Լրահոս
Օրվա լրահոսը

Հեդոնիզմը, կարիերիզմը… եւ երջանկությունը

Հունիս 26,2025 10:00

Կա երջանկության երեք մակարդակ: Առաջինում առկա է կենսաբանական բաղադրիչը՝ այս կամ այն հորմոնների առկայությունը: Դա, կոպիտ ասած, «կայֆն» է: Պարտադիր չէ, որ այդ «կայֆը» ստանան օրենքով արգելված կամ առողջության համար վտանգավոր եղանակներով: Ի վերջո, դա կարող է լինել շոկոլադի անմեղ սալիկը: Բացառված չէ նաեւ, որ, օրինակ, իշխանավորը, որը ժամը մեկ ասում է՝ «գյադեք, այս կողմ, գյադեք, այն կողմ», նույնպես ստանում է դոֆամինի կամ այլ քիմիական նյութերի որոշակի չափաբաժին:

Երկրորդ մակարդակը սոցիալ-հոգեբանական է: Առանցքն այստեղ քեզ ինչ-որ մեկի հետ, կամ ինքդ քո հետ համեմատելն է: «Այ, եթե ես այս օլիգարխի տեղը լինեի, դա ինձ կատարելապես երջանիկ կդարձներ»: «Ախ, ինչ երջանիկ էի ես 10 տարի առաջ»: «Եթե ես նոր ավտոմեքենա գնեմ (լավ պաշտոն ստանամ, պաշտպանեմ գիտական թեզս, ամուսնանամ), ես կատարելապես երջանիկ կլինեմ»: Այդ դեպքում երջանկությունը դրվում է տարածական եւ ժամանակային հարաբերակցության մեջ, եւ իրականում այդ ժամանակի ու տարածության որեւէ կետում երջանկություն, առավել եւս՝ կատարյալ երջանկություն փնտրելը, մեծ հաշվով, անիմաստ է:

Երջանկության ամենաբարձր՝ գոյաբանական (էքզիստենցիալ) մակարդակին մարդկության մեծ մասը չի հասնում: «Ինչի համար եմ ես ապրում, որն է այս կյանքում իմ կոչումը, առաքելությունը, ինչպես եմ ես դրանք կատարում»՝ սրանք են գոյաբանական հարցերը, որոնց պատասխանից է կախված մարդու, բարձր իմաստով, երջանիկ լինելը: Բայց դա այն երջանկությունը չէ, որի մասին սովորաբար երազում են եւ որը կապված է հեդոնիզմի (հաճույքների հետեւից ընկնելու), փառասիրության, փողասիրության կամ կարիերիզմի հետ: Դրանց տեսանկյունից «գոյաբանական երջանկությունը» հեչ երջանկություն էլ չի:

Բայց ավելի քան 2 հազարամյակ տեւող քրիստոնեական ավանդույթը մեզ հորդորում է գնալ հենց այդ՝ «գոյաբանական» ուղղությամբ: Ահա թե ինչպես է Աստված ճանապարհ դնում իր առաքյալներին. «Ձեր գոտիների մեջ մի՛ ունեցեք ո՛չ ոսկի, ո՛չ արծաթ, ո՛չ պղնձադրամ: Ճանապարհի համար ո՛չ պարկ վերցրեք, ո՛չ ավելորդ հագուստ, ո՛չ կոշիկ եւ ո՛չ էլ գավազան, քանզի աշխատողն արժանի է օրապահիկի» (Մատթ. 10:9.10): Մենք՝ սովորական մարդիկ դա չպիտի հասկանանք այնպես, որ պետք է սոված մնալ եւ հրաժարվել հաճույքներից: Իմ կարծիքով, խոսքն այն մասին է, որ այդ հաճույքներն ու հարմարավետությունները որեւէ լուրջ նշանակություն չպիտի ունենան մեր կյանքում, եւ մենք պետք է պատրաստ լինենք ցանկացած պահ հեշտությամբ, առանց ավելորդ հոգոցների դրանցից հրաժարվելու:

Նույն ժամանակահատվածում (1-ին դարում) մեկ այլ մշակույթի ներկայացուցիչ՝ Պլուտարքոսը, գրում էր. «Երանությունն ու երջանկությունը կայանում է ոչ թե հարստության, գործերի հաջողության մեջ, ոչ թե իշխանություն ունենալու կամ ազդեցիկ լինելու մեջ, այլ տրտմության բացակայության, անխռով հանգստության եւ բնության հետ հոգեւոր ներդաշնակության մեջ»:

 

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30