Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախում ռուս խաղաղապահների զոհվելու վերաբերյալ փաստաթղթի լուսանկարի համար ռուս սպան 18 տարի ազատազրկման է դատապարտվել

Հունիս 26,2025 13:53

The Insider. Եկատերինբուրգի շրջանային կենտրոնական ռազմական դատարանը 18 տարի ազատազրկման է դատապարտել ռուս սպա Եվգենի Ալակաևին, որին մեղավոր են ճանաչել պետական դավաճանության, ինչպես նաև պետական գաղտնիք կազմող տեղեկությունների ապօրինի ձեռքբերման հոդվածներով։

«Մեմորիալ»-ի հաղորդմամբ՝ զինծառայողն առաջին հինգ տարին պետք է անցկացնի բանտում, իսկ մնացած ժամկետը՝ խիստ ռեժիմի գաղութում։ Նշվում է, թե մայոր Ալակաևը ամենայն հավանականությամբ ձերբակալվել է 2023 թվականի նոյեմբերին, սակայն գուցե և ավելի վաղ՝ հոկտեմբերին։

Նրա դեմ գործ է հարուցվել՝ կապված լուսանկարի հետ, որում պատկերված է եղել 2023 թ. սեպտեմբերի 20-ին Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների զոհվելու մասին տվյալներ պարունակող փաստաթուղթ:

Այդ լուսանկարը նա մեսինջերով ուղարկել իր մորը, ինչպես նաև իր ընկերոջը՝ ուկրաինական հունա-կաթոլիկ եկեղեցու հոգևորական Կոնստանտին Միրոնովին, որն Իտալիայում է ապրում։

Քննչական մարմինների վարկածով՝ փաստաթուղթը «խաղաղ պայմաններում հատուկ գործողություններ անցկացնելու ընթացքում կորուստների» վերաբերյալ գաղտնի տեղեկություններ է պարունակել, և թե Ալակաևը դրանք իբր ձեռք է բերել խաբեությամբ՝ հայտարարելով, թե փաստաթուղթը հրամանատարության հանձնարարությամբ է լուսանկարում։

Ըստ հաղորդագրության՝ այդ փաստաթուղթը գրավել է Ալակաևի ուշադրությունը, քանի որ խաղաղապահ ուժերի կազմում ի՛նքը պետք է մեկներ Լեռնային Ղարաբաղ, սակայն իր փոխարեն ուղարկվել է ծանոթ գնդապետ Թագիր-Մուրադ Կարաևը, որը զոհվել է։

Ալակաևի խոսքով՝ փաստաթղթի վրա չի եղել գաղտնի լինելու մասին նշում, և ինքը լուսանկարն ուղարկել է Կարաևի մահվան վերաբերյալ իր ապրումները կիսելու համար, քանի որ «Կարաևի փոխարեն ինքը կարող էր զոհվել»։

Բացի այդ, ըստ քննչական մարմինների՝ Ալակաևը Միրոնովի հետ նամակագրության մեջ քննարկել է նաև Ուկրաինայում ընթացող պատերազմը և, իբր, նրան փոխանցել ծառայության ընթացքում իրեն հայտնի դարձած տեղեկատվություն, այդ թվում՝ պաշտպանության ոլորտի՝ պետական և ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկություններ։

Նշվում է, թե նամակագրության ընթացքում նրանք մանրամասնորեն քննարկել են Ռուսաստանի ներխուժումը Ուկրաինա, մարտական գործողությունների ընթացքը, կորուստները, կիսվել են պատերազմի վերաբերյալ սեփական մտահոգություններով, ինչպես նաև քննադատել ՌԴ իշխանությունների քաղաքականությանը:

The Insider-ը հիշեցնում է, որ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի զինված ուժերը ռազմական գործողություններ սկսեցին, որոնք ավարտվեցին Լեռնային Ղարաբաղի գրավմամբ և էթնիկ զտմամբ, որի ընթացքում ամբողջ հայ բնակչությունը հարկադրված եղավ լքել Արցախը։

2023 թվականի սեպտեմբերի 20-ին ադրբեջանցի զինվորականները կրակ բացեցին ռուս խաղաղապահների մեքենայի վրա, ինչի հետևանքով զոհվեց 5 հոգի։

Ադրբեջանի իշխանությունները հայտարարեցին, թե ռուսների վրա սխալմամբ են կրակել՝ կարծելով, թե հայկական ուժեր են։

2024 թվականի գարնանը ռուս խաղաղապահները լքեցին Լեռնային Ղարաբաղը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30