Արդեն տեղեկացրել ենք, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ամառային նստաշրջանի ընթացքում Վեհաժողովում հյուրընկալվեց Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։
Այցի շրջանակներում Ուկրաինայի դեմ ագրեսիայի հանցագործության համար հատուկ դատարան՝ Ռուսաստանի դեմ տրիբունալ ստեղծելու մասին համաձայնագիր ստորագրվեց։
Կարդացեք նաև
Վոլոդիմիր Զելենսկին Եվրոպայի խորհրդի շենք հասավ նախատեսվածից շուրջ երկու ժամ ուշացումով։ Նրա այցի կապակցությամբ Ստրասբուրգում կտրուկ ավելացել էր ոստիկանների թիվը, ԵԽ-ի շենքի ողջ շրջակայքը շրջափակված էր ոստիկաններով և անվտանգության աշխատակիցներով։ ԵԽ շենքի մայթով տեղաշարժն արգելված էր․ միայն դիմացի զբոսայգով։
Նախարարների կոմիտեի հետ հանդիպման ընթացքում Ալեն Բերսեն և Վոլոդիմիր Զելենսկին առանց մամուլի ներկայության ստորագրեցին համաձայնագիրը։
Այս արարողությունից հետո արդեն միջազգային մամուլի ներկայությամբ Ալեն Բերսեն հայտարարեց․ «Ուկրաինան և Եվրոպայի խորհուրդը ստորագրել են համաձայնագիր՝ ստեղծելու Ուկրաինայի դեմ ագրեսիայի հանցագործության հատուկ դատարան։ Այս պատմական ստորագրությունը մեզ հիշեցնում է, որ միջազգային իրավունքը պետք է կիրառվի բոլորի նկատմամբ՝ առանց բացառությունների և առանց երկակի ստանդարտների։ Սա տրիբունալ է, որը դատաստան է տեսնելու զոհերի և ագրեսորների, անպատժելիության և պատասխանատվության միջև, քանի որ առանց պատասխանատվության չի կարող լինել երկարատև խաղաղություն Ուկրաինայի և ամբողջ Եվրոպայի համար»։
ԵԽ գլխավոր քարտուղարը Ուկրաինայի նախագահին ասաց՝ ԵԽ-ն Ձեր և ուկրաինացիների տունն է։
Վոլոդիմիր Զելենսկին էլ հայտարարեց՝ յուրաքանչյուր հանցագործ, ներառյալ Ռուսաստանը, պետք է իմանա, որ լինելու է արդարադատություն․ «Քաղաքական առումով մենք արդեն մեծ զարգացում ենք գրանցել և ես շնորհակալ եմ Եվրոպայի խորհրդին և Քաղաքական առումով մենք արդեն մեծ առաջընթաց ենք գրանցել, և ես շնորհակալ եմ Եվրոպայի խորհրդին և բոլոր նրանց, որոնք առաջնորդություն են ցուցաբերում: Արդարադատությունը ժամանակ է պահանջում, բայց այն պետք է տեղի ունենա, վստահ եմ: Ե′վ այսօրվա համաձայնագիրը և այս դատարանը մեզ իրական հնարավորություն են տալիս հաստատել արդարադատության ագրեսիայի հանցագործության համար: Դա անելու գործիքները մյուս ինստիտուտները չունեն, և մենք պետք է հստակ ցույց տանք. ագրեսիան հանգեցնում է պատժի։ Դա պետք է միասին իրականացնենք»։
Այս հայտարարությունը ծափերով ընդունվեց։ Վոլոդիմիր Զելենսկին խուսափեց լրագրողների հարցերին պատասխանել։ Նրանցից մեկը հարցրեց՝ ի՞նչ ուղերձ կհղեք Վրաստանին, Ուկրաինայի նախագահը հարցն անպատասխան թողեց։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