Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքական թակարդում

Հունիս 26,2025 12:00

Սկիզբը՝ այստեղ:

Միջազգային մամուլն էր անգամ զարմանք արտահայտել` «Ղարաբաղում պատերազմը փակե՞լ է ցեղասպանության թեման…»

Միջազգային մամուլը ուշի-ուշով հետեւեց եւ լուսաբանեց Փաշինյան-Էրդողան հանդիպումը: «Հայաստանի եւ Թուրքիայի առաջնորդների պատմական հանդիպում. Ղարաբաղում պատերազմը փակե՞լ է ցեղասպանության թեման», – այսպիսի վերնագրով հոդված էր հրապարակել BBC-ի ռուսական ծառայությունը՝ մանրամասնելով. «Երկու երկրների դիրքորոշումների մերձեցումը սկսվեց Փաշինյանի կողմից լայնածավալ զիջումներից հետո։ Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս ճանաչելը, հարեւանների նկատմամբ տարածքային պահանջներից հրաժարվելը եւ ցեղասպանության հարցը օրակարգից հանելը նշանակում են, որ այլեւս խոչընդոտներ չկան Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման եւ սահմանների բացման համար»։ Միեւնույն ժամանակ BBC-ն փաստել էր, որ չնայած հայկական կողմի զիջումներին, Անկարան ունի նախապայման՝ նախ պետք է խաղաղության համաձայնագիր ստորագրվի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, եւ այս բանակցությունները փակուղի են մտել. «Հայկական դիվանագիտության խնդիրն այժմ այս երկու գործընթացները միմյանցից անջատելն է։ Փաշինյանի եւ Էրդողանի հանդիպման արդյունքները ցույց կտան, թե արդյոք Թուրքիան պատրաստ է դրան»:

Հոդվածում նաեւ նշվել էր, որ ՀՀ կառավարությունը ցանկանում է հաշտություն կնքել Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ եւ հրաժարվել փոխադարձ պահանջներից, եւ դրա համար այն փորձում է վերացնել հարաբերություններում առկա գրգռող թեմաները։ Մատնանշել էին, օրինակ՝ Փաշինյանը հրաժարվեց Արարատ լեռան՝ հանրապետության խորհրդանիշից: Մեկ այլ խորհրդանշական քայլ էր, ըստ հոդվածագրի` «Երեւանի կողմից Պաղեստինի ինքնավարության ճանաչումը, որպես ինքնիշխան պետություն՝ Էրդողանի խնդրանքով»։

Le Monde-ը նկատել էր, որ մինչ Փաշինյանի՝ Թուրքիա ժամանելը` Ադրբեջանի նախագահն էր Թուրքիայում, որտեղ Էրդողանի հետ բանակցություններ տեղի ունեցան։ «Իլհամ Ալիեւը փառաբանեց թուրք-ադրբեջանական դաշինքը՝ որպես «նշանակալի գործոն ոչ միայն տարածաշրջանային, այլեւ համաշխարհային մակարդակով», -գրել էր ֆրանսիական լրատվամիջոցը, հավելելով՝ Էրդողանը կրկնեց իր աջակցությունը «Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության հաստատմանը»։

Associated Press-ը հիշեցրել էր, որ սա Փաշինյանի երկրորդ այցն էր Թուրքիա, 2023-ին նա մեկնել էր Էրդողանի երդմնակալությանը մասնակցելու։ Առաջին փորձը չէ նաեւ հայ-թուրքական հաշտեցման։ «Թուրքիան եւ Հայաստանը 2009-ին համաձայնության եկան պաշտոնական հարաբերություններ հաստատելու եւ սահմանը բացելու վերաբերյալ, սակայն համաձայնագիրը երբեք չվավերացվեց Ադրբեջանի ուժեղ դիմադրության պատճառով», – փաստել էր Associated Press-ը:

Հայ-թուրքական առաջընթացի հնարավորությանը պետք է զգուշավորությամբ մոտենալ, գրել էր թուրքական Daily Sabah-ը, մանրամասնելով՝ թեեւ երկու կողմերն էլ երկխոսելու պատրաստակամություն են հայտնել, սակայն դեռեւս հստակ ճանապարհային քարտեզ ի հայտ չի եկել՝ նրանց երկարատեւ վեճերը լուծելու համար:

