ԱԶԳԱՅԻՆ-ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԲԵՎԵՌԻ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և Սրբազան շարժման մի շարք անդամների ձերբակալությունների և կալանավորումների վերաբերյալ
Ազգային-ժողովրդավարական բևեռը դատապարտում է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և Սրբազան շարժման մի շարք անդամների նկատմամբ ՀՀ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները, ինչպես նաև նրանց ծանր մեղադրանքների առաջադրումը։
Գործող վարչախմբի կողմից այս հերթական ապօրինի գործողությունները, որոնք ներկայացվում են որպես իրավական գործընթաց, իրականում կրում են քաղաքական հաշվեհարդարի հստակ բնույթ, քանի որ ի սկզբանե ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնողը և իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչները ուղղորդել են իրավապահներին՝ կատարելով բացահայտ քաղաքական դրդապատճառներով հայտարարություններ։ Նման միջամտությունը խաթարում է դատարանների անկախությունն ու օրենքի գերակայության սկզբունքը։
Իրավապահ մարմինների կողմից իրականացված այսպիսի կոշտ գործողությունները ոչ միայն զուրկ են բավարար իրավական հիմքերից, այլև հիմնվում են խոտոր ընթացակարգով ձեռք բերված հետևությունների և իրավական առումով խիստ կասկածելի ու անհամաչափ մեղադրանքների վրա։
Կարդացեք նաև
Անձանց անմեղության կանխավարկածը խախտվել է դեռևս պաշտոնական գործընթացի մեկնարկից առաջ՝ իշխանության ներկայացուցիչների քաղաքական մեկնաբանությունների և ուղղորդված քարոզչության հետևանքով։
Ազգային-ժողովրդավարական Բևեռը հաստատակամ է շարունակելու պայքարը՝ հանուն ազգային արժանապատվության, անկախ պետականության և ժողովրդի ինքնիշխան կամքի ազատ արտահայտման։ Միաժամանակ Ազգային-ժողովրդավարական Բևեռը վերահաստատում է իր հանձնառությունը՝ պայքարելու ժողովրդավարության, օրենքի գերակայության և մարդու իրավունքների պաշտպանության համար։
Կոչ ենք անում միջազգային հանրությանը և իրավապաշտպան կառույցներին հստակ դիրքորոշում արտահայտել կոլաբորացիոն ռեժիմի կողմից Հայաստանում մարդու իրավունքների շարունակական ոտնահարումների առնչությամբ։
Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհուրդ