցվում էր հեղափոխական շարժման ողջ տրամաբանությունը: Կարծում եմ, որ չենք մոռացել, թե ինչպես էր Նիկոլ Փաշինյանը «ոգեւորված» ասում, որ իշխանափոխությունից հետո, Հայաստանն արդեն ունենալու է 3 միլիոն վարչապետ՝ բացարձակ նույն իրավունքներով ու լիազորություններով, որոնց գործունեությունն, իհարկե, 2018թ.-ից մինչեւ այսօր՝ «ամեն օր տեսնում ենք» ու հայ ժողովուրդն առաջին հերթին «ցնցված է» հենց այս նորարարությունից, որը բոլոր ժամանակներում՝ առաջին եւ միակ անգամ կյանքի կոչվեց աշխարհի բազում «ժողովրդավարական» երկրներից միայն մեկում՝ Հայաստանում: Բա, սրանից ավելի «ժողովրդավարական» հաղթանակ ուրիշ էլ որտե՞ղ ենք տեսել …
2020թ. 44-օրյա պատերազմը պարզորոշ վկայեց, որ Եվրոպան եւ Արեւմուտքը բնավ նպատակ չունեին իրական օգնություն ցուցաբերելու Նիկոլ Փաշինյանին, նրանց ընդամենը պետք էր գահընկեց անել Սերժ Սարգսյանին ու իշխանությունը հանձնել Նիկոլ Փաշինյանին, ով անվերապահորեն կծառայեր իրենց: Հանուն Նիկոլ Փաշինյանի, նրանք բնավ նպատակ չունեին նեղացնելու Էրդողանին եւ Ալիեւին, մանավանդ որ, նրանք մեծ սպասելիքներ ունեին եւ ունեն նրանցից ու երկրորդ, Եվրոպան ու Արեւմուտքը միշտ էլ ռազմավարական գործընկերներ են եղել Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ եւ հանուն փոքրիկ Հայաստանի, նրանք չէին կարող իրենց լրջագույն շահերն ստորադասել Հայաստանի հետ ունեցած բարոյական շահերին … Ավելին, նախկինում նրանք միշտ էլ չէին թաքցնում, որ իրենք կողմնակից են Արցախի հանձնմանը Ադրբեջանին, սակայն ասում էին, որ այդ ամենը պետք է տեղի ունենա խաղաղ ճանապարհով՝ առանց պատերազմի: Փաստացի, Եվրոպան եւ Արեւմուտքը թուրք-ադրբեջանական տանդեմին հերթական անգամ ապացուցեցին իրենց հավատարմությունը, իսկ Նիկոլ Փաշինյանին միայնակ թողեցին այդ տանդեմին դեմ-դիմաց, որպեսզի նրա քիթը դիպչի քարին, նա խայտառակ պարտություն կրի, այդքան մարդկային եւ տարածքային կորուստներ տա, որպեսզի հենց իր մաշկի վրա զգա ու հետագայում երբեւէ չմոռանա, որ նրանք այդ տանդեմի կողմնակից են ու նա ամեն կերպ պետք է օգնի հայաթափել Արցախն ու միշտ հիշի, որ տարածաշրջանում ամեն ինչ որոշելու է այդ տանդեմը: Եվ, եթե Հայաստանի ղեկավարությունն ուզում է, որ Հայաստանից գոնե մի հատված մնա, ապա պետք է համաձայնեն տանդեմի բոլոր պայմաններին ու այդկերպ կնքել «պայմանավորված եւ կազմված խաղաղության պայմանագիրը», քանզի հակառակ պարագայում, ընդհանրապես Հայաստան պետություն չի լինելու: Այս ամենը մեծ դաս դարձավ Նիկոլ Փաշինյանի համար եւ նա խոնարհաբար սկսեց համաձայնել Ալիեւի բոլոր պայմաններին…
Կարդացեք նաև
Այսօր Նիկոլին պարտադրում են անգամ, որ ամեն կերպ փորձի ազատվել Հայոց Հայրապետից՝ կաթողիկոսից, որպեսզի նա ոչ մի պարագայում նեցուկ չլինի հայ ժողովրդին ու Հայաստանին, որպեսզի նաեւ հայ եկեղեցին ղեկավարվի Ադրբեջանի կողմից: Կարծում եմ, որ գոնե այս հարցը՝ այս հակամարտության ճակատագիրը կորոշի միմիայն հայ ժողովուրդը, այլապես նա ապրելու իրավունք չունի: Իհարկե, այս թեմայի մասին կարելի է շատ երկար խոսել, սակայն դրա կարիքը չկա, քանզի բոլորի համար ամեն ինչ ավելի քան պարզ է:
Եվ վերջում, չափազանց զարմանալի է ՀՀԿ-ի ձեռնարկած իմպիչմենտի գործընթացը, որն անկասկած մեծագույն սխալ է, քանզի հույս դնել, որ ՔՊ-ից 20 պատգամավոր (համոզված եմ, որ գոնե մեկը չի գտնվի) պետք է կողմ քվեարկի իմպիչմենտին, իսկ դա նույնն է, որ Նիկոլ Փաշինյանն ինքը հոժարակամ հրաժարական ներկայացնի, որը տիեզերական աբսուրդի ժանրից է:
Ամփոփելով այս ամենը, պարզ է դառնում, որ Սերժ Սարգսյանը մտածված է հրապարակ նետել իմպիչմենտի հարցը, որն իհարկե, կտապալվի, որից հետո Հայաստանը կտանեն կործանման եւ իսպառ կփակվի՝ այսքան երկար տարիներ թալանված հսկայական գումարների վերաբերյալ ողջ տեղեկատվությունն ու որեւէ մեկը դրանց համար՝ երբեւէ պատասխան չի տա: Ահա, այսքան արժեր Հայաստան պետության եւ պետականության գինը:
Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ
Հայաստանի Ճարտարագիտական ակադեմիայի թղթակից-անդամ
«Առավոտ» օրաթերթ
25.06.2025