Իսկ ահա ադրբեջանական լրատվականները լիովին այլ լույսի ներքո էին ներկայացնում Փաշինյանի այցը Թուրքիա: Իշխանական քարոզչամեքենաներից մեկը` Caliber.az-ը, նկատել էր, թե Փաշինյանի այցի հիմնական հասցեատերն Արեւմուտքն է, որը Երեւանից պահանջում է «դրական դինամիկա»։ «Նրանց անհրաժեշտ են գեղեցիկ նկարներ, «հալեցման» մասին վերնագրեր, «փոխադարձ հարգանք» եւ «բաց սահմաններ» բառերով տեքստեր։ Հայ-թուրքական հարաբերությունները, սակայն, կախված են ոչ թե գեղեցիկ խոսքերից, այլ՝ Հայաստանի ղեկավարության կոնկրետ քայլերից, առաջին հերթին՝ պաշտոնական Բաքվի՝ վաղուց հնչեցրած պայմանների կատարման ուղղությամբ»։ Իսկ ադրբեջանցի քաղաքագետ Էլհան Շահինօղլուն Minval.az-ի հետ զրուցում նշել էր, որ Բաքվի եւ Երեւանի միջեւ համաձայնագրի կնքումն արագացնելու մասին Էրդողանի հայտարարությունը ցույց է տալիս, որ տարածաշրջանում իրադարձություններն արագ զարգանում են, եւ մինչ Ռուսաստանը եւ Իրանը ներգրավված են պատերազմների մեջ, հայ – ադրբեջանական հակամարտության կարգավորումը, այդ թվում՝ «Զանգեզուրի միջանցքի» բացումը, համապատասխանում է ամբողջ տարածաշրջանի շահերին։

Փաշինյանի կանխատեսումը. «Խաղաղության խաչմերուկը» բացվեց, Ադրբեջանն ասելու է՝ «Զանգեզուրի միջանցքը» բացվեց»

Պարզվեց, որ Ստամբուլում հայ համայնքի հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը «ուշագրավ» խոստովանություն է արել: «Խաղաղության խաչմերուկը» չի կարող չկատարվի, եթե մենք ճանապարհային նշանները կարողանանք կարդալ… բացառված է, որ դա տեղի չունենա, բացառված է», վստահեցրել է նա՝ հավելելով. «Էդ էլ է պետք խոստովանել, որ «Խաղաղության խաչմերուկը» բացվեց, Ադրբեջանն էլ ասելու է՝ տեսեք, «Զանգեզուրի միջանցքը» բացվեց: Սրան էլ պետք է պատրաստ լինենք: Բայց մեր ինքնիշխանության ներքո, իրենցն էլ՝ իրենց … եւ պարզեցումներ պետք է լինեն, եւ էդ պարզեցումները, որպեսզի կայուն, երկարատեւ լինեն, պիտի փոխադարձաբար լինեն, այսինքն՝ շահագրգռվածություն պետք է ունենանք եւ կունենանք: Ընդ որում, Իրանի իրադարձություններն այս ասածս ավելի էական եւ կարեւոր են դարձնում»:

Փաշինյանը, սակայն, չի հստակեցրել, թե այդ ինչ պարզեցված անցում են պատրաստ տրամադրել Ադրբեջանին եւ արդյոք Բաքուն համաձայն է փոխադարձության սկզբունքին: Նա Թուրքիայի հայերի հետ զրույցում վստահեցրել է, թե «Զանգեզուրի միջանցք» չի լինելու, իսկ «Խաղաղության խաչմերուկը» իրականություն է դառնալու: Դրա համար, ըստ Փաշինյանի պատկերավոր ձեւակերպման, պետք է երթեւեկության կանոններին ենթարկվել:

Արձագանքելով «Զանգեզուրի միջանցքով» Թուրանի ճանապարհը բացելու մասին պոլսահայ խմբագրի դիտարկմանը՝ Փաշինյանը նկատել է. «… Վա՜յ, նրանց նպատակը Թուրանն է: Ուզո՞ւմ են Հայաստանի տարածքով գնան-գան, թող գնան-գան, վա՞տ է դա, մենք ենք առաջարկում էս նախագծով: Մենք ասել ենք «Զանգեզուրի միջանցք» չի լինելու, լինելու է «Խաղաղության խաչմերուկ»: Ի՞նչ է դա նշանակում… փոխադարձ հարգանքի, իրավազորության, ինքնիշխանության ճանաչման հիման վրա»:

Ապա Փաշինյանը պարզաբանել է. «Հիմա Թուրքիայի համար շատ կարեւոր օրակարգ է «Միջին միջանցքը»: «Խաղաղության խաչմերուկ» նախագծի կարեւոր առանձնահատկություններից մեկն այն է, որ այն լիարժեքորեն ներգրավվում է Թուրքիայի կողմից պաշտպանվող եւ առաջ մղվող «Միջին միջանցքի» նախագծում: Եվ գոնե ինձ համար ակնհայտ է, որ «Խաղաղության խաչմերուկը» կարող է լինել «Միջին միջանցքի» նախագծի մաս»:

