Լրահոս
Օրվա լրահոսը

Եվ այս ամենով հանդերձ՝ Սուրեն Պապիկյանն այսօր զբաղեցնում է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը. Արմեն Այվազյան

Հունիս 26,2025 15:12

Քաղաքական գիտությունների դոկտոր Արմեն Այվազյանի ֆեյսբուքյան գրառումը

Հայաստանում երեք հիմնարար կառույց կա, որոնց ես, եթե սուր անհրաժեշտություն չկա, չեմ շտապում քննադատել՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին, Հայկական բանակը (ներառյալ ՀՀ պաշտպանության նախարարությունը) և Մաշտոցի անվան Մատենադարանը։ Կարծում եմ՝ պատճառներն ինքնին հասկանալի են. այս կառույցները Հայաստանի գոյության և ազգային ոգու հիմքն ու հարատևության երաշխիքն են։

Սակայն այսօր ստիպված եմ արձագանքել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի մի չափազանց ուշագրավ գրառմանը։

Ահա այն.
«Ահաբեկչական խմբավորման անհայրենի՛ք պարագլուխներ, երբ հավուր պատշաճի կճաշակեք պետական ինստիտուտների համարժեք պատասխանը, փոխանցեք ձեր տերերին, որ ՀՀ-ում սահմանադրականությունն ու ժողովրդի իշխանությունն այլընտրանք չունեն։

Դավաճա՛ն սրիկաներ, ՁԵՐ ՀՈՐԻՆԱԾ ՎԱՍԱԿ ՍՅՈՒՆՈՒ ճակատագրին երանի եք տալու։ Պապիկյան»։

Փորձենք հասկանալ, թե ինչ է ուզում ասել Պապիկյանը՝ «ՁԵՐ ՀՈՐԻՆԱԾ ՎԱՍԱԿ ՍՅՈՒՆՈՒ» արտահայտությամբ։

Արդյո՞ք նա պնդում է, թե այդպիսի պատմական դեմք՝ 5-րդ դարի կեսերին Հայաստանի պարսկական մասի մարզպան, երբեք գոյություն չի ունեցել։ Թե՞ ակնարկում է, որ Վասակ Սյունու կերպարը աղճատվել է՝ ներկայացվելով որպես մատնիչ և դավաճան։ Բայց եթե մարզպան Վասակ Սյունին «հորինվածք» է, ուրեմն սպարապետ Վարդան Մամիկոնյանն էլ պիտի «չլինի»։ Եթե Վասակ Սյունու կերպարը աղճատվել է, ուրեմն Վարդան Մամիկոնյանի կերպարն էլ է աղճատվել՝ առաջինը դավաճան չէ, իսկ երկրորդը՝ հերոս չէ։ Հետևաբար՝ ո՛չ էլ հայ-պարսկական պատերազմ ու Ավարայրի ճակատամարտ է եղել։ Այս է Պապիկյանի ասածի ամբողջ բովանդակությունն ու իմաստը։

Սրանք հակագիտական, հակապատմական և խորապես անհեթեթ տեսակետներ են, որոնք կարող են թույլ տալ իրենց միայն հայոց պատմության օտարավճար կեղծարարներն ու նրանց հետևորդները։

Բայց առավել հետաքրքիր է այն հանգամանքը, որ Վասակ Սյունուն «հորինելու» մեջ Պապիկյանը մեղադրում է երեկ ՀՀ-ում ձերբակալված անձանց (!!!)՝ ում կոչում է «դավաճան սրիկաներ» և «ահաբեկչական խմբավորման անհայրենի՛ք պարագլուխներ»։

ԵՊՀ պատմության ֆակուլտետն ավարտած Պապիկյանը չի կարող չիմանալ, որ 440-450-ական թթ. հայոց պատմությունը շարադրել են հայոց ոսկեդարի մեծագույն պատմիչները՝ Կորյունը, Եղիշե վարդապետը և Ղազար Փարպեցին, իսկ ավելի ուշ՝ նաև այլ խոշոր մատենագիրները՝ Թովմա Արծրունին, Վարդան Մեծը, Ստեփանոս Օրբելյանը և մյուսները, որոնք բոլորն էլ եղել են հոգևորականներ։

Այս փաստից բխող միակ տրամաբանական եզրակացությունն այն է, որ Պապիկյանը ձերբակալված Բագրատ սրբազանի կերպարում տեսնում է հենց այդ՝ վերոնշյալ պատմիչների և Հայ Առաքելական Եկեղեցու ներկայացուցիչների շարունակականությունը՝ նույնացնելով բոլորին։

Այսինքն՝ Պապիկյանը «դավաճան սրիկաների» և «ահաբեկչական խմբավորման անհայրենի՛ք պարագլուխների» տակ հասկանում է նաև հայոց թվարկված մեծերին և, ի դեմս նրանց, Հայոց Եկեղեցին ամբողջությամբ՝ հին ժամանակներից մինչև մեր օրերը։ Ճիշտ այնպես՝ ինչպես վերջին տասնամյակներին հայոց պատմությունը սևացնում են հայրենասերի պատմուճան հագած որոշ կեղծ-պատմաբանները (ցավոք սրտի՝ առանց արժանի հակահարված ստանալու մեր Եկեղեցուց կամ պատմագիտական հանրույթից)։

Կարճ ասած՝ Պապիկյանը ատում է Հայոց Եկեղեցին և նրա սպասավորներին, ատում է ոսկեդարի հայ պատմիչներին, ատում է մեր ռազմական պատմությունը և ատում է մեր հերոսներին՝ հատկապես նրանց գլխավոր խորհրդանիշ սպարապետ Վարդան Մամիկոնյանին։

Եվ այս ամենով հանդերձ՝ Սուրեն Պապիկյանն այսօր զբաղեցնում է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը։
Վերջ։

Հ.Գ. Վասակ Սյունու և Ավարայրի ճակատամարտի վերաբերյալ կեղծ մեկնաբանությունների մասին շատ եմ գրել՝ ներքևում կզետեղեմ մեկ-երկու հղում։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30