Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե այլընտրանքը լինի Ադրբեջանին հեռացնելը Եվրոպայի խորհրդից, Ալիևը կնստի սեղանի շուրջ»․ Ադրբեջանի հարցերով զեկուցող

Հունիս 26,2025 14:28

«Ադրբեջանի նախագահին անհրաժեշտ է միջազգային վարկանիշ, ահա թե ինչու Ադրբեջանը շարունակում է մնալ Նախարարների կոմիտեում։ Դա կարևոր է նաև Ադրբեջանի նախագահի համար։ Եթե այլընտրանքը լինի նրան հեռացնելն այս կազմակերպությունից, նա կնստի նույն սեղանի շուրջ»,- Aravot.am-ի դիտարկմանը՝ ինչպե՞ս պետք է Իլհամ Ալիևին նստեցնեք սեղանի շուրջ բանակցությունների, երբ նա հրաժարվում է կատարել անգամ ՄԻԵԴ որոշումները, սև ցուցակում է ներառել ԵԽԽՎ նախագահին, այսպես պատասխանեց Ադրբեջանի հարցերով զեկուցող, նորվեգացի պատգամավոր Լիզ Քրիստոֆերսենը։

Նա ասաց, որ նախատեսում են համատեղ ընթացակարգի իրականացում, որում ներգրավված կլինեն ԵԽԽՎ-ն, Նախարարների կոմիտեն և Ադրբեջանը․ «Համատեղ ընթացակարգը նշանակում է նստել նույն սեղանի շուրջ։ Մենք պետք է գործողությունների պլան մշակենք, Ադրբեջանը պետք է հանձնառություն ստանձնի, որ կատարում է իր պարտավորությունները, և միայն դրանից հետո հնարավոր է քննարկվի նրանց հավատարմագրերի վերականգնման հարցը»։

Մեր փաստմանը՝ Բաքվում տեղի են ունենում հայ ռազմագերիների դատավարություններ առանց միջազգային ներկայության և հարցին՝ ի՞նչ գործիքակազմ ունի ԵԽԽՎ-ն Ադրբեջանին պարտավորեցնելու, որ կատարի իր միջազգային պարտավորությունները և թույլ տա իրավապաշտպան կազմակերպություններին մասնակցել հայ ռազմագերիների դատավարություններին, Լիզ Քրիստոֆերսենը պատասխանեց․ «Ես վերջին անգամ Ադրբեջանում եղել եմ 2023-ի նոյեմբերին։ Ես այդ ժամանակ Ադրբեջանի արդարադատության նախարարի համաձայնությունն ունեի, որ այցի շրջանակներում պետք է այցելենք նաև 6 բանտարկյալի՝ մարդու իրավունքների պաշտպաններ և լրագրողներ։ Մեզ թույլ չտվեցին տեսնել նրանց՝ ասելով, որ իրենք ոչինչ չգիտեն նրանց մասին, նրանք քաղաքական բանտարկյալներ չեն, հանցագործներ են։ Այդ ժամանակ մեր նպատակն էր այցելել Ադրբեջանի քաղաքական բանտարկյալներին, բայց Ադրբեջանի մասին՝ մեր զեկույցում նշել ենք նաև հայ ռազմագերիների մասին։ Ցավոք, այդ զեկույցը չենք կարողացել քննարկել, քանի որ ադրբեջանական պատվիրակությունը չի մասնակցում Վեհաժողովի աշխատանքներին»։

Հետաքրքրվեցինք՝ իսկ 2024-ին ինչո՞ւ չի գնացել Ադրբեջան, Լիզ Քրիստոֆերսոնը պատասխանեց․ «ԵԽԽՎ կանոնակարգի համաձայն՝ պետք է ազգային պատվիրակությունը մեզ հյուրընկալի։ Սակայն քանի որ ադրբեջանական պատվիրակությունը չի մասնակցում Վեհաժողովի աշխատանքներին, մենք չունենք գործընկեր Ադրբեջանում։ Այսպիսով, մենք չենք կարող մեկնել Ադրբեջան պաշտոնական փաստահավաք առաքելության։ Միգուցե Նախարարների կոմիտեն կարողանա այցելել»։

Լիզ Քրիստոֆերսոնը դատապարտեց ԵԽԽՎ նախագահի նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվողը՝ հայտարարելով, որ Ադրբեջանը, լինելով ԵԽԽՎ անդամ դրա իրավունքը չունի․ «Ադրբեջանը պետք է հասկանա այս իրավիճակի լրջությունը։ Դրա համար կարծում եմ համատեղ ընթացակարգը Ադրբեջանի և Եվրոպայի խորհրդի միջև կարող է լինել մեկնակետ, որովհետև ի վերջո, եթե համատեղ ընթացակարգը չաշխատի, եթե համաձայնությունը չկայանա, վերջական փուլը պետք է լինի նրանց հեռացնելն այս կազմակերպությունից»։ Մեր դիտարկմանը՝ չե՞ք կարծում, որ դա շատ ուշ կլինի, Ադրբեջանի հարցով զեկուցողն այսպես արձագանքեց․ «Վստահ չեմ, բայց մենք պետք է փորձենք հանուն Ադրբեջանի քաղաքացիների»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Ստրասբուրգ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30