Իսլամական ապտակ Փաշինյանի այցից անմիջապես հետո

Փաշինյանի այցից հետո Իսլամական համագործակցության կազմակերպության արտգործնախարարները Ստամբուլում կայացած հավաքի ավարտին եզրափակիչ հայտարարություն ընդունեցին, որում անդրադարձ կար նաեւ Հայաստանին ու Ադրբեջանին։ Դա կարելի է սառը ցնցուղ, կամ` ուղղակի ապտակ համարել Հայաստանի խաղաղասիրական քաղաքականությանը:

Ահա, ողջունելով «Խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին» երկկողմ համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտը՝ իսլամական երկրները կոչ են արել Հայաստանին «հաղթահարել դրա ստորագրմանը խոչընդոտող մնացած իրավական եւ քաղաքական խոչընդոտները եւ դադարեցնել Ադրբեջանի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության սասանումը»։ Կազմակերպությունը, որին անդամակցում է 57 պետություն, վերահաստատել է լիակատար համերաշխությունը Ադրբեջանի կառավարությանն ու ժողովրդին՝ «հայկական ագրեսիայից տուժած, ազատագրված տարածքները վերականգնելու եւ վերակառուցելու ջանքերում»։

Այսինքն, նշյալ հայտարարության մեջ ամրագրվել է «բռնի տեղահանված ադրբեջանցիների վերադարձի իրավունքը» Հայաստան (փաստաթղթում որպես «Արեւմտյան Ադրբեջան» է ներկայացվել): Ավելին, փաստացի, Հայաստանին կոչ են արել` վերացնել այն խոչընդոտները, որոնք հնարավորություն կտան խաղաղության պայմանագիր կնքել:

Ինչ է սա նշանակում: Պաշտոնական Բաքուն միջազգային օրակարգ է մտցնում, այսպես կոչված՝ «Արեւմտյան Ադրբեջան» եզրույթը: Ու սա արվում է, Հայաստանի իշխանության գոհունակ տրամադրությունների ներքո: Բացի այդ, Հայաստան-Ադրբեջան խաղաղության փաստաթղթի չստորագրվելու մեղքը արդեն իսկ բարդվում է պաշտոնական Երեւանի վրա:

Պաշտոնական Երեւանի արձագանքը. «Հայաստանը հավատարիմ է խաղաղության օրակարգին»

Հունիսի 23-ին ՀՀ ԱԳՆ-ն արձանագրեց, որ խորապես հիասթափված է Իսլամական համագործակցության կազմակերպության նախարարական վերջին համաժողովի շրջանակներում ընդունված «Ստամբուլի հռչակագրում» եւ Ադրբեջանի նախաձեռնությամբ ներկայացված բանաձեւերում տեղ գտած խեղաթյուրված եւ ծայրահեղ միակողմանի ձեւակերպումների առնչությամբ, եւ փաստեց, որ տվյալ փաստաթղթերում արտահայտված շեշտադրումները հակասում են տարածաշրջանում տեւական խաղաղության հաստատման շահերին եւ տրամաբանությանը։

«ԻՀԿ անդամ պետությունների ուշադրությունը հրավիրում ենք այն փաստին, որ «Արեւմտյան Ադրբեջանի» խոսույթը մարդու իրավունքների քողի ներքո Ադրբեջանի կողմից հստակ տարածքային պահանջ է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ, ինչը փաստվում է անգամ այդ նպատակով արհեստականորեն ձեւավորված «կազմակերպության» հիմնադիր փաստաթղթերում։ Օգտակար ենք համարում հիշեցնել, որ արեւմտյան Ադրբեջանը Ադրբեջանի արեւմտյան շրջաններն են՝ Ղազախը, Թովուզը, Աղստաֆան, Գեդաբեյը, Դաշքեսանը, Քելբաջարը, Լաչինը, Կուբաթլուն, Զանգելանն ու Նախիջեւանը: Հայաստանի Հանրապետության տարածքում չկա եւ չի կարող լինել այսպես կոչված՝ «Արեւմտյան Ադրբեջան»։ Ինչ վերաբերում է Խորհրդային Հայաստանում բնակվող ադրբեջանցիներին, ապա նրանք ԽՍՀՄ գոյության վերջին տարիներին Հայաստանից հեռացել են կամավոր, կարողացել են վաճառել կամ փոխանակել իրենց գույքը կամ ստացել են փոխհատուցում Հայաստանի կառավարությունից։ Ցավոք, նույնը չի եղել հայերի ճակատագիրն Ադրբեջանում՝ Բաքվում, Սումգայիթում եւ այլ վայրերում, որտեղ տեղի են ունեցել հայերի կոտորածներ եւ բռնի տեղահանում, իսկ նույնօրինակ վերջին դրսեւորմանը մեր տարածաշրջանում աշխարհն ականատես եղավ 2023թ. աշնանը, երբ ավելի քան 115.000 հայեր ստիպված եղան լքել Լեռնային Ղարաբաղը՝ ենթարկվելով էթնիկ զտման», նշվել էր հայտարարության մեջ։

