Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի շուրջ վտանգները բազմապատկվում են ոչ միայն արտաքին գործոնների, այլև՝ ներսում ընդունվող սխալ որոշումների, պառակտիչ քաղաքականության և ռազմավարական միտք չունեցող կառավարիչների հետևանքով. Վիտալի Մանգասարյան. «168 ժամ»

Հունիս 26,2025 10:18

168.am-ը «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, ռազմական փորձագետ Վիտալի Մանգասարյանի հետ զրույցում փորձեց պարզել՝ ի՞նչ խնդիր էին դրել Իսրայելը, Իրանը, և ով որքանով կարողացավ հասնել իր առջև դրված խնդրին, որքանո՞վ կարողացավ ձախողել հակառակորդի պլանները:

– Ռազմական ի՞նչ հետևություններ պետք է անել այսօրվա՝ ռուս-ուկրաինական, Իրան-Իսրայել պատերազմներից:

– Ռուս-ուկրաինական պատերազմը ցույց տվեց, որ դասական բլիցկրիգն աշխատող չէ, երբ կա դիմադրության լայն հիմք, տեխնոլոգիական ճկունություն և արտաքին օգնության հստակ տրամադրում։ Ռուսական կողմը մտադիր էր կարճ ժամանակում վերցնել Կիևը, սակայն դիմադրության կառուցվածքային կազմակերպվածությունը վերածեց պատերազմը մաշեցման երկարատև պայքարի։ Այս պատերազմը հաստատեց նաև, որ ժամանակակից պատերազմում գերիշխող չեն տանկերն ու ավանդական հրետանին, այլ՝ անօդաչու սարքերը, արբանյակային դիտարկումը և էլեկտրոնային պատերազմը։ Ավելին, պատերազմը տեղափոխվել է նաև էներգետիկ, տեղեկատվական ու դիվանագիտական ճակատներ։

Իսրայելը ցուցադրեց քաղաքացիական պաշտպանության մաստեր կլաս՝ սկսած ժամանակին տրված ազդանշաններից՝ մինչև ապաստարանների բացում և բնակչության հոգեբանական պատրաստվածություն։ Միևնույն ժամանակ, առաջին անգամ լայն հանրությունն ականատես եղավ, որ իսրայելական հակաօդային պաշտպանության փուչիկը պայթեց, քանի որ Իրանից արձակված բազմաթիվ հրթիռները հասան իրենց նպատակին։

– Հայաստանի շուրջ տեսանելի և ոչ տեսանելի ի՞նչ վտանգներ կան՝ հնարավոր էսկալացիայից մինչև «Զանգեզուրի միջանցք», և այլն:

– Հայաստանի շուրջ անվտանգային միջավայրը պատմականորեն միշտ էլ եղել է լարված, սակայն այսօր՝ 2025 թվականին, ռիսկերի մակարդակը ոչ միայն բարձր է, այլև բազմաշերտ և անկանխատեսելի։ Բնականաբար, ռիսկերը մեծ են՝ հաշվի առնելով Հայաստանի աշխարհագրական դիրքը, կիսապատերազմական հարևաններին և աշխարհաքաղաքական մեծ պետությունների շահերի բախումը հենց մեր սահմանների մոտ։ Սակայն, ցավալիորեն պետք է արձանագրել, որ գործող ՀՀ իշխանության պարագայում այդ ռիսկերը ոչ միայն չեն նվազում, այլ՝ էլ ավելի են մեծանում։

Պատճառն այն է, որ պետության ղեկավարման մակարդակում ակնհայտ է առաջնային և երկրորդական խնդիրները չտարբերակելու կարողությունը։ Մինչդեռ անվտանգային համակարգը պահանջում է խոր ռազմավարական մտածողություն, համազգային վստահություն և կոլեկտիվ կայունություն, գործող իշխանությունն իր քայլերով հակառակն է անում՝ խորացնում է հասարակական պառակտվածությունը, որն ուղիղ բացասական ազդեցություն է ունենում պաշտպանության և անվտանգության համակարգի կենսունակության վրա։

Տեսանելի ռիսկերից առաջինը «Զանգեզուրի միջանցքի» շուրջ զարգացումներն են: Եվ Ադրբեջանը շարունակում է կիրառել ճնշման քաղաքականություն՝ փորձելով ոչ միայն ճանապարհային հաղորդակցություն ապահովել դեպի Նախիջևան, այլև միջազգային իրավունքին հակառակ՝ վերահսկողություն հաստատել Հայաստանի տարածքով անցնող ճանապարհների վրա։

Հայաստանի շուրջ վտանգները բազմապատկվում են ոչ միայն՝ արտաքին գործոնների պատճառով, այլև՝ ներսում ընդունվող սխալ որոշումների, պառակտիչ քաղաքականության և ռազմավարական միտք չունեցող կառավարիչների հետևանքով։ Իսկ այդ պայմաններում անվտանգության համակարգը կարող է հայտնվել առավելագույն ճնշման տակ՝ հենց այն պահին, երբ մեզ ամենաշատն է անհրաժեշտ ուժեղ և համախմբված պետություն։

Մարիամ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ»-ում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30