Այնուհետեւ, ՀՀ ԱԳՆ-ն հավելել էր. «Զարմանք է առաջացնում նաեւ Խոջալուի դեպքերի թյուր մեկնաբանությունը: Մարդկության դեմ ուղղված հանցագործությունների իրական պատմությունը քաջ հայտնի է եւ ուղղակիորեն ժխտում է Հայաստանի Հանրապետությանն ուղղված ցանկացած մեղադրանք։ Ափսոսանք է առաջացնում այն, որ ընդունված հռչակագիրը, շեղվելով ԻՀԿ անդամների կողմից ս.թ. մարտին եւ հաջորդիվ արված՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ միջպետական հարաբերությունների հաստատման եւ խաղաղության մասին համաձայնագրի կնքման վերաբերյալ հայտարարություններից, պարունակում է համաձայնագրի ստորագրման ճանապարհին առկա նախապայմանների վերաբերյալ միակողմանի արձանագրումներ»։

ՀՀ ԱԳՆ-ի հայտարարության մեջ նաեւ նշվել է. «Խոր ափսոսանք է առաջացնում նաեւ մշակութային արժեքների պաշտպանության վերաբերյալ ընդունված բանաձեւը. անտեսելով Ադրբեջանի հսկողության ներքո հայկական մշակութային ժառանգության շարունակական ոչնչացումն ու դրա նկատմամբ համակարգված վանդալիզմը՝ բանաձեւը հարցին փորձում է հաղորդել կրոնական երանգավորում՝ սնելով թյուր եւ վտանգավոր թեզեր։ Հայաստանի հարգանքը եւ հոգատար վերաբերմունքը իսլամական մշակութային ժառանգության նկատմամբ հայտնի է եւ հեշտությամբ ապացուցելի: ԱԳ նախարարությունը կոչ է անում վերոնշյալ հռչակագրին եւ բանաձեւերին միացած Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ երկրներին՝ վերանայել եւ վճռականորեն հրաժարվել Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը թիրախավորող եւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կարգավորման գործընթացը վտանգող կողմնակալ նախաձեռնություններից»:

Ամփոփելով, ՀՀ ԱԳՆ-ն, այնուամենայնիվ, դարձյալ արձանագրել է, որ Հարավային Կովկասում առկա է խաղաղության հաստատման իրական հնարավորություն, որ Հայաստանը հավատարիմ է խաղաղության օրակարգին իրացման ռազմավարությանը եւ միջազգային գործընկերներին, այդ թվում Իսլամական Համագործակցության կազմակերպությունից ակնկալում է աջակցություն Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ տեւական եւ կայուն խաղաղություն հաստատելու ջանքերին։

Պաշտոնական Բաքուն էլ իր հերթին պատասխանեց Հայաստանի ԱԳՆ-ի հայտարարությանը, այն որակելով որպես` «խաղաղ գործընթացը տապալելու ձգտման օրինակ»: «Իսլամական համագործակցության կազմակերպության կողմից ընդունված «Հայաստանի տարածքից բռնի կերպով եւ սիստեմատիկաբար արտաքսված ադրբեջանցիների վերադարձի մասին» բանաձեւն արտացոլում է պատմական փաստերը եւ հիմնված է միջազգային իրավունքի եւ արդարության սկզբունքների վրա», նշել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն։ Ըստ վերջինիս` «Չնայած Հայաստանի պնդումներին՝ հայաստանաբնակ ադրբեջանցիների արտաքսումը կամավոր չէր, այլ ուղեկցվում էր բռնություններով, ահաբեկմամբ եւ մարդու իրավունքների կոպիտ խախտումներով»։

Այսպիսով, Հայաստանի վարչապետի՝ Թուրքիա կատարած այցը սկզբունքային ի՞նչ կարեւոր նշանակություն ունեցավ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի վրա…

Անկարան փոխելո՞ւ է իր դիրքորոշումը, որի մասին բազմիցս արտահայտվել է ամենաբարձր մակարդակով՝ Էրդողանի կողմից, որ մինչեւ չստորագրվի հայ – ադրբեջանական պայմանագիր, Թուրքիայի կողմից իրական քայլ հայ- թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ չի լինելու…

Ակնհայտ է, որ Անկարան փորձում է արագացնել հայ – ադրբեջանական պայմանագրի հնարավոր ստորագրումը, բնականաբար` Բաքվի ակնկալիքներին համահունչ:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
25.06.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30